ՀԱՂԹԱՆԴԱՄ ԱՂՋՆԱԿԸ․ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԼԻԱՆԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ

ՀԱՂԹԱՆԴԱՄ ԱՂՋՆԱԿԸ․ ԱՇԽԱՐՀԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԼԻԱՆԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ

2074

 Ծանրամարտի երիտասարդների և պատանիների բազմակի չեմպիոն Լիանա Գյուրջյանը` այս հաղթանդամ աղջնակը, ով բազում հաղթանակների է հասել 18 տարեկանում, առաջին հայացքից պատրաստ է սարեր շուռ տալ, իսկ ներքուստ նուրբ և քնքուշ աղջիկ է, ով անտարբեր չի կարողանում անցնել ծաղիկների (առավել ևս դաշտային ծաղիկների) կողքով։ Մտերիմ ընկերներից մեկի՝ Արփինեի խոսքով, ընկերասեր է, հոգատար, բայց միևնույն ժամանակ շուտ նեղացկոտ։ Նա ծանրամարտով սկսել է զբաղվել ինը տարեկանից։ Ծնողները դեմ չեն եղել մարզիկի ընտրությանը։

 «Ընդհանրապես սպորտ շատ եմ սիրել, բայց ավելի շատ սիրեցի ծանրամարտը այն ժամանակ, երբ հեռուստացույցով տեսա Հրիփսիմե Խուրշուդյանին ու Նազիկ Ավդալյանին։ Հետագայում, տեսնելով նրանց հաջողությունները, սկսեցի հետաքրքրվել ծանրամարտով»,- «Journalist.am»ի հետ զրույցում պատմում է մարզիկը։ Որքան էլ զարմանալի հնչի, Լիանան շատ սիրում և հետաքրքրվում է բնագիտական առարկաներով։ Գիտելիքների պաշարը փորձում է ավելի հարստացնել, տեղեկացվել և ավելի շատ տեղեկություն իմանալ ֆիզիկայից։ Մարզուհու նախասիրություններից մեկն էլ երաժշտություն լսելն է։ Ընկերուհիների խոսքով՝ ականջակալները միշտ ականջին են։ Նրանց ընկերության վառ մասնիկն են Վինի թուխ մուլտֆիլմի հերոսները: Իր հաջորդ նախասիրությունը մեքենա վարելն է․ Արփինեն նշում է, որ նաև Լիանան է իրեն վարել սովորեցրել։ Լիանան, որոշ չափով, ուզում է նմանվել իր սիրելի մարզուհուն՝ Տատյանա Կաշիրինային (ռուս մարզիկ աշխարհի բազմակի չեմպիոն): Առաջնության ժամանակ հասցրել է անգամ նկարվել նրա հետ։

Ընկերուհիներից Մարգարիտայի խոսքով՝ Լիանան նման չէ սովորական մարդկանց, նա իր աշխարհն ունի, իր կյանքը։ Իր աշխարհայացքը շատ է տարբերվում մյուսներից․ «Գրեթե բոլորս շատ նման նախասիրություններ ունենք, բայց Լիանան շատ տարբերվող է։ Օրվա ամեն վայրկյան երաժտություն է լսում, ամեն անգամ բարկանում եմ, որ չեմ թողնում երաժշտություն լսի, բայց, միևնույնն է, նա շարունակում է լսել»։

Մարգարիտան նշում է, որ շատ են եղել զավեշտալի պատմություններ,սակայն ամենահիշվողն ու ամենատպավորիչ պատմությունը եղել է ուսումնամարզական հավաքների ժամանակ․ «Չեմ հիշում ինչից, բայց նեղացել էի, սկսեցինք բանավիճել (կատակում էինք), փորձում էի բռնել Լիանային, սակայն չստացվեց։ Սեղանին թխվածքներ էին դրված, վերցրի թխվածքն ու քսեցի նրա վրա։ Նա էլ մի մեծ կտոր վերցրեց ու քսեց մազերիս (ծիծաղում է ), զավեշտալին այն էր, որ մեր մազերը

քաղցրից  ամբողջությամբ կպել էին իրար, իսկ  հյուրանոցում ջուր չկար, ու մենք չկարողացանք լողանալ, սպասեցինք այնքան, մինչև որ ջրերը տվեցին»։

Մարզումների ժամանակ եղել են բազում դժվարություններ և խոչընդոտներ, բայց դրանք չեն խանգարել իրեն ամրապնդվելու մեծ սպորտում։ Ծանրորդուհին ծանրաձողը բարձրացնելու ժամանակ չի հասկանում՝ վախենու՞մ է ձողից, թե՞ պարզապես լարվածությունն է առաջ գալիս։ Նա չունի թալիսման, ինչպես մյուս մարզիկները։ Իրեն օգնող ուժն Աստված է․ ծանրաձողին մոտենալիս միշտ խաչակնքվում է։ Նրա՝ գրեթե բոլոր երազանքները կապված են ծանրամարտի հետ։ Պատրաստ է քրտնաջան աշխատել, որպեսզի հասնի իր նպատակներին և երազանքներին։ Այժմ պատրաստվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը տեղի կունենա Մոսկվայում։

Անուշ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել