ՄԵՐՕՐՅԱ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐՕՐՅԱ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

3707

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները ավելի շատ մաքուր օդ շնչեն, ապա համակարգիչները տեղափոխեք բակ:

Քսանմեկերորդ դարում մանկություն հասկացությունը մեղմ ասած այլ կերպ է ընկալվում: Այժմ երեխաների մեծ մասը իր մանկությունն անցկացնում է համակարգիչների, հեռախոսների և հեռուստացույցների  առաջ: Հարցման արդյունքում պարզվեց, որ երեխաների մեծ մասը նախընտրում է համակարգչի առաջ անցկացնել ազատ ժամանակը: Հարց է առաջանում, թե ի՞նչն է նրանց գրավում: Մեր հարցման ընթացում պարզվեց, որ մեծ մասը մտնում է սոց ցանցեր և, որ ամենատխուրն է, odnoklassniki.ru կայքում խաղում է «Целуй и Знакомься» խաղը: Այ թե  ինչ ազդեցություն պետք է ունենա այս խաղը 6-8 տարեկան երեխայի հոգեբանության վրա, արդեն հստակ է բոլորի համար:

Երեխաների վրա դաժան համակարգչային խաղերի բացասական ազդեցությունը մտահոգիչ խնդիր է դարձել նաև բժիշկների ու հոգեբանների համար։ Նրանց կարծիքով դրանք երեխաների մեջ ագրեսիա են սերմանում։ Երեխաների մեծ մասը համակարգչի առջև խաղում է այնպիսի խաղեր, որոնք խեղում են երեխայի ներաշխարհը, նրանց դարձնում են ագրեսիվ ու նյարդային: Այն խաղերը, որտեղ երեխաները մարդիկ են սպանում կամ ծեծում, շատ բացասական ազդեցություն են թողնում երեխայի վրա:

Այս ամենի վառ ապացույցն  է փոքրիկի պատմությունը. Արմենը հաճախ խաղում է շատերին հայտնի Grand Theft Auto  համակարգչային խաղը, որում նա գողություն է անում, մարդկանց է ծեծի ենթարկում կամ սպանում: Նրա ծնողները մտահոգված են երեխայի վարքով, քանի որ նա խաղում հնչող ոչ պարկեշտ արտահայտությունները կիրառում է առօրյայում և ագրեսիվ է տրամադրված մարդկանց նկատմամբ, կրկնօրինակում է խաղի հերոսի վարքն ու անզուսպ շարժումները: Ծնողները արգելում են նրան խաղալ այդ խաղը, բայց նա նյարդային ցնցումների գնով շարունակում է խաղալ: Այդ խաղը երեխային կախվածության մեջ է գցել: Ծնողները մտադիր են երեխային հոգեբանի մոտ տանել:

Համակարգչի բացասական ազդեցությունը միայն համակարգչային խաղերով չի սահամանափակվում։ Անձի ձևավորման համար համացանցը ոչ պակաս վտանգավոր երևույթ է։  Հատկապես սոցիալական կայքերն ունակ են կլանելու և կախման մեջ գցելու նույնիսկ ամենավառ անհատականություն ունեցող մարդկանց։ Մենք հարցում կատարեցինք 18-20 տարեկան երիտասարդների շրջանում պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք այցելում սոց. կայքեր: Արդյունքը սպասվածից ավելին էր. շատերը խոստովանեցին, որ ողջ օրվա մեծ մասը սոցիալական կայքերում են անցկացնում, մյուսները պարզապես խուսափեցին պատասխանելուց կամ թռուցիկ ժամաքանակ նշեցին:

-Այո, ես ողջ օրը Facebook սոցիալական կայքում եմ լինում ու չեմ կարծում, որ վտանգավոր բան կա դրանում: Ես ազատորեն շփվում եմ մարդկանց հետ, նոր ծանոթություններ եմ հաստատում,- մեզ հետ զրույցում նշեց Մանեն:

Համացանցի կախվածություն առաջացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, սակայն մեզ շրջապատող իրականությունը փաստում է, որ սոցիալական կայքերը ավելի մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց մեծամասնության մոտ, քան իրական կյանքը:

Համացանցի վտանգավոր, շատ դեպքերում նաև կործանարար ազդեցությունը այսքանով չի սահմանափակվում: Ռուսաստանի քաղաքներից մեկում մի խումբ երեխաներ գրանցվել էին մի կայքում, որտեղ ներկայացված են ինքնասպանության տեսակներն ու մեթոդները: Այդ ամենը հետաքրքրում էր դեռահասներին: Նրանք պարբերաբար այցելում էին այդ կայքեր, մեկնաբանություններում քննարկում, թե ինքնասպան լինելու որ ձևն է հեշտ, ինչպես պետք է անել և այլն: Նրանք անգիտակցաբար, հետաքրքրությունից դրդված որոշում են փորձել այն, ինչ լսել էին: Մեկ օրում 4 երեխա միասին համարձակվում է ինքնասպան լինել, ցատկելով 10-րդ հարկից: Այս ողբերգական դեպքից հետո ոստիկանները հետաքննություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է այդ կայքի օգտատիրոջ ինքնությունը: 16-ամյա դեռահասին տեղափոխել են մանկական գաղութ:

Ահա այսպիսի անդառնալի ու ողբերգական հետևանքների է հանգեցնում համացանցում դեռահասների ազատությունը նաև ծնողների անուշադրությունը:

Ծնողները մեծ ներդրում ունեն երեխայի աշխարհաճանաչման գործում: Նրանք երեխաներին պետք է բացատրեն այն բոլոր վտանգների մասին, որոնք առաջանում են ինչպես համակարգչային խաղերը չարաշահելուց, համացանցում շափից շատ ազատ լինելուց, այնպես էլ նստակյաց կենսակերպից:

Գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանք վարելը հանգեցնում է երիկամների հիվանդության, որը բնորոշվում է դրանց գործառույթների շարունակական նվազմամբ :Համաձայն հետազոտությունների արդյունքների` նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի: Համակարգիչը նյարդային համակարգի խնդիրներ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված մարդու մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ և ճարպակալում:Պարբերաբար համակարգչից օգտվելը մարդու մոտ առաջացնում է կեցվածքի փոփոխություն` ողնաշարի ծռումներ, կուզ և, իհարկե, տեսողության վատացում:

Այս բոլոր խնդիրները ծնողները պետք է երեխայի հետ քննարկեն ու թույ չտան երկար ժամանակ նստել համակարգչի կամ հեռուստաույցի առաջ:  Եվ պետք է հսկեն, արդյո՞ք ինչ խաղ է խաղում երեխան կամ ի՞նչ հաղորդում է դիտում: Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող պատասխանատու է իր երեխայի ինչպես առողջ մարմնի, այնպես էլ նրա վառ անհատականության ձևավորման մեջ:

 

Շահանե Բաղդասարյան

2-րդ կուրս                           

Կիսվել