Ատելության խոսքը հրապարակային արտահայտվող գրավոր կամ բանավոր խոսքն է, որը սերմանում ու տարածում է ատելություն անձի նկատմամբ՝ պայմանավորված այնպիսի
առանձնահատկություններով,
ինչպիսիք են անձի ռասան, սեռը, տարիքը, կրոնական հայացքները, սեռական կողմնորոշումը, հաշմանդամությունը և այլն։
Ատելության խոսքն այսօր ընդլայնել է իր սահմաններն ու հասել է համացանց։
Մեր անանուն հերոսը, ով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, ասում է, որ ինքն ու իր պես մարդիկ մենակ են մնացել համացանցում ատելության խոսքի դեմ, որովհետև Հայաստանում այդ ուղղությամբ ոչինչ էլ չեն անում, օրենք չկա։
«Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի համար նախատեսված պատասխանատվություն կա,– ասում է մեր զրուցակիցը,–բայց դա նպատակին չի ծառայում, այլ անիմաստ քաշքշուկների մեջ է գցում։ Ատելության խոսքն ավելի արմատացած ու լուրջ խնդիր է։ Շատ լրատվականների խնդրել եմ հեռացնել իմ հասցեին արված մեկնաբանությունները ու ակտիվ մոնիթորինգի եմ ենթարկել շատերին։ Ես մարդ եմ, ես չեմ ուզում տեսնել հանրային ատելություն իմ նկատմամբ։
Ես տեսնում ու կարդում եմ բազում սպառնալիքներ մի բանի համար, որտեղ ես որոշելու հնարավորություն չեմ ունեցել»։
«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը հայտնեց իր կարծիքը տվյալ թեմայի շուրջ։
«Ատելության քարոզն ունի իր դրդապատճառները, որոնք առավելապես շահադիտական են՝ ազդել մարդու հուզական ոլորտի վրա՝ նախապես հաշվի առնելով մարդկանց կարծրատիպերը
կամ «խոցվող կողմերը», իսկ արդեն կենդանի շփման ընթացքում ատելություն քարոզող մարդն առավել շատ է խուսափում վերոհիշյալ վարքաձևերից: Համացանցում հեշտ է դա իրականացնել, քանի որ նրանք կարող են խուսափել և՛ պատասխանելուց, և՛ցանկացած ֆիզիկական կոնտակտներից»։
Ըստ հոգեբանի՝յուրաքանչյուրն արձագանքում է երևույթներին ըստ իր պատկերացումների, արժեքային համակարգի ու դրդապատճառների:
Ատելության խոսքի ենթարկվող անձն ընկնում է ատելություն քարոզողի ծուղակը, քանի որ արդեն ունի այդ ծուղակն ընկնելու նախատրամադրվածություն՝ ելնելով սեփական արժեքային առանձնահատկություներից: Նրա մոտ կառաջանա սեփական արժեքները պաշպանելու ցանկություն, որը հնարավոր է իրականացնել իր խոսքի միջոցով, «վերցված» հուզական դրսևորումների միջոցով, որի արդյունքում էլ կարող է դրսևորել ագրեսիվ վարքաձև, որովհետև մարդիկ արտահայտվելով նաև թոթափում են ագրեսիան»:
Հոգեբանը կարծում է, որ այս ամենից խուսափելու համար շատ կարևոր է մանկապարտեզից սկսած երեխաներին իրավական նորմերին ծանոթացնելը՝ խաղերի, հեքիաթների միջոցով, իսկ դպրոցական տարիքում՝ հոգեբանական օրինչափություններին՝ մանավանդ անձի զարգացմանը։ Անհրաժեշտ է կազմակերպել նաև սոցիալական հոգեբանության ուսուցում։
Իրավապաշտպան
Արտաշես Խալաթյանն ասում է, որ իրավական հարթությունում ատելության խոսքի վերաբերյալ իրավակարգավորումները բավարար չեն։
«Գործում է երկու հիմնական ընթացակարգ՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական։ Քրեաիրավական հարթությունում ազգային, կրոնական, ռասայական ատելություն տարածելու հանցակազմ գոյություն ունի։ Այսինքն, մարդկանց ազգային, կրոնական կամ ռասայական հատկանիշներով պայմանավորված՝ հետապնդելը, նրանց նկատմամբ ատելություն տարածելը՝ այդ թվում վերբալ մակարդակում, քրեորեն պատժելի արարք է հանդիսանում։ Մյուս գործիքը քաղաքացիական գործիքն է, երբ զրպարտությունից և վիրավորանքից տուժած անձը կարող է դատական պաշտպանություն հայցել՝ վիրավորանքի դեպքում մինչև 1 միլիոն դրամ փոխհատուցում, զրպարտության դեպքում՝ 2 միլիոն։ Կարող է պահանջել ներում՝ ընդ որում ներման տեքստի միջոցով և հերքում՝ բնականաբար հրապարակային կարգով», –նշեց իրավապաշտպանը։
Պարոն Խալաթյանի խոսքով՝ անգամ այս երկու կառուցակարգերը ամենևին բավարար չեն ատելության խոսքի դեմ պայքարելու համար, քանի որ անձնակենտրոն են։ Այսինքն կոնկրետ անձի իրավունքների պաշտպանությանն են ուղղված, թեև քրեաիրավական հարթությունում նաև պետության հանրային շահն է պաշտպանվում, բայց բոլոր դեպքերում համակարգային առումով խնդրին այսօրվա իրավակարգավորումները մանրամասնորեն չեն անդրադառնում։
Իրավապաշտպանը
նշում է, որ բացթողում է նաև ԶԼՄ-ների մասին օրենսդրության անկատարությունը, որով սոցիալական կայքերը, համացանցային լրատվամիջոցները չեն հանդիսանում զանգվածային լրատվության միջոց, քանի որ այդ օրենքով միայն տպագիր մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունն են համարվում զանգվածային լրատվության միջոցներ։ Պետք է նաև առկա տեխնոլոգիական զարգացումները համապատասխանեցնել իրավական կարգավորումներին, որովհետև սոցիալական ցանցերն ու համացանցային լրատվամիջոցները դուրս են մնում իրավակարգավորման դաշտից։
«Խնդիրն այստեղ պետք է ավելի լայն հարթության մեջ դիտարկել,— ասաց իրավապաշտպանը,– վերջերս հրապարակված հոդվածումս առաջարկել եմ օրենքով ստեղծել լրագրողական համայնքը միավորող ինստիտուցիոնալ կառույց, որը նաև կարգապահական վերահսկողություն կիրականացնի լրագրողների գործունեության նկատմամբ։ Այսինքն լրագրողները իրենք իրենց կվերահսկեն լրագրողական էթիկայի կանոնների պահպանման համատեքստում։ Կմշակվեն նաև լրագրողական էթիկայի կանոններ, որոնք նույնպես կարևոր նշանակություն կունենան լրագրողների համար»։
Իրավապաշտպանը
օգտակար համարեց նաև լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմի ներդրումը։ Ըստ նրա՝ ատելության խոսքը սպոնտան բնույթ չի կրում, այլ իր հիմքում ունենում է տնտեսական, քաղաքական, հանրային խմբերի կոնսոլիդացված շահ և տարածվում է այդ շրջանակներին պատկանող լրատվամիջոցներով։ Հետևաբար ժողովրդին պետք է հստակ մատնացույց անել՝ որ լրատվամիջոցը որ սեփականատիրոջը, որ խմբավորմանն է պատկանում՝ պաշտպանելով անձի՝ որպես լրատվություն սպառողի իրավունքը՝ իմանալ, թե այդ լրատվությունը որ շրջանակներն են տարածում։ Անձը կկարողանա ընտրել լրատվամիջոցը և հստակ հասկանալ տվյալ լրատվության տարածման նպատակը։
Մեդիափորձագետ
Հայկ Դերզյանն ասաց, որ կան այնպիսի լրատվականներ, որ իրենց բնույթով լրատվամիջոց են համարվում, բայց իրականում ապատեղեկատվություն տարածող թիմեր են, կան նաև լրագրողի անվան տակ լրագրողի՝ որպես չորրորդ իշխանության անբաժան և կարևոր մաս կազմող անձի անունը վարկաբեկողներ: Գլոբալ առումով տեղեկատվական դաշտում վերջին տարիներին իրականացվող գործընթացները հանգեցրել են ատելության խոսքի տարածմանը:
«Ես կողմ եմ, որ մեկնաբանությունները ֆիլտրվեն լրատվականների կողմից (այսինքն պահպանվեն քննադատությունները, սակայն հեռացվեն հայհոյանքները), իսկ եթե լրատվականը ի զորու չէ օպերատիվ տեսքով կատարել այդ ֆունկցիան, կարող է ընդամենը փակել մեկնաբանությունների հատվածը»,–հավելեց մեդիափորձագետը։
Ըստ նրա՝ մեկնաբանությունների ֆիլտրացիան ամբողջովին չի նպաստի ատելության խոսքի նվազեցմանը, սակայն ինչ‐որ չափով կարող է օգուտ տալ։
«Մեկնաբանության ֆիլտրացիային մեր մեդիայում ականատես եմ եղել մի քանի լրատվականներում։ Ընդհանուր առմամբ մեկնաբանությունների ֆիլտրացիան հայկական լրատվականներում շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, որովհետև այսքան լրատվականներից ընդամենը մեկ–երկուսն են իրականացնում այն։ Հասկանալի է նաև լրատվականների շահը, որովհետև ավելի շատ երևում են այն նյութերը, որոնք ունեն շատ մեկնաբանություններ, հետևաբար հավաքում են շատ դիտում։ Սակայն, կարծում եմ, որ հանուն լրագրողական սոլիդարության անհրաժեշտ է, որ ֆիլտրացիա այնուամենայնիվ իրականցվի»,–նշեց մեդիափորձագետը։
Դերզյանի խոսքով՝ Հայաստանում միանշանակ կա մեդիագրագիտության պակաս, որն ուղիղ կապ ունի նաև մեր հասարակության կրթվածության հետ․ «Կարծում եմ՝ մեդիագրագիտության դասընթացները, դրանց ներկայացումը տարատեսակ տեղեկատվական կրիչներով, հնարավորություն կտան ունենալ ավելի լավ, խելացի և պաշտպանված հասարակություն։ Մեդիագրագիտությունը ուսումնական հաստատությունում պետք է ավելացնել որպես առարկա՝ այն մատուցելով ուսումնական տեսանյութերով, դասընթացներով և այլ միջոցներով»։
Հավելենք,
որ ՀՀ ազգային ժողովն ապրիլի 15-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնել: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Անի Մարտիրոսյան
2-րդ կուրս