«ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՈՏԵՆԱԼՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»

«ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՈՏԵՆԱԼՈՎ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»

1907

Կորոնավիրուսի տարածման պատճառով, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրնե­րում, այնպես էլ մեր հանրապետությունում  արտակարգ դրություն է սահ­ման­ված։ Դա նշանակում է, որ տևական ժամանակ ստիպված ենք մնալ  տանը՝  խուսա­փե­լու ինչպես վարակվելու, այնպես էլ վարակելու վտանգից: Միանգամայն հաս­կանալի է, որ ստեղծված իրավիճակում սա անհրաժեշտ պայման է: Այդուհանդերձ, արդյո՞ք  մեկուսացումն ինքնին  վտանգ չի ներկայացնում: Այս հարցի շուրջ է մեր զրույցը  հոգեբան_հիպնոլոգ – հոգեվերլուծաբան  Նաիրա Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, կարանտինի  ժամանակահատվածում աշխարհից երկար ժամանակ մեկուսացած մնալը, մարդկանց հետ շփումներ չունենալը ի՞նչ անցանկալի հետևանք կարող է ունենալ, ասենք՝ կարո՞ղ է հանգեցնել դեպրեսիայի:

-Ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, ինքնին անցանկալի է, որն իր հերթին, բնականաբար,  նույնպես կարող է բազմաթիվ անցանկալի վիճակների հանգեցնել։ Որոշ մարդիկ ավելի քիչ զգայուն են և մի քիչ էլ՝ չարտահայտվող։ Երբ այդ անձնական լռությանը գումարվում է մարդկային շփման պակասը (ուրիշ թեմաներից խոսելով՝ որոշ չափով հանգցնում ենք մեր մեջ եղած վախը), ապա դա կարող է հանգեցնել սթրեսների, դեպրեսիայի, ինչպես նաև նևրոզների ու, ցավոք, ամենազգայունների մոտ նաև վախերի ու ֆոբիաների։ Վերլուծելով այս իրավիճակը՝ ես հանգում եմ նրան, որ ցավոք այս ամենից հետո կավելանա դեպրեսիաներով, նևրոզներով, վախերով և ֆոբիաներով տառապող մարդկանց թիվը։

Ինչպե՞ս են արտահայտվում դեպրեսիայի նախանշանները:

-Դրանք տարբեր են՝ անհանգստություն, մտահոգություն, գերագույն ուշա­դրություն այն բաների ու երևույթների նկատմամբ, որ մինչ այդ չեն էլ նկատել։ Կարող են առաջանալ հաճախակի գլխացավեր, գերհոգնածություն։ Դրսևորվում են նորմայից շատ նյարդայնություն, անհամբերություն, անհանդուրժողականություն շրջապատի, իրավիճակների և իրենց նկատմամբ։ Նկատվում է առավել բացասական տրամադրվածություն իրենց,  շրջապատի  և երևույթների հանդեպ։

Տրամադրության անկման հետ նաև անկում է ապրում հետաքրքությունը կյանքի ու կյանքի գույների նկատմամբ։ Դադարում են տեսնել լավը, գեղեցիկը, գու­նա­վորը։ Ամեն ինչ սկսում են տեսնել մոխրագույն, իսկ հետո նաև «սև ակնոցներով»։

-Տիկի՛ն Պետրոսյան, ի՞նչ խորհուրդներ կտաք այս դեպքում, ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը:

-Խորհուրդներս տարբեր են և, միաժամանակ, փոխկապակցված: Ահա դրանցից մի քանիսը՝

1․Պետք է գիտակցել, որ ներկայիս վիճակը անցողիկ է։ Հերթական մի ծանր շրջան, որ մենք՝ հայերս, մեր պատմության մեջ, ժամանակ առ ժամանակ ունեցել ենք, օրինակ՝  անցյալ դարի 90-ականներին:

2․Ժողովրդական խոսքն է ասում՝ «Լացը լաց է բերում, ծիծաղը՝ ծիծաղ»։ Փորձենք որոշակի օգուտներ քաղել նույնիսկ տհաճ իրավիճակներից՝  կարդալով, ինքնազարգանալով, նոր բաներ սովորելով,  ընտանիքի ու հարազատների համար  հաճելի մթնոլորտ ստեղծելով և, հեճուկս ստեղծված իրավիճակի, հաճույք ստանալով միմյանցից, և սեր տալով հարազատներին: 

 3․Հնարավորինս օդափոխել տունը, սենյակները, քանզի մաքուր օդը մաքրում է նաև մտքերն ու ուղեղը (սա կատակ չէ):

 Ավելի հանգիստ և ապահով լինելու համար պահպանել մաքրության բոլոր կանոնները։

4․Գիտակցական  մոտեցում խնդրին․  եթե չենք կարող փոխել իրավիճակը, ապա անիմաստ է մտահոգվել, քանի որ վախն  ու  մտահոգությունը քայքայում են մարդու իմունային համակարգը, որի հետևանքով  հնարավոր է խոցելի  դառնալ և վարակների հանդեպ։

5․Մարդու դիմադրողականությունը հնարավոր է կարգավորել և կառավարել ճիշտ  սննդակարգի օգնությամբ (մրգեր, բանջարեղեններ), այսինքն բնական կարգով լրացնել վիտամինների պաշարը օրգանիզմում, որն էլ իր հերթին կբարձրացնի մարդու բնական ինքնադիմադրողականությունը, ինչպես նաև շատ հեղուկ օգտագործելով և այլն։

6․Մարդ պիտի նաև սովորի ինքնազարգանալ ու ինքնամաքրվել, որի օգնու­թյամբ կարող է իր մտքի ուժով իր մեջից մաքրել  ցանկացած հիվանդություն և վիրուս։

7․Այս անենին դիմակայելու միջոց են նաև կատակներն ու հումորները։

Մարիամ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել