«40% ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀՈԳԵԲԱՆ

«40% ՍԵՓԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԲԱՎԱԿԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀՈԳԵԲԱՆ

1428

Մեր զրուցակիցն է հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ժպիտն ու երջանկությունն ամրապնդում են իմունիտետը, բարելավում են հարաբերությունները, էներգիա են տալիս, նպաստում  հաջողություններին, կյանքից բավարարված լինելուն:  

Բոլորն ունեն երջանկության իրենց բնորոշումը: Ինչպե՞ս Դուք կսահմանեք այն։

-Երջանկությունն այն է, ինչին բոլորն են ձգտում, սակայն յուրաքանչյուրը յուրովի է հասկանում այն: Դժվար է մեկ, միասնական սահմանում գտնել երջանկության համար, քանի որ այն սուբյեկտիվ է: Տարբեր մարդկանց համար տարբեր կարող են լինել երջանկացնող գործոնները` առողջություն, մտերիմ հարաբերություններ, մասնագիտական հաջողություններ, սեր, հարստություն, բարենպաստ եղանակ և այսպես շարունակ։ Հումանիստական ուղղության  հոգեբանները երջանկությունը կապում են անձի ինքնաիրացման, պոզիտիվ հոգեբանության ներկայացուցիչները` կյանքից բավարարվածության, էքզիստենցիալ հոգեբանները` կյանքի իմաստի հետ:

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ յուրաքանչյուրն ինքն է իր երջանկության դարբինը։

-Այո, երջանկությունը մարդու ներսում է, հիմնականում ներքին հատկանիշներով է պայմանավորված: Ինչպես ասել է Լ.Վ. Տոլստոյը, «Երջանկությունը կախված է ոչ թե արտաքին երևույթներից, այլ թե ինչպես ենք մենք նայում այդ երևույթներին»: Իմիջիայլոց,  հետազոտության տվյալներ կան, ըստ որոնց` երջանիկ լինելու կարողության 50%-ը պայմանավորված է ժառանգականությամբ, 10%-ը` արտաքին գործոններով, իսկ 40%-ը «մարդու ձեռքերում» է: Նույնիսկ այս տվյալների վրա հիմնվելու դեպքում, վստահ եմ` 40% սեփական ռեսուրսը բավական է կյանքը բարելավելու համար:

Արդյոք  երջանկությունն ունի՞ բանաձև։

-Յուրաքանչյուրն ունի երջանկության իր բանաձևը: Չկա մեկ բանալի երջանկության դուռը բացելու համար: Չէ՞ որ արտաքին ազդակի և ներքին պատասխանի միջև կա ընտրության ազատություն: Իհարկե, կարող ենք առանձնացնել երջանկությանը նպաստող հոգեբանական որոշ գործոններ: Այդպիսիք են շփվողականությունը, իրատեսական ինքնագնահատականը, դրական մտածողությունը, բարությունը, հումորի զգացումը, օգնելու պատրաստակամությունը, լավատեսությունը: Առավելությունն այստեղ այն է, որ թվարկված հատկանիշները հնարավոր է զարգացնել:

Ո՞վ է համարվում երջանիկ։

-Հետևյալ մեջբերումով փորձեմ պատասխանել. «Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին» (Պաբլիլիոս Սիրոս):

Ինչու՞ են մարդիկ իրենց երջանկությունն արտահայտում հիմնականում ժպիտով։

– Հույզերն ու զգացմունքները մյուսներին անմիջականորեն հասանելի և հասկանալի են դարձնում դիմախաղը և ժեստերը: Այդպիսին է նաև ժպիտը: Այն  երջանկության ոչ խոսքային դրսևորումն է:  Եվ կա նաև հետադարձ էֆեկտը. երբ ժպտում ենք, օրգանիզմում արտադրվում է էնդորֆին, որը հենց երջանկության պատասխանատուն է: Ստացվում է` մեկը մյուսին սնուցում է:

Իսկ ինչպե՞ս կարող է մարդ լինել երջանիկ. մի քանի խորհուրդ կտա՞ք մեր ընթերցողին։

-Երջանիկ լինելու համար անհրաժեշտ է սիրել կյանքը, գնահատել այն ամենը, ինչ ունեք, ձգտել ինքնաճանաչման և ինքնազարգացման, ամենատարբեր իրավիճակներում տեսնել դրականը, շփվել լավատեսների հետ, ապրել ներկայով, ինչու չէ` ձեռք բերել հոգեբանական գիտելիքներ: Եվ կարևոր է հիշել, որ երջանկությունը նպատակ չէ, որին պետք է ձգտել ու հասնել, այլ սեփական ցանկությունների, նախասիրությունների, ներքին զգացողությունների իրացման արգասիքն է: Հետևաբար, անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ, բաց եղեք կյանքի հանդեպ:

Զառա Մնացականյան

2-րդ կուրս

Կիսվել