Վադիմ Սկրիպչենկոն «Արարատ–Արմենիա» – ում իր շատ կարճ՝ երկու ամսվա մարզչական գործունեության ընթացքում պայմանագիր կնքեց շուրջ 22 ֆուտբոլիստների հետ: Նրանցից այժմ թիմում են մնացել ընդամենը 7 ֆուտբոլիստ:
Հեռացած ֆուտբոլիստներից առանձնացրել ենք, թերևս, ամենահայտնի 12 դեմքերին:
Լայամ Ռոուզ – Երիտասարդ ավստրալացի ֆուտբոլիստը երևանյան ակումբ էր ժամանել Ավստրալիայի ամենահեղինակավոր ակումբից՝ «Սենտրալ Քոստ Մարիներս»-ից: Սակայն Հայաստանում նրա գործերը այդքան էլ լավ չդասավորվեցին, և նա ստիպված եղավ անցկացնել ընդամենը 6 հանդիպում «Արարատ-Արմենիա» -ի մարզաշապիկով և լքել ակումբը: Նա կրկին վերադարձավ իր հայրենիք և իր կարիերան շարունակում է ոչ պակաս հայտնի «Սիդնեյ Յունայթեդ» ակումբում, ինչպես հաղորդում է «transfermarkt.com» կայքը:
Սերխի Գոնսալես – «Արարատ-Արմենիա» -ի ամենաշոկային տրանսֆերը մինչ այժմ համարվում է իսպանական գրանդ ակումբ «Ատլետիկո Մադրիդ»-ից ձեռք բերված իսպանացի ֆուտբոլիստը: Նա մինչև տեղափոխվելը հասցրել էր իր նախկին ակումբի հետ նվաճել ակումբային մակարդակով երկրորդ ամենամեծ տիտղոսը՝ Եվրոպա լիգայի գավաթը: Նա ստիպված էր հեռանալ «Ատլետիկո»-ից, քանի որ չէր ստանում բավարար խաղաժամանակ: «transfermarkt.com» կայքի հաղորդմամբ՝ «Արարատ-Արմենիա»- ում մեկ մրցաշրջան անցկացնելուց և երկրի չեմպիոնությունը նվաճելուց հետո նա տեղափոխվեց Խորվաթիայի բարձրագույն լիգա:
Հրայր Մկոյան – Հայաստանցի ամենափորձառու պաշտպաններից մեկի կարիերան անկում ապրեց հենց «Արարատ-Արմենիա»-ում: Մկոյանը պայմանագիր ստորագրելուց ընդամենը մեկ ամիս անց խզեց այն՝ վատ խաղ ցուցադրելու պատճառով: 9 խաղ անցկացնելու ընթացքում նա ստացավ մեկ դեղին և մեկ կարմիր քարտ, ինչը դժգոհություն առաջացրեց մարզչական շտաբի մոտ: Նա սկզբից տեղափոխվեց «Ալաշկերտ», որտեղից էլ վերադարձավ իր հարազատ «Շիրակ» ակումբ:
Արման Հովհաննիսյան –Հայաստանի ամենահեռանկարային եզրային պաշտպաններից մեկը նախորդ մրցաշրջանի սկզբում էր ժամանել «Արարատ-Արմենիա» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Զիրկա» ակումբից: Շատերին թվում էր, որ նա կկարողանա ցույց տալ իր բոլոր լավ կողմերը, սակայն ինչպես ֆուտբոլիստներից շատերը, այնպես էլ Արման Հովհաննիսյանը չհարմարվեց Վադիմ Սկրիպչենկոյի խաղաոճին և զիջեց իր տեղը մեկնարկային կազմում: Չկարողանալով իրեն դրսևորել Վարդան Մինասյանի գլխավորությամբ ևս՝ մրցաշրջանի միջնամասում տեղափոխվեց հետնապահ «Գանձասար-Կապան»:
Ռոբերտ Դարբինյան – «Շիրակ» ակումբի սկանդալային դեպքից հետո, կապված պայմանավորված խաղի հետ, ակումբի ֆուտբոլսիտների մեծ մասը լքեց թիմը և սկսեց փնտրել նոր ակումբներ: Ռոբերտ Դարբինյանն իր տեղը գտավ «Արարատ-Արմենիա»- ի կազմում, սակայն մրցակցության մեջ զիջելով սույն նյութում տեղ գտած Սերխի Գոնսալեսին՝ մշտապես մնում էր պահեստայինների նստարանին: Մասնակցելով ընդամենը 4 հանդիպման երևանյան ակումբի կազմում՝ նա փոխեց իր ակումբային գրանցումը և պայմանագիր կնքեց «Ուրարտու»-ի հետ, որտեղ համարվում է հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Իվայլո Դիմիտրով – Բոլորի համար հասկանալի էր որոշ ֆուտբոլիստների հեռանալու պատճառները, բացի մեկ ֆուտբոլիստից: Դիմիտրովը փայլուն էր հանդես գալիս «Արարատ-Արմենիա»- ի կազմում և 17 խաղում խփել էր ոչ ավել, ոչ պակաս 10 գնդակ և գլխավորում էր ռմբարկուների ցուցակը: Նա 2019 թվականի փետրվարին անհասկանալի պատճառներով վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց Ղազախստանի Պրեմիեր լիգայի «Ժետիսու» ակումբ: Մրցաշրջանի ավարտից հետո նա վերադարձավ Հայաստան, սակայն, ըստ transfermarkt.com-ի, ակումբը նրան ազատ խաղացողի կարգավիճակով բաց թողեց բուլղարական «Արդա» ակումբ:
Դավիդ Դավիդյան – Բացի լատինամերիկյան երկրներից ժամանած ֆուտբոլիստներից շատ էին նաև խաղացողներ, որոնք իրենց ողջ կարիերան անցկացրել էին Ռուսաստանի Առաջին լիգայում: Դավիդ Դավիդյանի կարիերան վերջին երկու տարիների ընթացքում կապված է միայն «Արարատ» անվամբ ակումբների հետ: Նա «Արարատ-Արմենիա» տեղափոխվեց «Արարատ-Մոսկվա» ակումբից, իսկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվեց Երևանի «Արարատ»:
Արսեն Սիուկաև – Ռուս երիտասարդ դարպասապահի հետ այդ ժամանակ ակումբ էր տեղափոխվել ևս մեկ փորձառու դարպասապահ՝ Դմիտրի Աբակումովը: Հասկանալի պատճառներով մարզիչները դարպասապահի դիրքում վերջինիս վստահեցին, և Արսեն Սիուկաևը խաղադաշտ էր դուրս գալիս շատ հազվադեպ: Ստեղծված իրավիճակը նրան ստիպեց հեռանալ ակումբից, և նա հնարավորություն ստացավ տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացած «Տոմ» ակումբ. տեղեկացնում է «transfermarkt.com» կայքը:
Ալբերտո Օրտիզ – Նախորդ մրցաշրջանից առաջ նորաստեղծ ակումբը որոշ տրանսֆերների հարցում շտապեց և բականաչափ ֆուտբոլիստների քանակ հավաքելու համար ձեռք բերեց մի շարք անհայտ ծագմամբ խաղացողների: Կոլումբացի ֆուտբոլիստ Օրտիզը թիմի կազմում անցակցրեց ընդամենը մեկ խաղ և, առաջնության միջնամասում, մի շարք ֆուտբոլիստների հետ միասին լքեց ակումբը: Կես տարի չունենալով որևէ ակումբ՝ նա տեղ գտավ լատինական ամերիկայի երկրներից՝ Պանամայի առաջնության միջակ թիմերից մեկի կազմում:
Վլադիմիր Խոզին – «Արարատ-Արմենիա»-ի լավագույն տրանսֆերներից մեկը՝ Վադիմ Սկրիպչենկոյի գլխավորությամբ: Խոզինը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալ» ակումբից վարձավճարով տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»: «transfermarkt.com»-ը նրա տրանսֆերային արժեքը այդ պահին գնահատում էր 2.000.000 եվրո: Նա, իհարկե, մեկնարկային կազմի ֆուտբոլիստ էր համարվում նախորդ մրցաշրջանում: Պայմանագրի ավարտից հետո ստիպված էր վերադառնալ իր հարազատ թիմ:
Գեորգի Պաշով – Ծագումով ուկրաինացի, բայց Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը իր կարիերայի պիկը գրանցեց Հայաստանում: Նա, անխոս, համարվում էր մեկնարկային կազմի ֆուտբոլիստ Սկրիպչենկոյի և Մինասյանի գլխավորությամբ: Նա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվեց Բուլղարիայի ազգային հավաքական ու մասնակցեց Անգլիայի ազգային ընտրանու հանդիպմանը: Նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք բարձրակարգ ակումբներ: Նա դրանցից ընտրեց ղազախական հայտնի ակումբ «Տոբոլ»- ը:
Չարլզ Մոնսալվո – Լատինական ամերիկայից ժամանած ամենահայտնի ֆուտբոլիստը: Նա այդ պահին համարվում էր Հայաստանի ամենաթանկարժեք խաղացողը: Նրա տրանսֆերային արժեքը ժամանելու պահին կազմում էր 600.000 եվրո: Սակայն հայտնիությունը նրան այդքան էլ հաջողություն չբերեց այլ մայրցամաքում: Նա նույնպես ընդգրկվեց այն ֆուտբոլիստների շարքին, ովքեր լքեցին ակումբը՝ անգամ մրցաշրջանը չավարտված:
Այս ֆուտբոլիստները միացան նորաստեղծ թիմին նախորդ մրցաշրջանի սկզբում, սակայն չունենալով բավարար խաղամակարդակ` հեռացան թիմից, քանի որ չէին համապատասխանում նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հավակնություններին: Նրանց հեռանալուց հետո թիմ եկան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ ակումբն իր պատմության առաջին մրցաշրջանում հաղթեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում և նվաճեց սուպերգավաթի տիտղոսը:
Միքայել Շախուլյան
2-րդ կուրս