ԳԻՐՔՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂՑԿԵՂԻ

ԳԻՐՔՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂՑԿԵՂԻ

1737

Գիրքը քաղցկեղի դեմ պայքարի յուրահատուկ միջոց էր դարձել դեկտեմբերի 10-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում կազմակերպված «Ավելի երջանկաբեր է տալը, քան առնելը» խորագրով բարեգործական գրքահավաք-ցուցահանդեսի ժամանակ: Գրքահավաք-ցուցահանդեսի մասնակիցները կարող էին վերցնել իրենց նախընտրած գրքերը և փոխարենը բարեգործական արկղիկների մեջ նվիրաբերել այնքան գումար, որքան ցանկանում են: Հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Ֆոնդ-100» բարեգործական հիմնադրամին՝ մինչ Ամանոր ևս մեկ երեխայի քաղցկեղի բուժման ծախսերը հոգալու համար:

Նախաձեռնության հեղինակ, «MY bookstore» օնլայն գրախանութի հիմնադիր-տնօրեն Լևոն Ստեփանյանը նշեց. «Գաղափարը ծագել էր դեռևս չորս ամիս առաջ, երբ ծանոթացա «Ֆոնդ-100» հիմնադրամի անդամներից մեկի հետ, իսկ այժմ արդեն մեկ ամիս է, ինչ մենք հավաքագրում ենք գրքերը և պահետավորում: Նպատակը ոչ միայն բարեգործությունն է, այլև գրքերի տարածումը. Մարդկանց տներում մահացած գրքերը վերապրում են, նորից շունչ են ստանում, ևս մեկ անգամ գոնե վերընթերցվում են»:

Մեկ ամսվա ընթացքում հավաքագրվել է 1500 գիրք: Նախաձեռնությանը միացել են գրողներ, անհատ նվիրաբերողներ և առանձին գրադարաններ: Հարյուրավոր գրքերի մեջ տեղ էին գտել և՛ դասական, և՛ ժամանակակից գրողների գրքերը՝ հիմնականում հայերեն և ռուսերեն լեզուներով:

Մասնակիցներից Քրիստինե Ասատրյանը նախաձեռնությանը միանալու իր ցանկությունը այսպես բացատրեց. «Ավելի հաճելի է ոչ պարտադրաբար տալը, քան ստիպելով ինչ-որ բաներ անելը, բացի այդ` սա նաև նպաստում է ընթերցանության զարգացմանը: Այսինքն` երկու գործ՝ հաճելին և օգտակարը միատեղվում են»: Մեկ այլ մասնակից՝ Մարի Հայրապետյանը, ընդգծեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ անհամբեր սպասում է միջոցառմանը: Նրան հատկապես դուր է գալիս միջոցառման կազմակերպման այս մոտեցումը, որի շնորհիվ երիտասարդները սկսում են սիրել կարդալը:

Ծրագիրը շարունակական կլինի, քանի որ, ըստ նախաձեռնողների, հաջողված է: Այդ մասին են վկայում վաղ առավոտից կուտակված հերթը և մարդկանց չդադարող հոսքը:

Ծրագիրն իրականացնելու համար «MY bookstore»-ին աջակցել են Հայաստանի մշակութային հիմնադրամը, «Անտարես» մեդիահոլդինգը, «Վելա» ուսումնական կենտրոնը, «Գրքամոլ» նախաձեռնությունը և մի շարք այլ կազմակեպություններ:

Նանե Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել