Երիտասարդության շրջանում հայրենասիրական հոգին բարձրացնելու համար տարիներ առաջ Երևանի պետական համալսարանում հիմնադրվեց ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Այն նպատակ ուներ Արցախյան ազատամարտում ընկած հերոսների հիշատակը վառ պահելու և երիտասարդությանը հայեցի դաստիարակելու: Ստեղծման առաջին իսկ օրից ակումբին միացան ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից ուսանողներ, որոնք ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ բազմաթիվ ծրագրեր մշակեցին: Ծրագրերից մի քանիսն ունեն հետևյալ խորագրերը` ‹‹Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել››, ‹‹Բարի գործ, բարի կամք, բարի ելք››, ‹‹Ճանաչիր հայրենի բնությունդ››, ‹‹Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության››: Ակումբի կատարած աշխատանքի շնորհիվ ԵՊՀ ֆակուլտետներում բացվեցին լսարաններ` Արցախյան ազատամարտի հերոսների անուններով:
Այսօր ակումբը նշում է հիմնադրման 20-ամյակը: Դրա առթիվ նոյեմբերի 28-ին ԵՊՀ մեծ դահլիճում ‹‹վարդանանքցիները›› կազմակերպեցին միջոցառում: Օրվա խորհրդին համահունչ` անուն առ անուն հիշեցին այն հերոսներին, ովքեր հայրենիքի անկախությունը գերադասեցին սեփական կյանքից, կատարվեցին ազգային ազատագրական երգեր և պարեր: Միջոցառմանը ներկա էին քառորյա պատերազմում անմահացած հերոսների մայրեր, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մի շարք ֆակուլտետների դեկաններ ու դասախոսներ, պաշտոնատար անձիք, ինչպես նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով աջակցում և մասնակցում է ակումբի ծրագրերին: Կոմանդոսն իր ողջույնի խոսքում ասաց.
-Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր թոռները պապերին անցան իրենց հերոսությամբ:
Նշենք, որ 2015 թվականին Գանձասարի վանական համալիրում Կոմանդոսը դարձավ 22 ‹‹վարդանանքցիների›› կնքահայրը:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ասաց.
-Ակումբի գործունեության 20 տարիների ընթացքում Պաշտպանության նախարարությունը համագործակցել է նրա հետ ու իրականացրել բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ: ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող 154 հասարակական կազմակերպությունների մեջ ‹‹Վարդանանք›› ակումբը եզակի անուն ունի, քանի որ մշտական տարբերվել է և’ իր ծրագրերով, և’ միջոցառումներով, և’ ինտելեկտուալ գիտելիքների ջրբաժանությամբ:
Միջոցառման ժամանակ Սաթենիկ Աբրահամյանը պարգևատրվեց ‹‹Գվարդիական աստղ›› ՀԿ-ի կողմից, իսկ ակումբի բոլոր անդամները ստացան պատվոգրեր ‹‹Զինվոր›› համակարգող խորհուրդի կողմից:
Նշենք նաև, որ 2008 թվականից ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հրատարակեց իր պարբերաթերթը, որի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Հավհաննես Վարդանյանն է: Պարբերաթերթում ներկայացվում են ‹‹Վարդանանքի›› կատարած աշխատանքները, ակնարկներ ազատամարտիկների մասին, ինչպես նաև ուսանողներին հուզող հարցեր:
Լիանա Բրյան
2-րդ կուրս