ԴԱ ՊԱՏԱՀԵԼ Է ՎԱՂԸ

ԴԱ ՊԱՏԱՀԵԼ Է ՎԱՂԸ

1035

Արդեն երեկո էր։ Փողոցի լույսերը վառվել էին։ Մոտենում էի կանգառին, երբ կողքովս արագ անցավ իմ ավտոբուսը։ Սկսեցի վազել՝ հույս ունենալով, որ կհասնեմ։ Վազեցի, բայց․․․ մայթեզրի այդ քարը։ Ընկա բերնքսիվայր․․․

Արթնացա երազի մեջ ընկնելու այդ անհարմար զգացողությունից։ Արդեն ուշ էր (զարթուցիչս չէր կարողացել ինձ հանել քնից)։ Աշխատանքի էի։

Լրագրողներիս համար աշխատանքային հստակ գրաֆիկ չկա, բայց մենք էլի ուշանում ենք։

Կարևոր միջոցառում կար։ Շրջիկ կրկեսը՝ կենդանիներով, ծաղրածուներով ու ակրոբատներով, անցնելու էր Մաշտոցի փողոցով։ Չեմ հիշում՝ վերջին անգամ այսպիսի շոու երբ էր եղել Երևանում։ Գուցե չէր էլ եղել։ Լուսաբանելու պարտականությունն ինձ վրա էին դրել։

Արագ վերցրի անհրաժեշտ իրերն ու դուրս թռա։ Այս անգամ ավտոբուսին հասա առանց ընկնելու կամ վազելու։

Արդեն հասնում էինք։ Զարմացա, որ ավտոբուսը շարունակում է առաջանալ Պրոսպեկտով։ Կանգառներից մեկում իջա։ Փաստորեն, փողոցը ծայրից ծայր չեն փակել։ Մարդկանց մեծ բազմություն էլ չկար։ Նայեցի ժամացույցիս. 40 րոպե ուշացել էի։ Տագնապալի մտքերը սկսեցին պտտվել ուղեղումս ու հարվածել նյարդային համակարգիս։ Համոզված էի, որ բանը բանից անցել է, ամեն ինչ վերջացել է, մարդիկ ցրվել են, երթևեկությունն էլ վերականգնվել է։ Ինքս ինձ վրա բարկացած՝ նստեցի կանգառում, հանեցի համակարգիչս ու սկսեցի լուսաբանել միջոցառումը։

Գրեցի վագրերի, պարող շունիկների, կրակներով ֆոկուսների, ակրոբատիկ ցատկերի, զվարճալի ծաղրածուների, մարդկանց բազմության ու բուռն ծափահարությունների մասին։ Որպեսզի կենդանի լինի նյութս, ավելացրի հարցազրույցներ հանդիսատեսի հետ, գրեցի նաև կապիկներին վարժեցնողի պատմությունը։ Նյութն ամբողջացնելու համար նշեցի, թե որտեղից էր եկել շրջիկ կրկեսը, ներկայացումներ երբ էր ունենալու և մյուս անգամ Հայաստանի որ քաղաքներում էր լինելու։ Միայն կազմակերպիչների հետ կապ հաստատել չկարողացա։ Համացանցում էլ փնտրելով՝ հասկացա, որ դեռ մեդիայում այս մասին լուր չի եղել, երևի երեկոյան եթերին կասեն։

Իմ աշխատանքից գոհ՝ նյութն ուղարկեցի խմբագրիս, ներողություն խնդրեցի կազմակերպիչների հետ չխոսելու համար։  Նստեցի սրճարանում նախաճաշելու և նյութիս հրապարակմանը սպասելու։ Րոպեներ անց խմբագրիցս նամակ ստացա։

«Լավ է գրված, բայց դա պատահել է վաղը»։

Չհասկացա՝ ինչ է գրել։ Մինչև փորձում էի գրածը ճիշտ ժամանակաձևով դնել ու վերծանել, հեռախոսս հիշեցում ուղարկեց, թե վաղը կրկեսի նյութը պիտի լուսաբանեմ։

Լավ երևակայությանս համար ինձ աշխատանքից չհեռացրին։

Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս

Կիսվել