«ՄԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՕՐՈՐՈՑՆԵՐԸ ԽԱԶՈՒՄ» ԷԻՆՔ․ ԷՐԿԱ ՓԱԼԱԴՈՒԶՅԱՆԸ՝ ՇԱՄՇԱԴԻՆԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ...

«ՄԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՕՐՈՐՈՑՆԵՐԸ ԽԱԶՈՒՄ» ԷԻՆՔ․ ԷՐԿԱ ՓԱԼԱԴՈՒԶՅԱՆԸ՝ ՇԱՄՇԱԴԻՆԻ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

2025

Հայկական ավանդական հարսանիքը մեծ շուքով նշվող ծեսերից է մեր հասարակությունում։ Դեռ հնուց ժառանգած և մինչ օրս պահպանված (նաև չպահպանված) հարսանեկան ավանդույթների մասին է պատմում Բերդ քաղաքի բնակչուհի 79-ամյա Էրկա Փալանդուզյանը։

Դեռ քսաներորդ դարասկզբին Շամշադինում (Բերդի տարածաշրջան) կար «Օրորոցը խազելու» ավանդույթ: Էրկա տատը պատմեց. «Օրինակ՝ ես ունեմ տղա, իսկ իմ հարևանը՝ աղջիկ: Մենք մեր բարեկամությունը սկսելու և հաստատելու համար «օրորոցները խազում» ենք, այսինքն՝ հենց սկզբից որոշում ենք, որ մեր երեխաները պետք է մեծանան ու իրար ուզեն, դա դրժել չէր կարելի, չգրված օրենք էր։ Իմ մոր օրորոցն էլ էին խազել»:

Հարսանիքին նախորդող նշանդրեքի արարողությունը կարևոր պայման է եղել հայ հասարակությունում։ Մոտ մեկ դար առաջ նշանդրեքին մատանի տանելու ավանդույթ դեռ չկար։ Հարսի տուն գնալիս՝ փեսայի կողմը տանում էր սանր, հուլունքից վզնոցներ, խնձոր, ընկույզ, գաթա, անասուններ, իսկ հարսին՝ մեծ, երկար կտոր (ատրեզ)` շոր կարելու համար։ Էրկա տատը պատմում է, որ անձամբ ինքը ղոչ (մանր եղջերավոր կենդանի) է տարել իր երկու հարսների համար։

Աղջկա կողմն ապագա խնամիներին ընդունելիս սեղանին դնում էր չորացրած հատիկ (գիլա) լոբի, կաղամբի թթու, պանիր, տնական մեծ, կլոր հաց, ընդ  որում՝ չորս մասի բաժանած, որ այդ պահին չկերած հացը չմնա, փչանա։

Էրկա Փալանդուզյանը պատմեզ, որ ապագա հարսնացուն վերցնում էր մատուցարանը, որի վրա դրված էին բաժակներն ու մի շիշ օղի: Նա մանրամասնեց. «Ու եթե աղջիկը (ապագա հարսնացուն) տալիս էր իր համաձայնությունը, առաջին բաժակը պետք է լցներ և տար փեսային, երկրորդ բաժակը տար իր հորը, երրորդը՝ տղայի հորը։ Այսքանն անելուց հետո սեղանի մի ծայրից սկսում էր բաժանել օղու բաժակները, և այդպես իրար շնորհավորում էին»:

Հարսանիքին նախապատրաստվելիս հարսի կողմը խմոր էր պատրաստում, հաց թխում: Այդ արարողությանը հրավիրվում էր փեսայի կողմը, որը պետք է գար շնորհավորեր, ընդ որում՝ նվերներով։ Խմորը պետք է հունցեր տան տերերից մեկը, իսկ թթխմորը պետք է նախօրոք պատրաստեր չամուսնացած (ազաբ) աղջիկը։

Փեսայի տանն ամուսնության նախօրդ օրը հավաքվում էին մոտ ազգականներով՝ տոնում, շնորհավորում։ Հարսանիքի օրը զուռնա-դհոլով գնում էին քավորի տուն, որպեսզի քավորին պատվով բերեն փեսայի օջախ, որից հետո ձիով շարժվում էին հարսի տուն՝ նրան բերելու։ Խնամիների բակում փեսայի հարազատները սկուտեղներով պարում էին։ Սկուտեղների մեջ հարսի համար նվերներ էին լինում՝ քաղցրավենիք, խնձոր, ընկույզ, հարսի կոշիկներն ու շորը։ Էրկա տատի ներկայացմամբ՝ հարսի շորը մեզանում ընդունված սպիտակ շորը չէր, այլ սովորական, առօրյա, բայց միևնույն ժամանակ այդ օրվա համար կարված հագուստ էր։ Պարի ընթացքում ավանդույթ կար, համաձայն որի՝ որևէ մեկը փախցնում էր հարսի կոշիկը, և այն վերադարձնելու համար՝ փեսայի կողմը պետք է «գողացողին» նվեր տար։

 Հարսանիքին մասնակցում էին նաև հարսնաքույրը՝ հարսի կողմից և ազաբ բաշին՝ փեսայի կողմից։ Մեր օրերի ազաբ բաշու ձեռքին լինում է թուր՝ զարդարված կոնֆետներով, խնձորով, կոպեկներով, իսկ հնում ազաբը շախ էր պարեցնում: Էրկա Փալանդուզյանը բացատրեց.  «Շախը ծառ էր՝ ճյուղերով, զարդարում էին խնձորներով, ընկույզներով, կոնֆետներով, իսկ եթե կոնֆետ չէր լինում, թղթերում հաց էինք փաթաթում ու կախում շախից։ Որ հիմա ասում ենք՝ շախ անենք, քեֆ անենք, ա՛յ, հենց այդ շախից է եկել, այսինքն՝ պարենք-ուրախանանք»,- բացատրում է Էրկա տատը։

Հարսի տանը քեֆ անելուց հետո, հարսին ձիով բերում էին տղայի տուն։ Ափսեները, որ պետք է ջարդվեին տղայի տան շեմին, բերում էին հարսի տնից։

 «Հարսը սեղանի վրայով էր գնում փեսի կողքին նստելու: Այն ժամանակներում սեղանները նեղ էին դրած, հետո, երբ բոլորը նստում էին (այդ ընթացքում հարսը հանգստանում էր, պատրաստվում) հարսին տեղ չէր մնում անցնեու համար։ Սեղանի վրա տեղ էին ազատում, որպեսզի հարսը և հարսնաքույրը անցնեն ու նստեն իրենց տեղերը: Ես էլ եմ այդպես անցել»,- հիշում է զրուցակիցս։

 Հարսնիքի ընթացքում հարսի գրկին երեխա էին դնում, պարտադիր՝ տղա, որ առաջնեկը տղա լինի։ Փեսայի տանը հարսին պարեցնել սկսում էր քավորակինը, նաև ազաբը։ Հարսի հավաքած գումարն էլ տալիս էին նվագողներին, ավանդույթ էր։

 Հարսանիքների կարևոր գործող անձանցից էր լինում թամադան։ Վերջինս պետք է լիներ ազգի մեծերից, նշանավոր և հարգված մարդ։ Թամադան առաջինը խմում էր զույգի կենացը, հետո ծնողների ու բարեկամների։

«Հարսանիքի հաջորդ օրը հարսի տուն «կարմիր խնձոր» էին տանում, որը վկայում էր, որ «հարսը պատվով է»։ Տանում էր ազաբ աղջիկ։ Հավաքվում էին թաղի կանայք, տղամարդկանց ներկայությունն արգելվում էր. ամոթ էր»,- ասում է Էրկա տատը։

Հարսանիքից մի քանի օր հետո հարսին ուղարկում էին հայրական տուն՝ դարձի։ Նրան տանում էր փեսան՝ նվերներով ու քաղցրավենիքով։

 Լիա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել