Գայանե Առուստամյանը նկարչուհի է: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: Արդեն տասնչորս տարի դասավանդում է Աբովյան քաղաքի Գեղարվեստի դպրոցում: Նկարչուհու հետ զրուցեցինք ինչպես իր արվեստի, այնպես էլ՝ արվեստագետ ու մանկավարժ լինելու բարդ գործի մասին:
– Գայանե, գիտեմ, որ մանկուց նկարում եք: Հիշու՞մ եք, թե երբ նկարչությունը հաճելի զբաղմունքից ձեզ համար մասնագիտության վերածվեց:
– Այո, նկարել սկսել եմ շատ վաղ տարիքից: Այն ժամանակ դեռ նոր իր հաճախում Գեղարվեստի դպրոց, որտեղ հիմա ինքս եմ դասավանդում երեխաներին: Իսկ նկարչուհի դառնալու ցանկությունը առաջացել է շատ ավելի ուշ, երբ 15-16 տարեկան էի:
– Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ավելի շատ տարվա ո՞ր եղանակին եք նկարում և ե՞րբ են ձեզ մոտ ստեղծագործական դադարներ լինում:
– Ինձ մոտ նկարելը ավելի շատ տրամադրությունից է կախված, որովհետև լինում են օրեր, երբ անպայման պիտի ինչ-որ բան նկարեմ: Իսկ եղանակներից, ամենից շատ, աշունն է ինձ «ստիպում» ստեղծագործել, որից հետո էլ, հնարավոր է, մի քանի ամիս ոչինչ չնկարեմ. այս եղանակն ինձ սպառում է, և ցանկություն եմ ունենում մի պահ կանգնելու ու շունչ քաշելու:
– Ունեք շատ բնանկարներ ու ծաղիկներ պատկերող կտավներ: Ամենից շատ բնությու՞նն եք սիրում նկարել:
– Այո, շատ եմ սիրում բնությունը: Չէ որ մեզ շրջապատող աշխարհը հիասքանչ է ու ամեն օրը՝ անկրկնելի: Ցանկանում եմ հավերժացնել այն գեղեցկությունը, որ ամեն օր տեսնում եմ:
– Հայտնի նկարիչներից ո՞վ է ամենամեծ ազդեցությունը թողել ձեզ վրա:
– Ինձ միշտ, սկսած դեռ ուսանողական տարիներից, ավելի շատ մեր հայ նկարիչներն են ոգեշնչել: Շատ եմ ուսումնասիրել նրանց աշխատանքներն ու միշտ հիացել Սուրենյանցի, Խանջյանի, Սարյանի կտավներով: Նրանց գործերում անբացատրելի մի ձգողականություն կա, որ միշտ ինձ գրավել է:
– Ինչքանո՞վ է փոխվում Գայանե նկարչուհին, երբ մտնում է դասարան և վերածվում՝ մանկավարժի:
Հետաքրքիր հարց եք տալիս (ժպտում է.-խմբ.): Երբեք չեմ մտածել այդ մասին: Սակայն, միանշանակ, փոխվում եմ: Դպրոցի պատերից դուրս, ես, իմ ներաշխարհով ապրող ու ստեղծագործող անհատ եմ, բայց երբ դասարան եմ մտնում՝ վերածվում եմ ուսուցչի, ով պետք է, միաժամանակ, և՛ սովորեցնի, և՛ անհատական վերաբերմունք ցուցաբերի ցանկացած աշակերտի նկատմամբ: Փորձում եմ տեսնել յուրաքանչյուրի մեջ թաքնված տաղանդն ու վեր հանել այն:
– Գայանե, հե՞շտ է արդյոք փոքրիկ «նկարիչների» հետ աշխատելը:
– Քանի որ դպրոց գալիս են արդեն նկարչություն սիրող երեխաները, նրանց հետ աշխատելը ինձ համար բավականին հեշտ է: Չնայած, միգուցե, սա նրանից է, որ երեխաներին շատ եմ սիրում ու ցանկանում եմ ամեն մեկին յուրովի բացահայտել:
-Եթե մի պահ պատկերացնենք, որ այլևս չեք կարող զբաղվել նկարչությամբ, ո՞րն է այն երկրորդ մասնագիտությունը, որ հետաքրքրում է ձեզ:
-Կարծում եմ՝ նկարչությունից շատ հեռու չէի գնա. երևի հագուստի մոդելավորմամբ կզբաղվեի. այս ոլորտը, նույնպես, ինձ միշտ հետաքրքրել է: Դեռ փոքր տարիքից, կարել ու ձևել շատ եմ սիրում (ժպտում է.-խմբ.): Եվ քանի որ երեխաների հետ աշխատելը ինձ մեծ հաճույք է պատճառում, չի բացառվում, որ մանկավարժությամբ զբաղվեի:
Մառա Գրիգորյան
3-րդ կուրս