Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիքը՝ դժբախտ յուրովի…
Սոցիալական վիճակ, հոգեբանական և ֆիզիկական անհամատեղելիություն, դավաճանություն. ամուսնալուծության պատճառները տարբեր են, բայց փաստն այն է, որ վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվը Հայաստանում և ամբողջ աշխարհում բարձր է:
«Ընտանիքը բավականին բարդ հոգեբանական կառույց է: Միջանձնային հարաբերություններ, դերեր, դերակատարումներ, ընտանեկան ճգնաժամ, անձի հոգեկան և տարիքային ճգնաժամ, այս ամենն էական դեր է խաղում ընտանեկան առողջ մթնոլորտի ձևավորման գործընթացում: Բաժանության պատճառները խիստ անհատական են…»,-մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Աննա Բադալյանը:
Ընտանեկան հաճախակի կոնֆլիկտների և հետո արդեն բաժանության դեպքում հոգեբանորեն ամենախոցելի խումբը երեխաներն են: Աննա Բադալյանի խոսքով՝ հոգեկան կայունության հարցում էական դեր ունի նաև նրանց տարիքային շրջանը:
Հուզական ֆոնի տատանումներ, ագրեսիվություն, ներանձնայնացում, ապաթիա… սրանք ամենահնարավոր հուզական խախտումներն են երեխայի մոտ: Հետևանքները կարող են ուղորդել նրանց ողջ կյանքում և խնդիրներ առաջացնել սեփական ընտանիքում:
«Հասուն մարդիկ ևս դժվար են տանում բաժանության փաստը: Բայց, երևի թե կյանքի ռիթմին զուգահեռ, կարողանում են որոշ չափով մեղմել հուզական անկումները»,- նշեց հոգեբանը:
Նրա կարծիքով` այսօր, կարելի է ասել, որ Հայաստանում կայացել է հոգեբանի ինստիտուտը և հոգեբանին ապավինելը: Համեմատելով անցած տարիների հետ` հոգեբանի օգնությանը դիմում են ավելի հաճախ: Սա հետագա կյանքի ընթացքը կառուցելու, անձնական որակներն ու տեսակը պահպանելու դրական լուծումներից մեկն է:
Ինչպես նշում են սոցիոլոգները՝ Հայաստանում ամուսնալուծությունների հիմնական պատճառներն են՝ ամուսնու դավաճանությունը, ծնողների միջամտությունը, ընտանեկան բռնությունները, երեխա ունենալու կարողության բացակայությունը, սոցիալական ծանր պայմանները, անհաջող ամուսնությունը:
Ըստ 2016թ. հունվար-հունիս ժամանակաշրջանի վիճակագրական տվյալների` ՀՀ-ում ամուսնալուծությունների թվով առաջին տեղում Երևանն է՝686 դեպք, այնուհետև Գեղարքունիքի մարզը՝ 304 դեպք:
Սակայն, կան նաև լավ լուրեր. անցած երկու տարիներին համեմատ ամուսնալուծության դեպքերը նվազել են: 2015թ. արձանագրվել է 3699 դեպք, իսկ 2014թ.` 4996 դեպք:
«Չնայած բոլոր դժվարություններին և կյանքի տարաբնույթ հարվածներին, հայկական ընտանիքի տեսակը պահպանվում է՝ պահելով ազգային առանձնահատկությունները և ընդունելով նոր, բայց դրական փոփոխությունները»,-նշեց Աննա Բադալյանը:
Հարցման արդյունքներն ապացուցում են, որ հասարակության վերաբերմունքը նույնպես փոխվում է: Եթե նախկինում փորձում էին ամեն կերպ պահել ընտանիքը երեխաների համար, հիմա մեծամասնությունը կարծում է, որ ապահարզանը ավելի նախընտրելի է, քան ապրելը այն մարդու հետ, ում չես սիրում, չես հասկանում. էլ ավելի վատ է, երբ փորձում են ընտանիքը պահել՝ պատճառաբանելով երեխաներին, բայց արդյունքում երեխաները մեծանում են անառողջ ու լարված մթնոլորտում:
Իզաբել Սահակյան
2-րդ կուրս