ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ, ՏԵՍԱԴԱՍ ԵՎ ԲԼՈԳԵՐ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳ, ՏԵՍԱԴԱՍ ԵՎ ԲԼՈԳԵՐ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ

1246

Նորիկ Ղազարյանը սովորում է Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի դպրոցում։ Իրենց՝ 11-րդ դասարանում սովորում է 7 աշակերտ, և նրանցից առավելագույնը չորսն է կարողանում միանալ առցանց դասերին․ «Երեխեքի մեծ մասը հնարավորություն չունի, օրինակ, «Զում»-ից օգտվելու, կամ ինտերնետ չունեն,  ուսուցիչները ստիպված ինձ են ուղարկում նյութերը, ես փոխանցում եմ իրենց։ Իսկ եթե այնուամենայնիվ ստացվում է կազմակերպել դաս՝ միևնույնն է, արդյունավետությունն ավելի քիչ է դպրոցի դասերի համեմատ»,- ասում է Նորիկը։ Նրա համար հիմանական առավելությունն այն է, որ այս իրավիճակում գոնե չեն զրկվում դաս անելու հնարավորությունից։

Գյուղական դպրոցներում օնլայն կրթության անցնելը մեծ դժվարություններ է առաջացրել։ Առաջին խնդիրը, ինչպես և սպասելի էր, համացանցն է, կամ դրա արագությունը։ Երեխաները հաճախ ստիպված են լինում ծախսել ավելի շատ՝ մի փոքր արագ ինտերնետ ունենալու համար, բայց միշտ չէ, որ հաջողվում է։ «Լինում է, որ դասի ընթացքում կապը վատանում է, ու գնաց․․. մինչև դասի վերջ կարող է չկարգավորվել»- ասում է Նորիկը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դպրոցներում առցանց կրթության անցնելու մեծ ոգևորություն է նկատվում։ Կառավարության զարգացան ծրագրով հանրակրթական դպրոցներում հեռավար կրթության համակարգ նախատեսված էր ներդնել 2021-ին, սակայն այս հնարավորությունը կարող է օգատգործվել ծրագիրն ավելի շուտ իարկանացնելու համար։

«Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները։ Սա, ըստ էության, դառնալու է հեռավար ուսուցման հանրակրթության ոլորտում համազգային պիլոտային ծրագիր»,- ասաց նախարարը։

Արագածոտնի մարզի մեկ այլ՝ Ոսկեհատ գյուղի դպրոցում հեռավար ուսուցումն  առավել հաջող է կազմակերպվել։ Ստացվել է այնպես, որ գոհ են և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ 11-րդ դասարանում սովորող Թինան կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ օնլայն դասերն ավելի է հավանել, քան դպրոցինը։ Ըստ նրա՝ հեռավար կրթության կազմակերպումը ստեղծված իրավիճակում լավագույն լուծումն էր։

«Իհարկե, եթե դպրոցի դասերի հետ համեմատենք՝ արդյունավետությունն ավելի քիչ է։ Ավագ դասարանների աշակերտների համար առցանց դասերին միանալը բավական հեշտ էր, բացի դա, որոշակի փորձ արդեն ունեինք»,ասում է Թինան և ավելացնում, որ ցածր դասարանների այն աշակերտները, ովքեր միանալու հնարավորություն չունեն, դասից հետո հեռախոսազանգով են կապվում ուսուցիչներին և տեղեկանում դասի մասին։ Նույն դպրոցում ֆիզիկա դասավանդող Հասմիկ Սարգսյանն ասում է, որ չէր սպասում երեխաներից նման ակտիվություն։ Առաջին դասին բացակայել է  չորս աշակերտ։

«Բացակաների այս թիվը նորմալ է և կարող է պատահել նաև դպրոցի դասերի ժամանակ»,- ասում է ուսուցիչը և նշում, որ աշակերտների մասնակցությունը դասին ևս գոհացրել է իրեն։

