«Նվագում եմ 3 երաժշտական գործիքների վրա՝ կլառնետ, սաքսաֆոն, դաշնամուր։ Ուսումնասիրում եմ փիլիսոփայություն, սիրում եմ խորացված ուսումնասիրել հետաքրքիր թեմաները։ Կարելի է ասել՝ արվեստի մարդ եմ»:
Գևորգ Նալբանդյանն է, Երևանից։ 2007-2011 թվականներին սովորել և ավարտել է ՀՊՄՀ- ի կուլտուրայի ֆակուլտետը, նվագախմբի ղեկավար։ Համալսարանը ավարտելուց հետո Գևորգի մոտ առողջական խնդիր եղավ, և նա բանակ զորակոչվեց 2015 թվականի հունվարին, 25 տարեկանում, երբ արդեն ուներ իր աշխարհայացքը։
Գևորգը յուրօրինակ տպավորություններ չի ունեցել առաջին անգամ զինվորական համազգեստը հագնելիս, միայն եղել է նոր շրջապատ, նոր կանոններ։
-Համազգեստը հագնելիս, այսպես ասած, «Մեկը բոլորի, բոլորը` մեկի» սկզբունքն է։ Երբ, ինչպես նայում ես, բոլորը նույն ձև հագնված, նույն սանրվածքով:
Գևորգը լավ ծառայության համար 2015 թվականի հոկտեմբերի 17-ին շնորհակալագիր էր ստացել։ Իսկ բանակային ամենաթանկ հուշերը ընկերների հետ են կապված։
-Երբ ընկերներիս հետ հանգստի ժամին վայելում էինք երաժշտություն, խմում էինք ֆանտա և ուտում վաֆլիներ, ամենաջերմ հուշերն են բանակի:
2015 թվականի դեկտեմբերին 12 ամսվա ծառայող Գևորգը վիրավորվում է։
-Մենք բարձրացել էինք դիրքեր՝ մարտական հերթապահության ու 4 օր շինարարական աշխատանքներ էինք կատարում։ Արդեն դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն էր՝ կրակոցների ձայներ էր լսվում։ Աստիճանաբար ձայները մոտեցան, իսկ ես, լինելով տարիքով մեծը, բոլորին ասացի, որ գնան գետնատնակ։ Այդ գիշեր հակառակորդից 156 արկղ ռմբակոծություն էր եղել, որի ընթացքում ստացա վիրավորում 82մմ. տրամաչափի նռնականետի ականից։
Այն ինձնից 4 մետր հեռավորության վրա ընկավ ու դրա հետևանքով վիրավորվեց աջ ազդրս ու աջ ոտնաթաթս։
Երբ արկը ինձ կպավ, ես մոտավորապես 30-40 վայրկյան լսողությունս կորցրեցի։ Ընկերներս կանչել են ինձ, բայց ես չեմ լսել, ու այդ ընթացքում 6 մետր այն կողմ նորից նռնակ էր պայթել»:
Հետո Գևորգը շտապում է պատմել իր կողքին եղած ընկերների ուշադրության ու իրեն հասած օգնության մասին։
«Ամբողջ ընթացքում գիտակցությունս տեղն է եղել։ Ես կարողացա կանգնել ու զենքս, ձեռնափայտի պես օգտագործելով, հասա գետնատնակ։ Այնտեղ ընկերներս, հրամանատարս և մեր բուժակը՝ Գալինյան Հովիկը, առաջին բուժօգնություն ցույց տվեցին։ Ես մի քանի բեկորային վնասվածք էի ստացել։ 8 ժամ օգնության սպասելուց հետո ինձ տեղափոխեցին Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ էլ վիրահատեցին»:
Գևորգը ստանում է 3-րդ կարգի հաշմանդամություն, հոսպիտալից հետո նա դիմում է կարմիր խաչին, որտեղ էլ բուժում ստանալուց հետո գալիս է հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։
-Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին տեղեկացա ընկերոջիցս, որը այստեղ է աշխատում՝ որպես կինեզիոթերապևտ: Հիմա առաջնային նպատակս է՝ բուժման ընթացքում կարողանալ բարելավել առողջական վիճակս։
Իմ կարծիքով՝ միայն բժիշկների հույսով չես կարող լավանալ, պետք է նաև ցանկություն ունենաս ինքդ քեզ վրա աշխատելու:
Գևորգը շնորհակալություն է հայտնում «Զինվորի տուն» կենտրոնին, «Կարմիր խաչ» -ին, «Լեգենդս Ջիմ» մարզասրահին և Հայաստանի «Այկիդո Այկիկայ» ֆեդերացիային։
Հատուկ շնորհակալություն է հայտնում Սպարտակ Դովլաթբեկյանին, որ օգնել է վերականգնվել, և բժիշկ Տիգրան Մկրտչյանին, ով իրեն շատ է օգնել առողջության վերականգման հարցում։
«Ստանալով բուժում՝ կարողացա շարունակել մարզումներս ու, բարեբախտաբար, 2019 թվականին ստացա սև գոտի «Այկիդո Այկիկայ» արևելյան մարտարվեստում։
Գևորգը նաև հաճախում է հաշմանդամների համար նախատեսված մարզասրահ, որտեղ կան լավ մասնագետներ և համապատասխան սարքավորումներ, որի հիմնադիրներից մեկը մեր կողքին ապրող, հերոս Սարգիս Ստեփանյանն է։
Գևորգի նպատակները չեն փոխվել վիրավորվելուց առաջ և հետո։
-Ոչինչ չի փոխվել, պարզապես մի փոքր բարդացել է ամեն ինչին հասնելը։ Բայց եթե «դուխդ» չգցես, ամեն ինչին էլ կհասնես»:
Իր նպատակներից մեկն էլ գիտելիքները բարելավելն է, որի համար էլ հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պարապում է անգլերեն։
-Մեր սիրելի Լիլիթը ինձ հետ անգլերեն է պարապում, որպեսզի կարողանամ ամռանը հանձնել IELTS որակավորման քննություն ու փորձեմ դիմել արտասահմանյան որևէ աշխատանքի։
Լիլիթին ճանաչում եմ 2016 թվականից, ծանոթացել ենք այկիդոյի պարապունքների ժամանակ ու հետո իմացել եմ, որ իր եղբայրն ու ես միևնույն զորամասում ենք ծառայել։
Այդ ժամանակ Լիլիթը «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիրներից էր, մշակույթի բաժնի ղեկավար (այժմ այնտեղ չի աշխատում):
-2018-ի դեկտեմբերին, շատ պատահական՝ լուրերի թողարկման ժամանակ, լսեցի վերականգնողական կենտրոնի մասին։ Ցանկացա որևէ կերպ աջակցել, այդ ժամանակ մենք անգլերենի, ֆրանսերենի և այլ դասընթացներ էինք կազմակերպում բոլոր ցանկացողների համար, ուստի վերականգնողական կենտրոնում այդ ամենն իրականացնելը ինձ համար պարտադիր պայման էր։ Առաջարկեցի մեր կամավոր երիտասարդ ուսանողներին անգլերեն պարապել։ Ու երբ եղբորս, ՀԿ-ի տնօրեն Տիգրանին առաջարկեցի գաղափարը, սկսեցինք գործին ընթացք տալ։
Արդեն մոտենում էր հունվարի 28-ը, և ուզում էի տղաների համար հետաքրքիր միջոցառում կազմակերպել։ Եվ ահա 2019 թվականի հունվարի 25-ին իմ առաջին մուտքը եղավ վերականգնողական կենտրոն:
Հետո վերականգնողական կենտրոնին անհրաժեշտ էին նաև համալսարանն ավարտած, որակավորում ունեցող մասնագետներ, որոնցից մեկն էլ Լիլիթը եղավ։
-Գարնանը եկա, ծանոթացա տղաներից՝ Սեդրակի, Վահեի, Արկադիի ու Միշայի հետ։ Յուրահատուկ մոտեցմամբ ու հումորով լի դասեր էինք անցկացնում։ Կենտրոնում մեծ սիրով որպես կամավոր էի պարապում, հետո մեր սիրելի Գայանե Չոբանյանից հիմնական աշխատանքի առաջարկ ստացա, ու արդեն գրեթե մեկ տարի է, ինչ այս կենտրոնում եմ: Հետո պարապեցի Հարութ Սևլիկյանի հետ, ով կարելի է ասել, «բարիագույն» կերպար է։ Իսկ այժմ պարապում եմ Գևորգի հետ, ով շատ բանիմաց է»:
Լիլիթը շնորհակալ է վերականգնողական կենտրոնին նման գաղափարի համար, երբ տղաները գիտեն, որ մենակ չեն, և որ կա նման կառույց, որտեղ իրենց զգում են ինչպես տանը:
Լիլիթի համար հայրենիքը մայր է։ Իր մեջ ունի «Հայր և Մայր» միաձուլումը։ Ու կապ չունի տարիք և սեռ, եթե խոսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը։
Իսկ Գևորգի համար հայրենիքն անբաժան մասնիկ է, որտեղ ծնվել, մեծացել ու ապրում է նա։ Ու եթե նորից պատերազմ լինի, ասում է.
«Հնարավորությանս չափով կաջակցեմ։ Բայց հուսով եմ, որ մեր երկիրը խաղաղ երկինք կունենա»:
Անի Ավետիսյան
3-րդ կուրս