Ռազմական լրագրողի մեկ օրը. Իննա Թումանյան

Ռազմական լրագրողի մեկ օրը. Իննա Թումանյան

1858

12-ը հուլիսի, 2020թվական:

Կեսօրից սկսած՝ ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածում հայ դիրքապահները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման երկու փորձ, ընթանում են մարտեր:

-Սահմանից մի բան ասա, Դա՛վ:

-Ի՞նչ ասեմ, կամերադ զարյադկի դի՛ր…

Պատասխանն ավելի քան սթափեցնող էր:  Կռիվ էր սկսվել. հուլիսյան մարտեր՝ ապրիլյան պատերազմից  չորս տարի անց, այս անգամ՝ Տավուշի մարզում:

Լրահոսը հպարտության տեղիք էր տալիս. մերոնք մեկը մյուսի հետևից խոցում էին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, իսկ այդ ընթացքում թշնամին պաշտոնապես հրապարակում էր իրենց զոհերի անուններն ու դրան զուգահեռ՝ տեղեկատվական հարթակում փորձում մոլորեցնել սեփական ժողովրդին:

Մեր ժողովուրդը կրկին բռունցք է դառնում: Զավակները սահման են պահում, հայրերը՝ ճանապարհ որոնում, որ հասնեն տղերքին.

«Պա՛պ, պիտի գյուղեր գնամ, այլ տարբերակ չկա»,- ասում եմ ու նայում հորս այլայլված դեմքին, չի ուզում գնամ, բայց թողնում է:

Առանց երկար-բարակ մտածելու՝ Դիլիջան կատարած  ընտանեկան արշավից հասնում եմ Իջևան, հարազատներիս՝ իրերով լցված կիսադատարկ պայուսակն ու քաղցրավենիքով լի տոպրակը ձեռքիս:

Տավուշի մարզպետարանում խառնաշփոթ է: ճգնաժամային տեղեկատվական կենտրոն են «հիմնում». հայ ժողովուրդը պիտի միայն ճշգրտված ու հավաստի տեղեկություններ ստանա. չի կարելի խաբել սեփական ժողովրդին:

Ժպտում եմ. «Մերոնք ուրիշ են, էլի»,-մտածում եմ ու պատրաստվում առաջին բրիֆինգին:

Հաջորդ օրը մեկնում ենք Բերդ քաղաք: Ճանապարհից առաջ զգուշացնում են.

«Ոստիկանական մեքենաներ նկատելիս կանջատե՛ք հեռախոսները, որպեսզի հակառակորդը տեղորոշման հնարավորություն չունենա: Ուշադիր կլինե՛ք ինքներդ ձեր նկատմամբ»:

Բերդում իջնում ենք մեքենաներից ու սկսում վազել տարբեր բնակիչների հետևից: Փորձում ենք նախօրեի հրետակոծության մասին լուրեր իմանալ, կարեկից լինել.

 «Որ գյուղերի ժողովուրդը չի փախել, մենք ո՞ւր փախչենք մեր քաղաքից, պիտի մնանք ու վե՛րջ»,- ասում են մեկը մյուսի հետևից ու շտապում իրենց առօրյա գործերին:

Այգեպար գյուղ մեկնելուն պես՝ նկատում ենք գնդակոծված մեքենա: Վարորդը՝ այգեպարցի Մխիթար Անտոնյանը, հրաշքով է ողջ մնացել, բայց վախ չունի, գյուղը լքելու միտք՝ առավել ևս:

Մեզ ուղեկցում են վնասված տներ: Սարսափահար պտտվում ենք, քաշում են մի կողմ ու ասում.

«Բալա ջան, անտեր թուրքը ձեզ ա նայում, պոստերի դիմաց մի կանգնեք, շարժվեք»:

«Ասեցին նկարողներ են գալու, էդ դու՞ք եք, հիմա ի՞նչ ասենք ցույց եք տալու, մեր տները նկարելու ե՞ք, եկել եք մեր կողքին լինե՞ք»,- հարցեր, հարցեր ու էլի հարցեր, իսկ պատասխան չկա, դեռ չեմ կենտրոնանում:

Որոշ ժամանակ լռում եմ, ուսումնասիրում տեղանքը, հետո միամիտ  հարցնում կողքիս կանգնած բնակիչներին. «Ո՞նց եք դիմանում»:

Ժպտում են, ասում, որ հոգնել են, այլևս անհնար է հարմարվել, բայց սահմանապահ գյուղում ապրելը խաղ ու պար չէ, պիտի մնան, պիտի պահեն հողը:

«Իմ ամուսինն ազատամարտիկ է, միակ տղայիս ուղարկեց սահման, հետ չպահեց»,– կիսաթաց աչքերով պատմում է բնակչուհին, որը մեզ իր տան՝ արկերից վնասված տանիքն էր ցույց տալիս, հետո պատմում է, որ 7 տարեկան թոռը, կրակոցների ձայները լսելով՝ սկսել է կակազել:

Հետո էլի ամուսնու սխրանքներից է պատմում, իսկ ամուսինը ծխախոտը ձեռքին, ասում է.

«Հա ի՞նչ անենք, այ կնի՛կ, բա պիտի կռվեի»:

Չեն թողնում դուրս գալ իրենց տնից.

«Խնդրում ենք, հյուրասիրվե՛ք, հետո կգնաք»:

Սառը ջուր եմ խնդրում, գրկում, համբերություն մաղթում ու դուրս գալիս տնից:

Հյուրասեր են մերոնք ու խոր ցավի մեջ անգամ հյուրին առանց պատվելու հրաժեշտ չեն տալիս: Գյուղապետարանում սեղան են գցել.

«Ինչ խնդրել եք՝ ցույց ենք տվել, հիմա պիտի ուտեք, նոր գնաք»,-ասում է բնակիչներից մեկն ու հետևում, որ անպայման սնվենք:

Դրսում 2 տարեկան Վաչեն է կանգնած, մոտենում, փորձում է տեսախցիկս քաշել, գրկում եմ, ժպտում է.

«Երեխես էսքան մարդ տեսած չկա, զարմացել է»,– ծիծաղելով ասում է պապիկը: Կոնֆետ եմ տալիս, չի վերցնում, պաղպաղակ ևս չի ուզում, տարուբերում է գլուխը.

 «Թող էլ սայլուտ չլինի, ես վախենում եմ, ես խաղալ եմ ուզում…»:

Վաչեն ձեռքով հրաժեշտ է տալիս ավտոբուսին, որը մեզ կրկին Բերդ քաղաք է տանում: Վազում նստում է պապի գրկին ու նայում:

Հետո ավտոբուսում նորից լսվում է արդեն ծանոթ դարձած ձայնը. «Անջատե՛ք հեռախոսները, ճանապարհը դիտարկվում է»:

  ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի,

   Banak.info կայքի լրագրող՝ Իննա Թումանյան

Կիսվել