Երևանի դպրոցներում, իհարկե, ամեն բան առավել դրական երանգ ունի։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարրական դպրոցի դասվար Մարինե Մխիթարյանն ասում է, որ մինչ արտակարգ դրությունն էլ իրենք որոշակի փորաձություն ունեին հեռավար կրթության․ արտասահմանում ապրող իրենց աշակերտների հետ ուսուցիչները հեռավար պարապմունքներ միշտ են անցկացնում։ Միակ բարդությունը 3-4 աշակերտի փոխարեն՝ 20-ի հետ առցանց դասը կազմակերպելն էր. «Առաջին հերթին դժվար էր աշակերտների համար․ իրենք չէին պատկերացնում ոնց կարելի է միաժամանակ լինել ու չլինել դասի»:

Կրթահամալիրը պատրաստվել էր առցանց դասերին դեռ առաջին շաբաթվանից։ Երբ տեղափոխվեցին արձակուրդները, սեբաստացիները անցան առցանց պարապմունքների։ Դասերի կառուցման հիմնական մեխանիզմը հետևյալն է՝ շաբաթվա սկզբում ուսուցիչները հանձնարարությունները հրապարակում են դասարանական բլոգներում, աշակերտները կատարում են դրանք, իսկ տեսազանգերի միջոցով քննարկում անհասկանալի մասն ու անցնում նոր թեմաներ։ Աշակերտներն ավելի ուրախ կլինեին արձակուրդում մնալ, բայց փաստը, որ հակառակ դեպքում ամռանն են դասի գալու, ստիպում է ավելի տրամադրված լինել դասերին։

Հեռավար հանդիպումների համար նախատեսված «Zoom» ծրագիրը, որը ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է հեռավար դասերը կազմակերպելու համար, վերջին օրերին հայտնվել է «Google» որոնողական համակարգի Հայաստանից կատարված որոնումների առաջին հորիզոնականում, սակայն բոլորը չէ, որ կարողանում են հաղթահարել առաջացած տեխնիկական խնդիրները։

Հեռավար կրթության անցել են նաև համալսարանները։ Մինչ Երևանի պետական համալսարանի ներդրած առցանց կրթության համակարգը կլուծի տեխնիկական խնդիրները, ուսանողներն ու դասախոսները փորձում են այլընտրանքներ գտնել՝ դասերը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար։ Հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ամալյան պատմում է, որ վեբինարների մասնակցության որոշակի փորձ ուներ, գիտեր՝ ինչ է ենթադրում հեռավար կրությունը։

«Մինչև սա հեռավարը առցանց դասընթացի ձևով էի պատկերացնում ու չէի պատկերացնում, թե ԵՊՀ-ն ինչպես պետք է կազմակերպի էս ամենը»,- նշում է Ամալյան։ Նա ասում է, որ իրենց կուրսում ակտիվությունն այնքան էլ մեծ չէ․ առավելագույնը ներկա է լինում կուրսի ուսանողների կեսը։

Նույն կարծիքին չէ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը։ Նա ասում է, որ ուսանողների մասնակցությունը դասին քանակական առումով գրեթե չի նվազել․

«Բավականին ակտիվ են մասնակցում, 70 ուսանողից 65-ը նախորդ դասին ներկա են եղել։ Բայց ներկայությունը կարելի է հարաբերական համարել, զուտ կապին միացած լինելը դեռ ներկայություն չէ, որովհետև շատ քչերն են, ինչպես և լսարանային պայմաններում, իսկապես ակտիվություն ցույց տալիս»։

Ըստ դասախոսի՝ հեռավար կրության բացասական կողմերից մեկն այն է, որ հստակ չես կարող իմանալ՝ ուսանողը իրական մասնակցություն է ցույց տալիս, թե ուղղակի միացել է։

Ուսանողների շրջանում էլ, ինչպես դպրոցներում, կա տեխնիկայի և ինտերնետի հետ կապված խնդիրները լուծելու անհրաժեշտություն։ «Գնալով մարզ՝ որոշ ուսանողներ կտրվել են այն իրականությունից, որը կար Երևանում․ օրինակ, համակարգիչ չունեն, որով կկարողանան առաջադրանքները կատարել»,– ասում է Հարություն Ծատրյանը։ Բացակա ուսանողների համար կրթությունն ավելի մատչելի դարձնելու համար դասախոսը տեսաձայնագրում է դասերն ու ուղարկում նրանց։

Անի Ավետիսյան

 3-րդ կուրս

Կիսվել