ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

2290

Դեկտեմբերի 15-ին «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնում տեղի ունեցավ «Ականջդ բեր ասեմ» ծրագրի հերթական հանդիպումը։ Այս անգամ հանդիպման հյուրը դերասան, հումորի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանն էր։ Սիրված դերասանը ներկաներին պատմեց իր մասնագիտական գործունեթյան և անցած ուղու մասին։ Նա խոսեց երիտասարդ տարիքում ունեցած դժվարություններից, և թե ինչպես է այդ դժվարությունները հաղթահարել։ «Դժվարություններ բոլորի կյանքում էլ լինում են, սակայն դա է, որ ուժեղացնում է մարդուն»,- ասում է Ղազարյանը։

Ճանաչված դերասանը նաև պատմեց իր կյանքի ծիծաղելի դրվագներից մի քանիսը՝ դպրոցական, ուսանողական և ծառայողական տարիներից։ Նա նաև խոստովանեց, որ Թատերական ինստիտուտ ընդունվել է ընտանիքի անդամներից գաղտնի. «Հայրս դեմ էր, որպեսզի ընդուվեմ թատերական, ես էլ որոշեցի ոչինչ չասել։ Նա այդ մասին ընկերներիցս իմացավ»:

Աշոտ Ղազարյանը հպարտությամբ նշեց, որ իր ուսուցիչը եղել է Վարդան Աճեմյանը, որի համար անչափ ուրախ է։ Բացի այդ խոստովանեց, որ շատ բաներ սովորել է Մհեր Մկրտչյանից:

Դահլիճից հնչած այն հարցին, թե ինչով է տարբերվում 80-ական կամ 90-ականների հումորը մեր ժամանակների հումորից, դերասանն ասաց. «Ամեն սերունդ ունի տարբեր մտածելակերպ, իսկ հումորը գալիս է մտածելակերպից, և կան անցած դարի հումորներ, որ այսօր ամեն մեկը չի որ ճիշտ կընկալի»:

Աշոտ Ղազարյնը սիրում է ժպիտ պարգևել հանդիսատեսին, փոխարենը ստանալով մեծ էներգիա։ Երբ նրան առաջարկում են բացասական կերպար խաղալ, միշտ հրաժարվում է, ասելով, որ դա իրենը չէ։ Ըստ նրա, մարդը ինչ որ մի գործ է անում, պետք է սիրով անի։

Այն հարցին, թե ի՞նչ գերբնական ուժով կուզեր օժտված լինել, նա պատասխանեց. «Կուզենայի այնպիսի գերբնական ուժ ունենայի, որ վերացնեյի պատերազմները»։

Ողջ հանդիպման ընթացքում Աշոտ Ղազարյանը կատակում էր` ապահովելով բարձր  ուրախ տրամադրություն, և սիրով պատասխանում էր ներկաների հարցերին։ Իսկ վերջում ներկաներին մաղթեց երջանկություն և նպատակների իրագործում։

 

Էդգար Գուշչյան

2-րդ կուրս

Կիսվել