Վերջին շրջանում երևանյան գրեթե բոլոր ռեստորանների ճաշացանկում գերակշռում են միկրոկանաչիները: Դրանք հիմնականում օգտագործվում են ուտեստները ձևավորելու համար, բայց օրեցօր աճող պահանջարկը ցույց է տալիս, որ շատ ռեստորաններ դեկորից անցել են որպես համային ճիշտ լրացման և օգտակար բաղադրիչի օգտագործման։
Միկրոկանաչիները բանջարեղենների և խոտաբույսերի սածիլներն են: Դրանք զարգացող տեսակի բանջարեղեններ են, որոնք կարող ենք ճաշակել ինչպես ռեստորաններում, այնպես էլ ձեռք բերել սուպերմարկետներից:
Էկոսննդի արտադրությամբ զբաղվող «Կանաչ թագուհի» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Անահիտ Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմել է միկրոկանաչիների օգտակարության և լայն գործածության մասին. «Մեկ փոքրիկ ճյուղ միկրոկանաչին պարունակում է մոտավորապես կես կիլոգրամ բանջարեղենի վիտամիններ: Նրանք չեն կարող վերածվել լիարժեք բանջարեղենի, քանի որ ինտենսիվորեն տնկվում են շատ քիչ խորության հողում: Այստեղ ամեն ինչ օրգանական է»:
Էկոլոգիապես մաքուր սերմերը տիկին Անահիտը ներկրում է Եվրոպական երկրներից: Այժմ ունի միկրոկանաչիների 15 տեսակ, որոնք բոլորն ունեն իրենց հավաստագրերը. «Միկրոկանաչիների օգտագործելու ամենատարածված ձևը աղցանի մեջ ավելացնելն է, բայց դրանք լայն կիրառելի են նաև մսեղենի, ձկան, հավի, ապուրների, կաթնաշոռի, ինչպես նաև շատ համատեղելի են խմորեղենների հետ: Պարունակում են սպիտակուցներ և մի շարք վիտամիններ»:
Հաճելի բույրով, թեթևակի այրող համով միկրոկանաչիների հասունացման տևողությունը 5-14 օր է։ «Յուրաքանչյուր բույսի համար անհրաժեշտ է ընտրել դրան հատուկ լուսավորությունը․ միկրոկանաչիներն աճում են հատուկ LED լույսերով։ Սխալ լույսից նրանք կարող են սթրեսի ենթարկվել և թառամել։ Կարևոր է պահպանել խոնավությունը, 20-22 աստիճան ջերմությունը»,- պատմում է տիկին Անահիտը։
Երևանյան ռեստորաններից մեկի խոհարար Դավիթ Հարությունյանը նշում է, որ իրենց ռեստորանի ուտեստների 90 տոկոսում մշտապես օգտագործվում են միկրոկանաչիներ: «Այս պահին մենք օգտագործում ենք 7 տեսակի միկրոկանաչի: Խորհուրդ եմ տալիս օգտագործել ամենօրյա սննդակարգում, որովհետև իսկապես շատ օգտակար են և համեղ»:
Սննդաբան Շաղիկ Մինասյանի խոսքով՝ աշխարհում մեծ տարածում գտած կանաչիները մարդիկ նախընտրում են օգտագործել իրենց ամենօրյա սննդակարգում, որովհետև դրանց կալորիականությունը շատ քիչ է, բացի այդ, պարունակում են մի շարք վիտամիններ և հանքանյութեր.
«Շատ օգտակար են հատկապես մարսողական համակարգի, սիրտ-անոթային համակարգի, շաքարային դիաբետ ունեցողների համար: Միկրոկանաչիները նվազեցնում են մեր մարմնի վատ խոլեստերինը(LGL) և հակառակը՝ լավ խոլեստերինը բարձրացնում են(AGL), այդ պատճառով էլ այդ հիվանդություններն ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել շատ հաճախ:
Օրինակ, եթե համեմատենք բրոկոլին և բրոկոլիի միկրոկանաչին՝ միկրոկանաչու մեջ կա ավելի շատ վիտամիններ, քան, հենց բրոկոլիի մեջ»:
Միկրոկանաչիներն ունեն նաև բարձր հակաօքսիդիչ պարունակություն, ինչը նշանակում է, որ դրանք կարող են օգնել կանխել մի շարք հիվանդություններ:
Առանձնահատուկ հիվանդությունների բուժման կամ կանխարգելման համար միկրոկանաչիներ օգտագործելու մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, բայց գիտնականները քննարկում են դրանց հնարավոր օգուտները:
Կարինե Հովհաննիսյան
3-րդ կուրս