Մինչ արշավականները զարմացած ուսումնասիրում են անհայտ մանուշակագույն ծաղիկը ու փորձում հետաքրքիր լուսանկարներ ստանալ, տիկին Աստղիկը, մի սիրուն մանուշակագույն փունջ ձեռքին, ասում է՝ иван-чай-ը, անունը иван-чай է, օգտակար դեղաբույս է: Ու առաջ անցնում՝ արդեն մաքուր, սարի ուրց քաղելու, որը հետո Տանյայի (խմբի ուղեկցորդի) հետ պիտի կիսի:
Լոռվա Արևածագ գյուղից Ձորագետի կիրճով մինչև Կուրթան քայլարշավը ֆիզիկայի ուսուցչուհի Աստղիկ Ղազարյանի 147-րդ արշավն է՝ այն էլ միայն վերջին մի քանի տարիների ընթացքում: Տանը նստել չի կարողանում, նույնիսկ կարանտինի ընթացքում փոքր խմբերով արշավներ են իրականացրել:
«Պտղնի, Առինջ, Հրազդանի ձոր ենք գնացել մի քանի հոգով: Առանց դրա չի լինի, ես հսկայական լիցքեր եմ ստանում բնությունից: Մինչև վերջին շունչս էլ քայլելու եմ, գիտեմ, ի վիճակի էլ չլինեմ՝ մի բլուր կգտնեմ ինձ համար կբարձրանամ»,- ասում է 57-ամյա արշավորդը:
Հայաստանում շատ տեղերում է եղել, բայց դեռ շատ բաներ էլ մնում են տեսնելու: Ծղուկ, Աժդահակ, Արագած, բոլորի գագաթը նվաճել է, իսկ մեծագույն երազանքը երկու տարի առաջ է իրագործել՝ Արարատն է բարձրացել:
«Նկարագրելու չէր. էդ էմոցիաները, ապրումները, ասելու բան չեն: Ընդ որում՝ շատ դժվար եմ բարձրացել, չէի քնել, երկու օր հաց չէի կերել, ձեռքերս էին սառել, վերջին ճիգերով բարձրացա: Աշակերտներիցս երկուսը հետս էին, իրար ուժ տալով, բարձրանում էինք, չեմ էլ հիշում՝ վերջին մի քանի մետրը ոնց եմ բարձրացել: Չգիտեմ էլի կբարձրանամ, թե չէ, բայց Արարատը միշտ կանչում է, հանգիստ չի տալիս»,- ասում է տիկին Աստղիկը:
Նրա խոսքով ամենաշատը փեսան է իրենով հպարտանում, ասում է՝ քանի՞ հոգի կարող է գլուխ գովել, որ իր զոքանչը Արարատն է բարձրացել:
Ի տարբերություն տիկին Աստղիկի՝ Տաթևի համար սա առաջին արշավային փորձն է, ընկերուհու հետ էր եկել:
«Ծրագրավորող եմ և ողջ ընթացքում աշխատել եմ տանից: Ամբողջ օրը համակարգչի առաջ եմ ու հիմա, ավելի քան երբեք, կանաչի, բնության ու թարմության կարիք ունեմ»,-ասում է 20-ամյա Տաթևը:
Դեպի Լոռի արշավը զբոսաշրջային ակումբի 3-րդ արշավն է կարանտինից հետո, առաջինը մայիսի 17-ին էր դեպի Քարակերտի լեռներ: Լեռնային ուղեկցորդ Տանյա Ռոստոմյանը ասում է, որ արշավորդների համար շատ դժվար է տանը փակվել, և, թեև, համեմատաբար մեծ խմբերով (20 հոգի) արշավներ նոր են սկսել կազմակերպել, բայց, մինչ այդ էլ իրենք չեն դադարել շրջագայել:
«Մենք մեր թիմով իրականացրել ենք վերելքներ, արշավներ, բացի այդ, սա նաև հարմար ժամանակ էր նոր երթուղիներ գծելու, որպեսզի հետո մարդկանց կարողանանք ուղեկցել: Եվ հետո, այս շրջանում քայլարշավները խրախուսվում են, միակ խնդիրը տրանսպորտն է, դիմակներ ենք բաժանում»,- ասում է Տանյան:
Եվ չնայած դիմակների առկայությանը, մեքենայում դրանք քչերն էին կրում:
Ուղեկցորդի խոսքով, կարանտինի ընթացքում բազմաթիվ նամակներ են ստացել արշավականերից, նույնիսկ այնպիսի մարդիկ են հետաքրքրվել, որոնցից երբեք չէին սպասի:
«Եթե նախորդ տարի այս ժամանակ միայն կիրակի օրերին էինք արշավներ կազմակերպում, ապա հիմա նաև շաբաթ օրերին, ու մտածում ենք՝ աշխատանքային օրերին էլ կազմակերպել: Սովորաբար մենք մեծ թվով զբոսաշրջիկ մասնակիցներ էինք ունենում, իսկ հիմա միայն տեղացիներն են, ինչը ևս սեփական երկիրը բացահայտելու առումով լավ է»,- ասում է Տանյան:
Ֆինանսական հոսքեր, թեև, կարանտինի ընթացքում չեն եղել, բայց քանի որ խնդիրը համընդհանուր էր, կարծում է՝ կհաղթահարեն, մանավանդ որ արշավների նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։
Ռիմա Գրիգորյան
3-րդ կուրս