ԵԼԻ՛Ր ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅՍՕՐ

ԵԼԻ՛Ր ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅՍՕՐ

1588

Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի գրասենյակը հյուրընկալել էր Արարատի մարզի Նորամարգ և Սայաթ Նովա դպրոցների, Արմավիրի մարզի Մեծամոր և Զարթոնք համայնքների, ինչպես նաև Վանաձորի ու Երևանի մի շարք դպրոցականների:

Հանդիպման սկզբում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների զույգ դաշնագրերի մասին համառոտ» գրքույկի և «Իրավունքները քո գրպանում» թերթիկի շնորհանդեսը: Գրքույկը նվիրված էր Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների ու Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի 50 ամյակին: ՀՏՎ վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը ներկայացրեց գրքույկի բովանդակությունը, որտեղ սույն դաշնագրերը ներկայացված են համառոտ ու մատչելի լեզվով, ինչպես նաև հանգամանալից բացատրություն կա վերջիններիս մեխանիզմերի մասին: Գրքույկում նույնպես ընդգրկվել էին տարեսկզբին մարդու իրավունքների թեմայով նկարչական մրցույթի մասնակից երեխաներից 24 աշակերտների աշխատանքները, որոնք նույնպես հրավիրված էին միջոցառմանը մասնակցելու:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր Կայուն զարգացման 17 նպատակներին ու հատկապես այդ նպատակներում հաշմանդամություն ունեցող անձանց ու ներառականության հարցերին: ԿԶՆ-երը ընդունվեցին 2015 թ., ուժի մեջ մտան ս.թ. հունվարի 1-ից, և եկան շարունակելու և լրացնելու հազարամյակի զարգացման 8 նպատակների սկսած համաշխարհային գործունեությունը: Նշեմ նաև, որ Կայուն զարգացման նպատակները նախատեսված է իրագործել մինչև 2030 թ.: Ցուցադրվեցին նաև Կայուն զարգացման նպատակների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործառույթների մասին պատմող կարճամետրաժ տեսանյութեր, որոնք օգնեցին ներկաներին ավելի պատկերավոր դարձնել իրենց գիտելիքները:

Հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիայի (որի տասնամյակն է նաև այս տարի) ու ԿԶՆ-երում նրանց առնչվող խնդիրների մասին խոսեց Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, ՄԱԿ-ի նախկին կամավոր Աննան, ով առանձնացրեց այն հիմնական բացերը, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձին` իրեն լիովին ներառված զգալու կյանքի տարբեր բնագավառներում:

Աննան նշեց կրթության մատչելիության, աշխատանքի և զբաղվածության, հասարակական կյանքում ներառվածության, օրենքով հավասարոթյան խնդիրները: Իսկ վերջում ավելացրեց, որ չնայած այս բացերի` ինքը ուսումնառության ընթացքում չի զգացել ջերմության պակաս և չի նկատել որևէ խտրականություն  ուսանողների միջև, ինչի համար իրեն շատ երջանիկ է զգում:

Իսկ ներառական դպրոցի աշակերտներից մեկի` Ռոստամի պապիկը նշեց, որ ամենից կարևորն այն է, որ երեխաները, երբ հասնում են գիտակցության աստիճանի, շփվեն ֆիզիկական խնդիրներ ունեցող իրենց տարեկիցների հետ, որը դրական կազդի ոչ միայն որոշակի խնդիրներ ունեցող երեխայի վրա, այլ նաև այդ խնդիրը չունեցողի և հետագայում անգամ կարիք չի լինի հոգեբանի աշխատանքի: Նա նշեց, որ կցանկանար, որ հաշմանդամություն ունեցող անձը չամաչեր իրենից և չկարծեր, թե ինքն ինչ-որ բանով պակաս է:

Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան դիտելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքով պատրաստված աշխատանքները և ևս մեկ անգամ համոզվելու, որ հաշմանդամություն ունենալը չի նշանակում լինել անկարող:

Հանդիպման ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան դիտելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքով պատրաստված աշխատանքները և ևս մեկ անգամ համոզվելու, որ հաշմանդամություն ունենալը չի նշանակում լինել անկարող:

Իսկ հանդիպման վերջում հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող խնդիրների մասին կատարվեց քննարկում` թիմային աշխատանքի միջոցով, և աշակերտները փորձեցին առաջարկել առկա խնդիրների լուծման իրենց տարբերակները:

Հիշեցնեմ, որ 2016-ի դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, իսկ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրը, և այս հանդիպում/միջոցառումը նվիրված էր այդ զույգ օրերին:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որպես մարդու իրավունքների համընդգրկուն մաս, պետք է պաշտպանվի մեզնից յուրաքանչյուրի կողմից: Ահա այս նպատակին էին ուղղված ՄԱԿ-ի զույգ օրերի միջոցառումները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 6-ին:

 

Արուսիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել