ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ

1077

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, վերջին շրջանում ի հայտ եկած վարակի տարածումը կանխարգելելու նպատակով,  սահմանափակվել են մուտքային և ելքային չվերթները: Իսկ ինչպե՞ս կարող են Հայաստանում գտնվող զբոսաշրջիկները վերադառնալ իրենց երկիր,  ի՞նչ կորուստներ են կրում ստեղծված իրավիճակում տուրիստական ընկերությունները, պարզաբանում է «ԱրմեՏուր» տուրիստական գործակալության տնօրեն Աշոտ Պետրոսյանը:

-Պարո′ն Պետրոսյան, արտակարգ դրությամբ պայմանավորված, ի՞նչ փոփոխություններ են եղել չվերթների հետ կապված Հայաստան եկած զբոսաշրջիկները կարողանու՞մ են կրկին վերադառնալ իրենց երկիր, և եթե այո` ի՞նչ եղանակով:

– Գրեթե բոլոր չվերթները չեղարկված են։ Այս պահին չվերթներ կան դեպի Ռուսաստան, մի քանի այլ ուղղություններ՝  օրական ընդամենը 1-2 անգամ, ինչպես նաև մի քանիսը՝ դեպի եվրոպական մայրաքաղաքներ: Ռուսաստանից եկած մեր զբոսաշրջիկները, որոնք ժամանել էին մինչև մարտի 14-ը,  բարեհաջող լքեցին Հայաստանը։ Որոշ թռիչքներ չեղարկվել էին, այդ իսկ պատճառով նրանք վերադարձան որոշակի օրերի փոփոխությամբ։ Քանի որ մենք զբաղվում ենք ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա զբոսաշրջությամբ, ասեմ, որ ներգնայի մասով տարին ակտիվ չէր սկսվել ու խնդիրներ  չեղան: Իսկ բոլոր նրանք, ովքեր մինչև ապրիլի կես պետք է գային,  իհարկե  չեղարկել են իրենց ճամփորդությունը  մինչև ապրիլի կես՝ մինչև արտակարգ դրության  ռեժիմի ժամկետի ավարտը: Իսկ արտագնա զբոսաշրության մասով ապրիլին ունեինք երկու խմբային տուր դեպի Գերմանիա, Չեխիա և դեպի Սանկտ Պետերբուրգ․ երկուսն էլ տեղափոխվել են աշնան ամիսներին։

 –Եթե զբոսաշրջիկը տոմսը նախքան արտակարգ դրություն սահմանվելն  է ամրագրել, ապա այդ դեպքում  ի՞նչ է լինում տուրիստական ընկերությունը պատրա՞ստ է ետ վճարել գումարը։

Եթե նկատի ունեք մեր այն քաղաքացիներին, որոնք նախապես  գնել էին արտասահման մեկնելու  տոմսեր, ապա դա կախված  է կոնկրետ դեպքից: Եթե ավիաընկերությունը չեղարկում է այդ թռիչքը (օրինակ՝ RyanAir ընկերությունը  չեկաղարկեց չվերթը  դեպի Միլան), ապա, որպես կանոն, կա երկու տարբերակ՝ կամ վերադարձվում է գումարը, կամ առաջարկվում է տեղափոխել թռիչքի ամաթիվը: Իսկ եթե թռիչքը չի չեղարկվում, ապա ոչ մի փոխհատուցում չկա: Օրինակ՝ օրերս եղավ Վիեննա-Երևան-Վիեննա RyanAir-ի  թռիչքը․ քանի որ թռիչքը եղել է, տոմսի արժեքը չի փոխհատուցվել»:

Իսկ չվերթների սահմանափակումները և երկրում տիրող իրավիճակը  ի՞նչ հետևանքներ կարող է թողնել  տուրիստական ընկերությունների վրա:

-Հետևանքները, իհարկե, ցանկալի չեն։ Հնարավոր է՝ երկու ազդեցություն լինի․ առաջինը ` տուրիստական ընկերությունների արդեն իսկ կատարած ծախսերը․ այստեղ, կարծում եմ, փոքր ու միջին տուրիստական ընկերությունները պետք է որ ծախսերի հետ կապված կորուստներ չկրեն, քանի որ ամրագրումների մեծ մասը չեղարկվում է, գումարը վերադառնում է, եթե, իհարկե, տուրիստական ընկերությունը նորմալ գործընկերներ է ունեցել: Խոշորներ տուրիստական ընկերությունների  դեպքում մի քիչ ավելի բարդ է․ նրանք, որոնք   ունեին  չվերթներ,  չարտերներ, կարծում եմ՝ որոշակիորեն տուժել են:Իսկ  երկրորդ հետևանքը, որից տուժել են  բոլոր տուրիստական ընկերությունները՝  առաջիկա սպասվելիք շահույթն է։ Այս պահին, փաստացի, որեւէ մեկը  չի աշխատում, բայց, անկախ ամեն ինչից, պետք է հարկ, տարածքի վարձ և աշխատավարձ  վճարի․բոլորն էլ տուժել են։

Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս

Կիսվել