ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՏՂԵՐՔԻ ԹԻԿՈՒՆՔԸ, ՈՒ՞Ր ԳՆԱՆՔ. ԱՅԳԵՊԱՐԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՏՂԵՐՔԻ ԹԻԿՈՒՆՔԸ, ՈՒ՞Ր ԳՆԱՆՔ. ԱՅԳԵՊԱՐԻ ԲՆԱԿՉՈՒՀԻ

900

«Չէինք սպասում, միանգամից սկսվեցին կրակոցները, հետո իմացանք, որ մերոնք դիրքեր են գրավել ու թշնամու դիվերսիա են հետ շպրտել»- պատմում է Այգեպար գյուղի բնակչուհի Սուսաննա Ավագյանը, որի հայրական տունը հուլիսի 14-ին՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով այրվել է:

Այգեպարի բնակչուհի Սուսաննա Ավագյանը

Սուսաննայի խոսքերով, բնակչության մեջ խուճապ չկա. «Մեր գյուղի բնակիչները երբեք չեն թողնում իրենց տները»,- ու հավելում, որ իր տղան արտակարգ իրավիճակներում է աշխատում, գյուղի տղաների մեծամասնությունը ծառայության մեջ է.

«Ես ոնց կարող եմ դուրս գալ էստեղից, կամ իմ հողն ու իմ տունը թողնեմ: Ախր ու՞ր գնամ, որ մենք թողնենք ու դուրս գանք, բա մեր երեխեքը սահմանում ի՞նչ անեն: Մենք ենք իրենց թիկունքը»:

Բնակչուհին Այգեպարը ոչ թե սահմանամերձ, այլ՝ սահմանապահ գյուղ է համարում, ուստի ասում է, իրենք ամեն կերպ պիտի կարողանան տեր լինել իրենց տներին ու ամուր մնալ:

Սուսաննա Ավագյանի մայրը՝ Լիդա Եղիազարյանը պատմում է, որ հրետակոծության ժամանակ տանը չի եղել. «Բացի տունը, փշրել են բոլոր ծառերս, բայց հետաքրքիր է, որ տան մեջ եղած բաժակներից և ոչ մեկը չի կոտրվել»:

Այգեպարի բնակչուհի Լիդա Եղազարյանը

Արկն ընկել է տան վրա, պատերը փլուզվել, իսկ տանիքն  այրվել է. «Եթե ես տանը լինեի, տեղում կմահանայի»,-արցունքների միջից ժպտալով ասում է տան միակ բնակչուհին, հետո ջրով լիքը դույլը ձեռքին՝ իր ծառի թուզն է լվանում, որ հյուրերն առանց հյուրասիրվելու չհեռանան իր տնից:

Հրետակոծությունն Այգեպար գյուղում՝ այժմ էլ շարունակվում է, բայց այգեպարցին՝ արդեն 30 տարի է գիտի, որ խաղաղության հասնում են միայն զենքի ուժով՝ տեր մնալով սեփական հող ու ջրին:

Թե ի՞նչ է կատարվել տան հետ հրետակոծությունից հետո, կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյությում:

Իննա Թումանյան

Կիսվել