«Զրույց առաջին կուրսեցու հետ» շարքը պատմում է ԵՊՀ-ի նորեկ ուսանողների մասին, ներկայացնում, թե ինչպիսին էր նրանց կյանքն ու առօրյան համալսարան ընդունվելուց առաջ և ինչպիսին է հիմա։
Այս անգամ զրուցել ենք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ստեֆանի Օհանջանյանի հետ։ Նա խոսել է իր հետաքրքրությունների, մասնագիտության ընտրության, կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին և ոչ միայն։
-Ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունեիք, երբ աշակերտ էիք:
-Աշակերտական տարիներին ինձ միշտ պատկերացրել եմ իրավաբանի կամ դիվանագետի դերում, բայց միևնույն ժամանակ սրտումս թատրոնն է եղել։
-Ստեֆա՛նի, հե՞շտ եք կողմնորոշվել մասնագիտության հարցում:
–Բավական շատ էի տատանվում․ բոլոր ոլորտներում ինձ տեսնում էի, բայց ընտրեցի ամենահետաքրքիր և բազմաբովանդակ մասնագիտությունը։
– Ի՞նչ է փոխել ձեր կյանքում ուսանողական միջավայրը:
-Ընկալեցի մասնագիտությանս լրջությունը և էլ ավելի կապվեցի ընտրածս ոլորտի հետ։ Կյանքի ցանկացած շրջափուլում, ուզենք, թե չուզենք, բախվում ենք փոփոխությունների, բայց կարևոր է, որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն չունենան մեզ վրա։ Իմ դեպքում՝ փոփոխությունները դրական են։
-Մոտիվացված լինելը կարևո՞ր է։ Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Իմ կարծիքով մոտիվացված լինելը հիմք է հանդիսանում նպատակի իրականացման։ Հաջողության գրավականը մոտիվացված լինելն է։ Ինձ մոտիվացնում է կատարածս աշխատանքի արդյունքը։
-Ի՞նչ կփոխեիք համալսարանում:
-Կարծում եմ՝ մեր համալսարանում փոփոխություններ անելու կարիք չկա, քանի որ վերջիններիս առկայության դեպքում, համալսարանը ժամանակին ապահովում է դրանց իրականացումը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդներին:
-Մինչ համալսարան դիմելը համոզվա՛ծ եղեք ձեր ընտրության հարցում, սիրե՛ք ձեր մասնագիտությունը և եկե՛ք համալսարան՝ ձեր ոլորտում առաջատարը լինելու համար։
Այժմ հասկանանք՝ ինչպես են փոխվել Ստեֆանիի մոտեցումները որոշ հարցերի շուրջ:
-Ձեր կյանքի կարգախոսը, երբ աշակերտ էիք և հիմա, երբ ուսանող եք։
-Ես միշտ մեկ կարգախոս եմ ունեցել․ երբե՛ք չհանձնվել և լինել առաջինը։
-Մարդկային բնավորության ո՞ր գիծն էիք կարևորում նախկինում և հիմա:
-Միշտ կարևորել եմ ազնվությունը, գնահատելու կարողությունը և մարդու սկզբունքային լինելը։
-Ի՞նչով է զբաղվում Ստեֆանին ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակ գրքեր եմ կարդում, զբաղվում սպորտով և ֆիլմեր դիտում։
-Ո՞րոնք են Ձեր սիրելի և նախընտրելի գրքերը։
Բավական շատ են սիրելի գրքերս, և ամեն անգամ դրանց ավելանում են նորերը։ Այդ պատճառով փոխվում են նաև նախասիրություններս։
Քնարիկ Վարդանյան
1-ին կուրս