ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ «ZOOM»-ՈՎ, ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՐՍԱՆԻՔ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ «ZOOM»-ՈՎ, ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՐՍԱՆԻՔ

1189

«Հա՜, ապրիլի 3-ին դե սիրով սպասում ենք մեր հարսանիքին…»։ Մանե-Կարեն զույգը դեռեւս մարտի սկզբին արդեն հասցրել էր հարյուրից ավել անգամ կրկնել այս արտահայտությունն իրենց հարսանիքին հրավիրվածներին՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով այն գաղափարը, որ հյուրերը պարզապես չեն գա, բայց ոչ թե որովհետև չեն ուզում ներկա գտնվել, այլ…

«Դե, եթե անկեղծ, երբեք էլ չեմ սիրել նախապես որևէ բան պլանավորել, որովհետև միշտ, երբ ինչ-որ միտք եմ ունեցել գլխումս, ու նախօրոք գծագրել եմ, չի ստացվել, կամ ստացվել է, բայց թերություններով: Բայց նաև գիտակցում եմ, որ հարսանիքը ավելի մեծ արարողություն է, ու, բնականաբար, ծավալով շատ աշխատանք է տարվում, որին երկարաժամկետ ուշադրություն է պետք. իմ հարսանիքն այդ ուշադրությանն արժանացավ (աչքերը լցնում է թեթև ժպիտով – հեղ․), բայց…» ,- անկեղծանում է ապրիլերեքյան հարսը:

Սակայն զույգը կարծես այնքան էլ բողոքական ու դժգոհ չէ. նրանց աչքերում, այնուամենայնիվ, երջանկության փայլ կա. «Ես հիմա մի բանի մասին եմ մտածում միայն, որ ունեմ երջանկություն, ունեմ Մանե իմ կյանքում…կին ունեմ»:

Առաջին հայացքից «կին ունեմ»-ը սովորական արտահայտություն է թվում, բայց զույգը մեզ համար անակնկալ ունի՝ դրա տակ թաքցրած.

«Հարսանիք չեղավ, բայց մենք էլ հո ամուսնացանք,- կորոնավիրուսին հաղթածի տոնով պատասխանում է Կարենը: Մինչև հարսանիքը  երկար մտածում էի՝ ինչ կարելի է անել, որ համուհոտ տա մեր պսակադրության օրվան, յուրօրինակ մի միտք էր պետք, դե, կորոնավիրուսն էլ տեղով միտք էր: Իմ որոշումն էր, որ հարսանիքն անպայման պիտի կայանա, ինչ գնով էլ լինի, որովհետև ապրիլի 3-ը հենց այնպես անցկացնել չէի կարող, չգիտեմ՝ կհասկանաք, թե ոչ, բայց ինձ համար մի փոքր հոգեբանական բարդ վիճակ կստեղծվեր: Հասկանում էի, որ այն հաստատ չի լինի նախօրոք պլանավորածի նման, բայց զգում էի, որ շատ լավ է լինելու»:

Մանեն անընդհատ Կարենին կողքից հուշում է, որ անպայման շեշտի՝ «մեծ քեֆ հետո անելու են»:

«Մի խոսքով, հեռախոսս արդեն «պայթում էր», այնքան շատ զանգ էի արել: Պայմանավորվել էի քահանայի, Զագսի աշխատակիցների, իմ ու Մանեի ծնողների և մի քանի շատ հարազատ մարդկանց հետ, որ ապրիլի 3-ին արթնանան շուտ, տեսքի գան ու «Zoom» հավելվածով միանան ու մասնակցեն իմ ու Մանեիս հարսանիքին»,- ծիծաղելով պատմում է Կարենը: «Ինձ լուրջ չէին վերաբերվում, բայց կարողացա բոլորին համոզել»:

«Ես հարսի շորով չէի, բայց գեղեցիկ հագնվել էի, մազերս հարդարված, եղունգներս խնամված… ամեն ինչ՝ տոնական տեսք ունենալու համար: Մենք «հավեսի համար» նաև դիմակ ու ձեռնոց էինք դրել (ժպտում է – հեղ․), դե, որ թեմայի մեջ լինենք»,- պատմում է Մանեն:

Կարենը շտապում է շարունակել պատմությունը. «Ժամը եկավ, մենք հեռախոսները վերցրինք, ի դեպ, քույրս էլ մեր օպերատորն էր, հատուկ բոլոր հյուրերի համար տեսախցիկը ողջ ընթացքում պահեց մեր ուղղությամբ: Քահանան կարդաց աղոթքը, տվեցինք երդում, Զագսի աշխատակցուհու առաջ էլ համաձայնություն տվեցինք, ու եկավ մատանիներով փոխանակվելու պահը. բոլոր հյուրերը ծափահարում էին, երաժշտություն, շամպայն, շոկոլադ… ամեն ինչ իդեալական էր, հա, մեկ էլ, կարևորը ինտերնետ-կապը լավն էր, ամոթով չթողեց: Հասկանում եմ, որ մեր հարսանիքը դեռ պետք է օրինական բնույթ ստանա, այսինքն՝ ստորագրություն, երդում եկեղեցում, ի վերջո՝ նաև «մեծ քեֆ», բայց մեր օնլայն ամուսնությունն ինձ համար ամեն ինչ արժեր»:

«Իրոք, յուրօրինակ էր, Կարենը ինձ ընդամենը 1 օր առաջ տեղեկացրեց, որ այդպիսի բան է որոշել, չգիտեի՝ որտեղից սկսեմ, որ ամեն ինչ հասցնեմ: Մեր համեստ, բայց տոնական սեղանի հարցերով ու կազմակերպչական մնացած հարցերով Կարենը արդեն զբաղվել էր,  մնում էր միայն զբաղվել ինձնով: Համ շատ էի ուրախացել, համ լարված էի: Հիանալի օր էր, էմոցիոնալ ու շա՜տ երջանիկ, երբեք չեմ մոռանա»,- ժպիտով վերհիշում է Մանեն:

«Շատ շնորհակալ եմ նաև մեր ընկերներին, իրենք էլ «հետ չմնացին» անակնկալների շարքից: Մեզ համար անակնկալ երգեցին, պարեցին: Չէի սպասում, բայց Մանեն էլ հարսի պար պարեց: Հետաքրքիր ու հավես էր»:

Մանեի մայրիկը երբեք չէր մտածել իր աղջկան առցանց ամուսնացնելու մասին, ավանդապաշտ է, բայց այս տարբերակը իրեն էլ էր զվարճացրել. «Իհարկե, դեմ չէի, սիրով համաձայնություն եմ տվել, ջահել զույգ են, իրենց խենթությունների ժամանակն է»:

Իսկ Կարենի ծնողները Ֆրանսիայում են գտնվում, վիրուսի պատճառով նրանց Հայաստան գալը հետաձգվել էր, ուստի սկեսուր մայրիկը լավաշ ու մեղր օնլայն հյուրասիրեց հարսին ու փեսային. «Թող աշխարհը առողջ լինի, ես դեռ պինդ կգրկեմ իմ հարսիկին»:

Հարսնաքույրն ու ազաբը կողք կողքի էին, բայց միայն տեսազանգի էկրանին. «Կոպիտ ասած, սա հարսանիքի թրեյլերն էր էլի, բա իրականում ի՜նչ քեֆ կանենք»,- պատասխանում է ազաբը:

Կարենին ավելի շատ ուրախացնում էին Մանեի զգացողությունները. չէ՞ որ սպասված ապրիլի 3-ը պարզապես չանցավ-գնաց, այն նշանավորվեց որպես Կարենի ու Մանեի օնլայն, արտակարգ ու «Zoom»-ով ամուսնության օր․ «Ես արդեն իմ անտիվիրուսն ունեմ՝ Մանեն է: Կորոնավիրուսին էլ պարզապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ…»

Արփի Բարսեղյան,

3-րդ կուրս

Կիսվել