ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՍԵՐ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՍԵՐ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

979

Մրգատու ծառատեսակներից մինչեւ ծաղկաշատ բազմազանություն. ահա այսպիսի բարիքներով է առանձնանում Երեւանի համար 87 միջնակարգ դպրոցի կանաչապատ այգին։ Այս տարածքում մշակում են հողը, աճեցնում տարատեսակ մրգեր ու ծաղիկներ։ Այստեղ ամենահարուստը ծիրանի ծառերն են, բալենին ու խնձորենին։ Պարզվում է՝ դպրոցում նմանատիպ այգու առկայությունն իր նշանակությունն ունի։

 Մի շարք հարցերի շուրջ հարցազրույց ունեցանք  դպրոցի տնօրեն Նարգիզ Զեյնալյանի հետ։

-Տիկին Զեյնալյան, ինչպե՞ս ստեղծվեց մրգերով եւ ծաղիկներով հարուստ այգի ունենալու գաղափարը։

-Այգին հիմնել է նախորդ տնօրենը։ Մենք նոր շունչ ու սեզոնային ծաղիկների ներդաշնակությունն ենք ապահովում ու պահպանում եղածը, թարմացնում հին, չորացած ծառերը նորերով։

 -Ի՞նչ նշանակություն ունի այգին դպրոցի ու աշակերտների համար։

 -Այգու դերը մեծ է դպրոցի աշխատանքների բնականոն ռիթմի պահպանման գործում. և՛ շրջապատն է էկոլոգիապես մաքուր ու անաղմուկ, և՛ շատ գեղեցիկ է՝ տրամադրող ու ոգեշնչող։ Այսպիսի պայմաններում աշակերտներն առողջ, կիրթ ու ճաշակով են զարգանում։ Կրթությանը զուգահեռ՝ սեր դեպի բնությունն ու գեղեցկությունը, սա է մեր ցանկությունը։

-Բարեկարգման ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում և  որքանո՞վ է աշակերտների մասնակցությունը դրանցում։

-Դպրոցն ունի այգեպան, եւ հիմնական աշխատանքները նա է իրականացնում, իսկ աշակերտները միշտ պատրաստ են օգնել։ Նրանք իրենց մասնակցությունն են ունենում պարբերաբար անցկացվող շաբաթօրյակներին, հետևում տարածքի մաքրությանն ու գնահատում բարեկարգման դերն ու նշանակությունը դպրոցի ու իրենց կյանքում։

– Արդյո՞ք այգու հետ կապված այլ ծրագրեր ունեք։

 -Հետագայում նախատեսվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն. պտղատու ծառերի բաժանում բարձր դասարաններին՝ խնամք, բերքահավաք, վաճառք, իսկ ստացված գումարով դասարանների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում կամ էքսկուրսիաների կազմակերպում։ Այգին կհամալրվի ծառերի նոր տեսակներով՝ դեկորատիվ եւ մրգատու: Նախատեսվում է նաև առանձին պուրակների ստեղծում, իսկ մեծ բացատներում՝ մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտերի ստեղծում՝ կանաչ խոտածածկով։

-Ինչի՞ն կնպաստի այդ գործունեությունը:

-Որպես արտադասարանական գործունեություն՝ այն կնպաստի աշխատանքային դաստիարակության զարգացմանը և տնտեսագիտական գիտելիքների պրակտիկ ձեռքբերմանը։

– Արդյո՞ք  Ձեր  նպատակը՝ արթնացնել սեր դեպի բնությունն ու գեղեցիկը, արդյունավետ է։

– Կարելի է ասել, այո՛, որովհետեւ ամեն օր ականատեսն եմ լինում թե՛ աշակերտների, թե՛ ծնողների, թե՛ դպրոց այցելած քաղաքացիների հիացական ժպիտներին: Դպրոցի բակը ծնողների համար դարձել է զբոսանքի հաճելի վայր։ Այգում հաճախ կազմակերպվում են նպատակային բաց դասեր։ Թող տպավորություն չստեղծվի, որ դպրոցի գործունեությունը պայմանավորված է այգու առկայությամբ ու խնամքով։ Դպրոցն իրականացնում է որակյալ կրթություն: Իմ նպատակը «հաջողակների դպրոց» ունենալն է, որն ամրագրված է դպրոցի զարգացման ծրագրում, որտեղ յուրաքանչյուր երեխայի բոլոր կարիքները բավարարված կլինեն և որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն հաջողակ կզգա:

Անուշիկ Յոլչինյան
4-րդ կուրս

Կիսվել