ՄԱՆԿԱԿԱՆ ՏԻԿԵՐԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ՄԱՆԿԱԿԱՆ ՏԻԿԵՐԸ՝ ՀՈԳԵԲԱՆԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

5150

9-ամյա Ալենը երկար ժամանակ տարօրինակ շարժումներ է արել՝ աչքերը հաճախակի թարթել է, ձեռքերն անկանոն շարժել է, հաճախակի հազացել։ Մայրը՝ տիկին Գոհարը, «Journalist.am»-ի հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում այդ ամենին ուշադրություն չեն դարձրել, սակայն երեխայի մոտ ամիսներ են տևել այդ շարժումները, ինչը ստիպել է ծնողներին անհանգստանալ․ «Դիմեցի բժշկի խորհրդատվության, երեխան անցավ մոտ 3 ամսվա բուժման կուրս և խնդիրը աստիճանաբար սկսեց վերանալ»,- պատմում է մայրը։

Մանկական նյարդաբան Աստղիկ Մամյանը «Journalist.am»-ի հետ զրույցում բացատրեց, որ տիկերը (тик) ոչ կամային, հանկարծակի և կարճատև կրկնվող երևույթներ են։ Նյարդային տիկերը երեխաների մոտ կարող են դրսևորվել ինչպես ձայներով, այնպես էլ շարժումներով, հետևաբար առանձնանում են ձայնային և շարժողական տիկեր։

Նրա խոսքով՝ ձայնային տիկերի դեպքում երեխան կարող է պարբերաբար հազալ, հորանջել կամ հոգոց հանել, իսկ շարժողական տիկերի դեպքում երեխան անում է նպատակային շարժումներ, օրինակ՝ ծամածռում է դեմքը, թարթում է աչքերը, հարվածում է բռունցքով կամ ոտքով։ Առավել բարդ դեպքերում երեխան կարող է արտաբերել որոշակի բառեր, նույնիսկ կիրառել անվայել արտահայտություններ։

«Նման երևույթները ինչ-որ շրջան աստիճանաբար շատանում են, այնուհետև՝ նվազում, ընդ որում՝ գլուխ են բարձրանում հիմնականում միջադեպից հետո կամ լարվածության, անհարմարավետության, երեխայի պահանջների չկատարման դեպքում»,- նշեց նյարդաբանը և հավելեց, որ  նյարդային տիկերը կարող են ի հայտ գալ նաև, երբ երեխան նոր միջավայրում է կամ մարդաշատ վայրերում։ Օրինակ՝ երբ երեխան սկսում է հաճախել մանկապարտեզ, որտեղ ամեն ինչ նրա համար նոր է, երբ սահմանափակվում է նրա ազատությունը, ավելանում են նոր պարտականություններ, այս դեպքերում կարող են հանդիպել նման երևույթներ։

Մասնագետը նշեց, որ որոշ դեպքերում տիկերը կարող են բարդանալ, առաջացնելով՝ հոգեբանական խնդիրներ, այս դեպքում անհրաժեշտ է ավելի մեծ թիմի աջակցություն՝ հոգեբանի, մանկական նյարդաբանի, սոցիալական աշխատողի։ «Բուժում անհրաժեշտ է, երբ այդ խնդիրները առաջացնում են զգալի անհանգստություն, խանգարում են երեխայի առօրյա կյանքին կամ ուսմանը, հանգեցնում են մեկուսացման կամ դեպրեսիայի։ Բարդ դեպքերում անհրաժեշտ է լինում նաև դեղորայքային բուժում»,- նշեց նյարդաբանը։ Տիկերը անցնում են մոտ 70%-ի մոտ, իսկ մոտ 30%- ի դեպքում՝ ուղեկցվում են ամբողջ կյանքի ընթացքում։ Տիկերը ունեն նաև ժառանգաբար փոխանցվելու հատկություն։

«Մեր ժամանակներում ագրեսիվ խաղերը, մուլտֆիլմերը, համակարգիչների առջև երկար ժամանակ անցկացնելը ևս բացասական ազդեցություն են թողնում երեխայի վրա»,- նշեց նյարդաբանը։

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց,  որ ինչպես ցանկացած խնդրի, այնպես էլ նյարդային տիկերի բարդացմանը նպաստում են, իհարկե, սթրեսն ու տագնապը։ Կոնֆլիկտային իրավիճակները, բարձր ֆիզիկական լարվածությունը, անհանգստությունը, տեղեկատվական ծանրաբեռնվածությունը. սրանք բոլորը սթրեսի աղբյուր են։

«Տիկերը լինելով հոգեբանա-նյարդաբանական խնդիրներ՝ հանգեցնում են ցածր ինքնագնահատականի, անվստահության, կարող են առաջացնել որոշ հոգեբանական դժվարություններ շփման մեջ»,- ասաց Անուշ Ալեքսանյանը։ Նա հավելեց, որ տիկերի բարդացմանը կարող են նպաստել նաև միջավայրը. կախված նրանից, թե որքան հանդուրժող և գիտակից է միջավայրը, այդքան ավելի մեղմ կլինեն հետևանքները։

Հոգեբանը նշեց, որ տիկերի ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել նյարդաբանի և հոգեբանի խորհրդատվության։ Տիկերի տեսակներ կան, որոնք ավելի հեշտ են հաղթահարվում և տեսակներ կան, որ ավելի դժվար ընթացք ունեն։ Մասնագետը առանձնացրեց լոկալ և գեներալիզացված տիկեր, լոկալը միայն մեկ մկանի ակամա կծկումն է, իսկ գեներալիզացվածը՝ մի քանի տեսակի տիկերի համադրություն է, օրինակ՝ Տուրետտի համախտանիշի ժամանակ դրսևորվում են մկանային, շարժողական և ձայնային տիկեր։ «Լիարժեք հաղթահարումը կախված է շատ հանգամանքներից՝ միջավայրից, դիմելու ժամկետից, տիկի դրսևորման չափից, բարդությունից»,- նշեց հոգեբանը։

«Աերոֆլեքս» բժշկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանը «Journalist.am»-ին տեղեկացրեց, որ իրենց նման խնդրով դիմողները բավականին շատ են։ Նա նշեց, որ իրենց պրակտիկայի ընթացքում կատարած հետազոտությունները ցույց են տալիս, որ նյարդային տիկերը առաջանում են հիմնականում թթվածնային ուժեղ քաղցի և օրգանիզմում մակաբույծների առկայության հետևանքով. թունավորման արդյունքում կարող են գրգռվել նյարդային խմբեր և հանգեցնել նման շարժումների առաջացմանը։ Մեծահասակների մոտ առաջանում է գլխացավ, գլխապտույտ, իսկ երեխաների մոտ դրսևորվում են տիկեր, որոնք սկսվում են կրճտոցով, լարվածությամբ, հետո վերածվում ոչ կամային շարժումների։ «Երեխաների մոտ ուշագնացություններ և նույնիսկ էպիլեպսիկ ցնցումներ են լինում, այն պատճառով, որ մակաբույծները աղտոտում են մեր արյունը և ավշային համակարգը (իմունային հեղուկ)»,- նշեց ֆիզիոլոգը։

Մասնագետի խոսքով՝ երբ սկսում են մաքրել օրգանիզմը, վերականգնել թթվածնի քանակությունը և արյան շրջանառությունը՝ տիկերը անհետանում են։ Կարելի է նաև երեխային տալ մի շարք վիտամիններ, բայց դրանք մի որոշ ժամանակ կօգնեն, սակայն մինչև չկատարվի օրգանիզմի մաքրում, իմունիտետի բարձրացում, տիկերը լիովին չեն բուժվի։ «Բուժումը կարող է տևել 21 օրից մինչև 3 ամիս և կարող է բուժվել դեղորայքի միջոցով, բայց ես նախընտրում եմ բնական և բուսական մեթոդներով բուժումը, արդեն նաև ունենք ֆիզիոթերապեֆտիկ սարքավորումներ և շնչառական բուժական վարժություններ»,- նշեց Արմինե Գրիգորյանը։ Նա որպես բնական մեթոդներ առանձնացրեց ընկույզի, սխտորի, բռոկկոլիի էքստրակտները, որոնք ունեն շատ լավ մաքրող հատկություն։ Մասնագետը հավելեց նաև, որ նյարդային տիկերը մոտ 80-90%-ով անցնում են, հազվադեպ դեպքերում կարող է թեթևանալ, բայց չանհետանալ, կախված նրանից, թե ինչքան է ուշացրել ծնողը կամ նյարդային ինչ խմբեր են վնասվել։

Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս

Կիսվել