ԱՄԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐ ԳՈՒՅՆԸ

ԱՄԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐ ԳՈՒՅՆԸ

1644

Դեկտեմբերի 9-ին Երևանի Պետական համալսարանի որոշ ֆակուլտետների ուսանողներ և դասախոսներ հավաքվել էին՝ «պարզելու» գույների էությունն ու դրանց ազդեցությունը մարդկանց վրա: Հանդիպման բանախոսը «Արեքնազա» կրթահամալիրի մանկավարժ, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դասախոս Արա Աթայանն էր: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

«Մեր շրջապատում գույներ գոյություն չունեն, գոյություն ունեն ալիքային տատանումներ, որոնց միջոցով էլ մենք ընկալում ենք գույները», –ասաց բանախոսը:

Արա Աթայանը կարևորեց գույների դերը մարդկանց կյանքում. «Չի կարելի ամենուր օգտագործել մուգ գույներ: Եթե մեծահասակները հագնում են մուգ գույնի հագուստներ, և դա նորմալ է ընկալվում, ապա երիտասարդների դեպքում այն հաճախ բերում է վատ տրամադրության թե՛ իրենց, թե՛ շրջապատի մոտ: Հիշե՛ք, որ մարդու տրամադրությունը ևս ունի իր գույնը»:

Հանդիպման ընթացքում հիշելով գերմանացի գրող Գյոթեի խոսքը, թե գույներն առաջանում են, երբ լույսը հանդիպում է խավարին, Աթայանը ասաց․ «Երբ արևածագը հանդիպում է մայրամուտին ուշադրություն դարձրեք, որ այդ պահին արևը միշտ կարմիր է, իսկ լեռները՝ կապույտ: Հենց լույսի ու խավարի հանդիպումից են ծնվում 3 հիմնական գույները՝ կարմիր, կապույտ և դեղին, իսկ այս երեքի միացումից էլ առաջանում են մնացած երանգները»:

Բանախոսը հանդիպման ավարտին մի քանի փորձի միջոցով գործնականում ցույց տվեց 3 հիմնական գույներից տարբեր երանգների առաջացումը:

ԵՊՀ-ում սա արդեն երկրորդ հանդիպումն էր Արա Աթայանի հետ: Առաջին հանդիպմանը, հյուրը ներկայացրել էր մարդու 4 խառնվածքները, շատ էր ոգևորել ուսանողներին և այդ պատճառով կազմակերպվել էր նաև այս հանդիպումը. «Առաջիկայում նախատեսում ենք ևս մեկ հանդիպում պարոն Աթայանի հետ: Հույս ունեմ, որ մյուս հանդիպմանը նույն ոգևորությունն ու մարդաշատությունը կլինի», – հավելեց հանդիպման կազմակերպիչ Գեղամ Ասատրյանը:

 

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել