«ՄԻՇՏ ՎՍՏԱՀ ԵՄ ԵՂԵԼ, ՈՐ ՄԻ ՕՐ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ». ՄԵՐԻ...

«ՄԻՇՏ ՎՍՏԱՀ ԵՄ ԵՂԵԼ, ՈՐ ՄԻ ՕՐ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ». ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ

1476

Մերի Ներսիսյանին այսուհետ կտեսնենք  որպես Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի մեկնաբան: «Բարև երկիր», «Փնտրեք կնոջը»,«Հայ մայրիկ»,«Թիրախ»,«Մարօգ մարքեթինգ», «Մայրիկների ակումբ», «Առավոտ լուսո» հաղորդումների հաղորդավարուհու հետ զրուցեցինք նոր աշխատանքի, որպես մեկնաբան ընկալվելու և այս ամենը ընտանեկան կյանքի հետ համատեղելու մասին:

 –Մերի,  Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ դեռ ուսանողական տարիներից ցանկացել եք լինել լրատվական հաղորդումներում։ Այժմ, որպես մեկնաբան, ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են։

 – Միշտ սիրել եմ լրատվական ոլորտը, ուսանող տարիներին մեծ ուշադրություն եմ դարձրել դրան: Հիշում եմ, որ ամեն օր թերթերի տրցակով տուն էի գնում ու կարդում: Միշտ վստահ եմ եղել, որ մի օր հայտնվելու եմ լրատվական հաղորդման թիմում: Պարզապես մտածում էի, որ կսպասեմ մի քանի տարի ու նոր կմտածեմ այդ ուղղությամբ: Բայց, երբ եղավ համապատասխան առաջարկը, որոշեցի ընդունել:

 –Մինչ այս եղել եք ավելի ժամանցային հաղորդումների հեղինակվարող: Մտավախություն չկա՞ր չընկալվելու որպես մեկնաբան:

 – Ժամանցային ասվածը շատ լայն է. աշխատանքիս շրջանակը եղել է կրթական-մշակութային ոլորտը: Շատերն ունեին մտավախություն, որ դժվար է լինելու կերպարի ընկալումը լրատվականում, բայց մարդկանց արձագանքն ու իմ զգացողությունները հաստատեցին, որ ամեն բան շատ ավելի հեշտ ու թեթև անցավ:

 –Իսկ որպես մեկնաբան, ի՞նչ դժվարություններ ու բարդություններ եք ունենում:

-Յուրաքանչյուր նոր աշխատանք` ենթադրում է դժվարություններ: Լրատվական հաղորդումը ենթադրում է անսահման մեծ պատասխանատվություն, որը ծնում է վախ, լարվածություն: Իսկ դրանք ուղիղ եթերում հաղթահարելը ու քո գործը փայլուն անելը՝ բարդ է: Սակայն, ժամանակի ընթացքում, կարողանում նաև դա հաղթահարել:

 Չե՞ք բացառում կրկին նախկին ձևաչափին վերադառնալը:

– Հիմա դեռ կենտրոնացած եմ լրատվական ոլորտի վրա: Դեռ բացահայտելու, սովորելու շատ բան ունեմ, ուստի նպատակներս դեռ այս դաշտում են:

 Ունեք երեք երեխա, ինչը ենթադրում է լարված գրաֆիկ, այդ ամենի հետ աշխատանքային հագեցված առօրյա ինչպե՞ս եք համատեղում:

– Ես 3 երեխաների մայր եմ, նաև շատ ակտիվ եմ կենցաղում: Երբ ես տանը չեմ լինում, մեզ օգնում են տատիկն ու դայակը: Ինձ օգնում է նաև ժամանակը ճիշտ կառավարելու հմտությունս, ուստի հասցնում եմ ամեն բան, ու փորձում եմ ամեն ինչ անել իդեալականին մոտ:

Դուք և ձեր ամուսինը աշխատում եք նույն բնագավառում, դա օգնում, թե՞ խանգարում է:

Մենք հիմա աշխատում ենք նույն շենքում, նույն ոլորտում, բայց օրերով աշխատավայրում չենք հանդիպում: Քանի որ տարբեր են խմբագրությունները, տարբեր են թիմերը: Բայց, ինչ խոսք, հաճելի է, երբ կողքիդ քո ոլորտի պրոֆեսիոնալ է, ով պարբերաբար, իր սուր աչքով գնահատում է արածդ:

Լիլիթ Քասինյան
4-րդ կուրս

Կիսվել