Զրուցակիցս Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանող, գեղանկարիչ Հարություն Հարությունյանն է:
Ի՞նչ է ձեզ համար նկարչությունը և ի՞նչպես որոշեցիք ընտրել հենց նկարչի մասնագիտությունը:
Նկարչությունը ինձ համար շատ հոգեհարազատ ու հանգիստ միջավայր է: Չնայած նրան, որ այդ միջավայրում ժամանակ առ ժամանակ ունենում եմ անհանգիստ ապրումներ, բայց միևնույնն է, այն ինձ համար շարունակում է մնալ հանգստության աղբյուր: Ես շատ փոքր տարիքից եմ սիրել նկարել, ու, իմ կարծիքով, նկարչություն սիրող մարդկանց մեծամասնությունը այն դարձնում է ապրելակերպ, որն էլ իր հերթին դիտվում է որպես մասնագիտություն:
Ձեր խոսքում նշեցիք, որ հաճախ եք ունենում անհանգիստ ապրումներ: Այդ ապրումները տեղ գտնու՞մ են ձեր նկարներում. դուք տրամադրության նկարի՞չ եք:
Անհանգիստ ապրումներն առաջանում են այն պահերին, երբ չես կարողանում նկարիդ հաղորդել քո հոգին կամ քո ձեռագիրը: Նկարչությունը անսահման զգացմունքների և զգացողությունների աշխարհ է, որտեղ միշտ էլ սովորել է պետք: Ճիշտ է, յուրաքանչյուրն ունի իր առանձնհատուկ տեխնիկան ու ձեռագիրը, բայց կան պահեր, երբ գիտելիքներիդ պաշարը թույլ չի տալիս անել այն, ինչ ուզում ես: Իսկ ինչ վերաբերվում է տրամադրության նկարիչ լինելուն, կասեմ, որ ես չեմ նկարում իմ տրամադրությունը: Եթե տրամադրությունս լավ է, շարունակում եմ նկարիս հաղորդել այն, ինչի համար սկսել եմ, իսկ վատ տրամադրություն ունենալու դեպքում՝ ուղղակի աշխատում եմ չնկարել, չնայած նրան, որ ինձ ձգում են իմ նկարները:
Կարող ենք ասել, որ յուրահատուկ ձեռագիր ունեցող նկարիչ դառնալու համար կարևոր է նաև կրթությունը:
Բնականաբար. ինքս սովորում եմ Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարչության բաժնում: Իմ կարծիքով ինքնուս նկարիչը չի կարող հասկանալ արվեստի լուսավոր և մութ կողմերը: Ճիշտ է, նկարչությունը պահանջում է անկեղծություն և հոգի, բայց այդ ամենը կտավին փոխանցելու համար խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում: Դրանք լավագույնս լուծելու համար պետք է ունենալ բավականաչափ կրթություն:
Կան նկարիչներ, որոնք իրենց կտավներում օգտագործում են իրենց էությանը բնորոշ գույներ: Ո՞րոնք են ձեր գույները:
Հիշելով Մ. Սարյանի «Դեղինները»՝ չեմ կարող պնդել, որ նկարիչները չունեն հոգեհարազատ գույներ, բայց ես չունեմ երանգներ, որոնք համարում եմ ինձ բնորոշող: Իմ պարագայում այն կախված է տրամադրությունից, նկարի բնույթից, նաև լինում են դեպքեր, որ կախված է լինում գունային խնդրին ճիշտ գույնով լուծում տալու անհրաժեշտությունից:
Նշեցիք Մ. Սարյանին և իր «Դեղինները», հետաքրքիր է իմանալ ունե՞ք սիրած կամ նախընտրելի նկարիչ, ում ստեղծագործությունները ձեզ համար եղել են հաճելի օրինակ:
Ճիշտն ասած շատ նկարիչների եմ ուսումնասիրել, շատ ստեղծագործություններ են ինձ դուր եկել, զարմացրել, բայց, որպես օրինակ, նախկինում դեռ ոչ մի նկարիչ չի եղել: Փորձել եմ ընդօրինակել նրանց, ովքեր ինձ զարմացրել են իրենց տեխնիկայով, բայց նույն տեխնիկան կիրառելու փորձերս այդքան էլ հաջող չեն ստացվել: Դրա համար էլ ավելի շատ նայում եմ ոչ թե նմանվելու, այլ ծանոթանալու, ինչու՞ չէ նաև վայելելու՝ ինձ այդքան հարազատ միջավայրի մեծանուն նկարիչների գործերը:
Եվ վերջում, նկարչության հետ կապված ի՞նչ ցանկություն և երազանք ունեք:
Մոտակա տարիներին շարունակելու եմ սովորել ու ավելի հմտանալ իմ գործում, իսկ որպես երազանք ուզում եմ մոտ ապագայում ունենալ իմ անհատական նկարների ցուցահանդեսը:
Մերի Հայրապետյան
4-րդ կուրս