Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան համար 38 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լեյլի Հմայակի Մատինյանը շատ սիրված է ոչ միայն դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, այլև աշակերտների կողմից նաև որպես պատմության ուսուցչուհի: Արդյոք դժվար չէ համատեղել անձնվեր աշխատանքը, լինել նվիրված մայր և դրա հետ մեկտեղ ձգտել կատարելագործման. զրուցել ենք Լ. Մատինյանի հետ:
-Տիկի՜ն Մատինյան, գիտեմ, որ հիմա նաև սովորում եք ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսում: Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը, ընտանիքը և նոր կրթությունը:
-Այո՛, կրթությունն ունի իր դժվարությունը: Դժվարություն զբաղվածության և համատեղելու առումով` ընտանիք, աշխատանք, բայց երբ այդ ամենն անում ես սիրով և նվիրումով, ստանձնած գործիդ նկատմամբ մեծ պատասխանատվությամբ` չպակասեցնելով ոչ մեկի հասանելիքը, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է, հասարակության հիմքը, ուստի ամուր, կիրթ ընտանիքը, որը նաև ժողովրդի գոյության, պահպանման անհրաժեշտ գործոններից մեկն է, համարում եմ կյանքի հիմնաքարը և ամեն ինչ սկսում ընտանիքից:
Նույնքան պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով եմ կատարում իմ աշխատանքը: Ուսուցչի բարոյական պատասխանատվությունն է յուրաքանչյուր աշակերտի հնարավոր լավագույն կրթություն տալը, ուստի քո զբաղվածությունը ոչ մի կերպ չպետք է անդրադառնա աշակերտի կրթության վրա: Ամեն օրս պլանավորում եմ, անելիքներս՝ համեմում սիրով, հասցնում ու համատեղում ընտանիք, աշխատանք, կրթություն:
– Մեր երկրի ՝ առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում ինչո՞ւ որոշեցիք երկրորդ բարձրագույն կրթությունն ստանալ:
– Երբ ստեղծել ես ընտանիք, ջերմություն, աշխատանք, ընկերություն, շատ ճիշտ ժամանակն է զբաղվելու ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, ձգտելու կատարելագործման: Հենց այդ կատարելագործման ձգտումն էլ մղեց սովորելու: Ուզում եմ ավելի ընդլայնել աշխարհայացքս, գիտելիքներս, դառնալ ավելի քան պայքարող ու մրցունակ և իմ օրինակով դաստիարակել երեխաներիս:
–Թավշյա հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ տեսնո՞ւմ եք հայ կնոջ մեջ՝ որպես ղեկավարի և առաջնորդի:
-Ինչպես բոլոր ժամանակներում, Թավշյա հեղափոխությունից հետո ևս, կարևորում եմ կնոջ դերը` ընտանիքից սկսած, ամուսնուն զորավիգ լինելուց մինչև առաջնորդ, լիդեր: Պատմությունը փաստում է, որ մենք ունեցել ենք նաև կին թագավորներ` Էրատո, Փառանձեմ, Զապել: Դեռևս 12-րդ դարում Մխիթար Գոշն ասել է. «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»: Ուրեմն պետք է հզորանանք, իսկ հզորանում են կրթությամբ և ռազմավարությամբ:
-Ի՞նչը կփոխեիք մեր իրականության մեջ կնոջ կերպարում:
-Թերևս կանացի շրջապատում իմ չհավանած երկու երևույթները` անդեմությունն ու ծառայամտությունը:
Նորա Ղազարյան
2-րդ կուրս