ՔԱՅԼ ԴԵՊԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1883

«Լրագրողն այն մասնագետն է, ում ձեռքը կա բարձրախոս, ձայնագրիչ, որը ձայնագրում է, հետո գալիս է իր լսարանին փոխանցում այն, ինչ լսել է ու տեսել»։ Այս մասին այսօր ասաց լրագրող-խմբագիր, դասախոս Գոհար Մանուկյանը՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի ուղիղ եթերում։ 

Հանդիպումը կազմակերպվել էր  «Դասը վարում է լրագրողը» նախաձեռնության շրջանակներում, երբ դաս-զրույցի ընթացքում ոլորտի առաջատար լրագրողները բացատրում են լրագրողական աշխատանքի նրբություններն ու գաղտնիքները։

Լրագրողը շնորհավորեց ԵՊՀ-ի հիմնադրման 101-րդ տարեդարձը և հպարտորեն նշեց, որ ուսանողական առաջին տարիներից սկսել է թղթակցել տարբեր լրատվամիջոցների․

«Տպագիր մամուլը լրագրության սկիզբն է․ սկսում ես ծանոթանալ, գրել սովորել։ Այդ փորձի շնորհիվ անընդհատ կարողանում ենք լավ հոդվածներ գրել»։

Լրագրողը փաստեց, եթե տպագիր լրատվամիջոցում ունես փորձ, կարող ես վստահ քայլ կատարել դեպի հեռուստատեսություն։

Բանախոսը նկատեց, որ հեռուստատեսությունը բոլորովին այլ աշխարհ է․

«Եթե մեզ համար տպագիր մամուլում կարևոր է, որ մենք շատ ուշադրություն դարձնենք մեր աղբյուրների հավաստիությանը, ունենանք հետաքրքիր լուսանկար, դա համեմենք ինֆոգրաֆիկայով, ապա հեռուստատեսությունում գործիքները շատ ավելի շատ են։ Հեռուստատեսությունում այն մասը, որը մենք ուզում ենք ասել տեքստով, կարող ենք ավելացնել նաև մեր լայֆը, ինտերշումը, սինքրոնը և փորձենք ավելի հետաքրքիր դարձնել մեր տեսանյութը»։

Լրագրողը ընդգծեց, որ հեռուստատեսությունը, ընդհանրապես ժուռնալիստիկան, թրծում է մարդուն։

Խոսելով լրագրողի առանձնահատկությունների մասին՝ բանախոսը առանձնացրեց հետևյալ կետերը․

1․Լրագրողը մեծ պատասխանատվություն պետք է ունենա թե՛ իր լսարանի հանդեպ, թե՛ խմբագրության․

«Լսարանը լրագրողին տրամադրում է իր թանկ ժամանակը, որպեսզի լինի տեղեկացված, 50 վայրկյանից մինչև 2 րոպեանոց տեսանյութում լրագրողը պետք է ներկայացնի և լուսաբանի իրադարձությունը և չփորձի որևէ աղբյուրի կամակատարը լինել»:

 2․Լրագրողը պետք է մշտապես ինքնակրթվի․

«Նախքան բուն նյութին անդրադառնալը, լրագրողը պետք է լավ ուսումնասիրի թեման, կարդա համապատասխան գրականություն, և միայն դրանից հետո գրի հոդվածը կամ կազմի հարցերը»։

3․Լրագրողը պետք է շատ ընթերցի, որպեսզի վարժ գրել կարողանա և վստահ առաջ գնա։

4․Պետք է նորարար  լինել  և չվախենալ դրանից։

5․Պետք է վստահ լինել, բայց ոչ ինքնագոհ։

6․Պետք է շատ աշխատասեր լինել  ու գրագետ։

Լրագրողը ընդգծում է, որ ինքնակրթվելուց և պատասխանատվությունից բացի, լրագրությունը մեզ հնարավորություն է տալիս դառնալ նաև շատ կազմակերպված․

«Ինձ համար լրագրությունը գրեթե բացասական կողմ չունի․ դու փորձում ես օբյեկտիվ լինել և մի կողմ ես դնում քո բոլոր ցանկությունները»,-փաստում է Գոհար Մանուկյանը և ավելացնում․ «Լրագրողներիս համար մեր զենքը մեր խոսքն է, գրիչը»։

Անդրադառնալով լրագրողի մասնագիտության բացասական կողմերին՝ բանախոսը առանձնացրեց այն, որ լրագրողը անձնական կյանքի համար շատ քիչ ժամանակ է ունենում․

«Լրագրողն աշխատում է 24 ժամ և չի կարողանում կտրվել իր մասնագիտությունից»:

Բանախոսը պատասխանեց նաև  դիմորդների և լրագրողների հարցերին և կարևորեց այն, որ առաջին նախադասությունով  քո լսարանը սկսում է քեզ լսել, իսկ վերջին նախադասությունով՝ հիշել։

Դասախոսը կարևորեց նաև այն, որ լրագրողը պետք է ավարտած լինի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որովհետև ուրիշ ոչ մի այլ ֆակուլտետում չեն տալիս մասնագիտական այն գիտելքները, որոնք մենք ստանում ենք։

Հանդիպումը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը։

Արփինե Հակոբյան,

3-րդ կուրս

Կիսվել