ԳԵՎՈՐԳ ԵՍԱՅԱՆ. «ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ ՉՈՒՆԵՆ․ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՐ, ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԻ ...

ԳԵՎՈՐԳ ԵՍԱՅԱՆ. «ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ ՉՈՒՆԵՆ․ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՐ, ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԻ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ՕԳՆԵԼՈՒ»

845

Գևորգ Եսայանը 23 տարեկան է։ Արդեն 2 տարի է՝ զբաղվում է կամավորական աշխատանքներով «Հայի բռունցք» երիտասարդական, մշակութային կազմակերպությունում։ Ներգրավված է եղել միության իրականացրած 114 մշակութային, կրթական նախագծերին (ստեղծագործ հրազդանցի, նկարների ցուցահանդես, շախմատի առաջնություն, հանդիպում-քննարկումներ մշակութային և հասարակական գործիչների հետ և այլն)։ «Ժուռնալիստին» Գևորգը պատմեց կամավորի առօրյայի եւ աշխատանքի առանձնահատկությունների մասին։

-Կամավորական աշխատանքներում ներգրավված լինելն, իրականում, այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ այն պետք է համատեղել աշխատանքի հետ։ Հաճախ ստիպված եմ լինում աշխատանքից հետո միանալ կամավորական թիմին, իսկ հանգստյան օրերի մասին, անգամ, ավելորդ է խոսել։ Կամավորները հանգստյան օրեր չունեն։ Ցանկացած օր, ցանկացած ժամի պետք է պատրաստ լինել հնարավոր աշխատանքներին մասնակցելու և օգնելու։

Հաճախ մարդիկ, ովքեր չգիտեն կամավորական աշխատանքների, կամավորների գործունեության մասին, ինձ հարցնում են՝ «Բա քո օգուտը ո՞րն է»։ Այդ մարդկանց բացատրել, որ այդ ամենն անում եմ որպես բարի կամքի դրսևորում՝ ավելի դժվար է, քան ամբողջ օրն աշխատելը։

Համաճարակի բռնկման օրերին ևս կամավորական աշխատանքներին մասնակցությունս չեմ դադարեցրել։ Այս օրերին առավել, քան երբևէ կարևորում եմ իմ կատարած աշխատանքը։

Կամավորական աշխատանքների ժամանակ երբեք հոգնածություն չեմ զգացել։ Ամեն անգամ մի նոր նախաձեռնության կազմում ընդգրկվելիս՝ կարծես ուժերս գերազանցում են նախորդին։ Ինձ տրված առաջադրանքը կատարել և կատարում եմ մեծ սիրով, իսկ մոտիվացիաս՝ երբեք չի պակասել։ Այն շարունակում է աճել ամեն բացվող օրվա հետ։

Անի Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել