ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

1774

Նոր կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով մարտի 15-ից ապրիլի 14-ը ՀՀ-ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն։ Ուսումնական հաստատությունները մեկ ամսով դադարեցրին ուսումնական գործընթացը։

Այս մեկ ամիսն արդյունավետ օգտագործելու համար բոլոր ուսումնական հաստատությունները՝ այդ թվում նաև դպրոցները, անցան հեռավար ուսուցման։

Տավուշի մարզի սահմանապահ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի դպրոցներն առաջիններից էին այս նախաձեռնությունում։

57 աշակերտ ունեցող Այգեպար գյուղի դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցն առաջին իսկ շաբաթից անցել է հեռավար ուսուցման, սակայն ոչ բոլոր աշակերտներն ունեն համապատասխան տեխնիկային և կապի հնարավորություն: Նա մանրամասնեց. «Այգեպարում ինտերնետ կապը լավը չէ, տեսակապի ժամանակ լինում են դժվարություններ։ Կան երեխաններ, որոնք չունեն տեխնիկայի հնարավորություն, իրենց հետ ուսուցիչները առանձին հեռախոսով են կապ հաստատում, բացատրում, տալիս հանձնարարությունները»:

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն Նառա Պապյանի խոսքով՝ դպրոցի 82 աշակերտներից միայն 7-ը  չունեն տեխնիկայի կամ ինտերնետ կապի հնարավորություն, բայց ամեն ինչ անում են, որպեսզի նրանք ևս հետ չմնան ուսումնական գործընթացից: Տնօրենը հայտնեց. «Մենք անմիջապես առանց ժամանակ կորցնելու անցանք հեռավար ուսուցման։ Սովորող երեխան և լավ ուսոցիչը, յուրաքանչյուր նման պարագայում, հնարավորություն են տեսնում և օգտվում են այդ հնարավորությունից, ոչ թե մատնանշում բացասական կողմերը»:

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենը նաև հավելեց, որ դպրոցի երեխաները հետևում են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական էջում տեղադրվող  առցանց դասերին, նաև դիտում են  հեռուստատեսությամբ հեռարձակվողները։

«Dasaran.am»,  «Skype»,  «Zoom». ահա այս հարթակներից  են առավելապես օգտվում Մովսես գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտերը։ 113 աշակերտ ունեցող այս դպրոցի անձնակազմը բոլոր հնարավոր տարբերակներով փորձում է աշակերտներին ներգրավել հեռավար դասընթացի մեջ: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը մանրամասնեց. «Առաջին դասարանի երեխաների դասերն անցկացվում են «Skype»  ծրագրով, հավասարապես կապը պահվում է ծնողների հետ։ Լինում են նաև այսպիսի խնդիրներ, երբ մի տանը միայն մեկ համակարգիչ կա և միևնույն ժամանակ դպրոցահասակ 3-4 երեխա: Փորձել ենք դասացուցակ կազմել այնպես, որ այդ համակարգչից հնարավորություն ունենան օգտվել տանն ապրող բոլոր դպրոցահասակ երեխաները, մենք ամեն ինչ անում ենք ի շահ աշակերտների»:

Աշակերտների համար ամբողջ օրը տանը մնալը և առանց ծնողների խոչընդոտման համակարգչից ու սմարթֆոներից ազատ օգտվելը նորություն էր։ 10-րդ դասարանում սովորող Աննան  հեռավար ուսուցման դրական և բացասական կողմերն է բացահայտում. «Բացասականն այն է, որ հեռավար դասերը չեն կարող փոխարինել կենդանի շփմանը, իսկ դրականն այն է, որ ստիպված չեմ լինում երկար դասամիջոցին իջնել բուֆետ, այլ մեկ քայլ եմ անում, հայտնվում մեր խոհանոցում և ճաշակում մայրիկի պատրաստած տաք ուտեստները»:

Լիա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել