Դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Հանրային կապերը հոգևոր-մշակութային ոլորտում» թեմայով ուսանողական գիտաժողով:
«Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում երկրորդ կուրսի մագիստրանտները, որպես ամփոփում կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի, ուսումնասիրել էին մշակութային մի շարք կառույցների PR գործունեությունը, բացթողումները և այլն: Նպատակն էր՝ պարզել, թե ինչ գործիքներով են աշխատում կառույցները այս կամ այն աշխատանքն իրականացնելիս:
Ուսումնասիրությունների առանցքում PR ծրագրերն ու նախագծերն էին, դրանց մարտահրավերներն ու հաճախ հանդիպող խնդիրները:
Շուրջ չորս ամսվա ընթացքում հանրային կապերի ապագա մասնագետները «Հանրային կապերը հոգևոր և կրթամշակութային ոլորտներում» առարկայի շրջանակում ուսումնասիրել են մշակութային ոլորտի առանձնահատկությունները, այցելել համապատասխան կառույցներ, հանդիպել պատասխանատուների հետ և պարզել, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվում՝ հանրությանը տեղեկացնելով կառույցի և առաջիկա ծրագրերի մասին:
Ծրագրի մտահղացման հեղինակը՝ դասախոս, բան. գիտ. թեկնածու, դոցենտ, Վահագն Զաքարյանն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ուսումնասիրությունները օգտակար կլինեն այդ, ինչպես նաև հանրապետության այլ մշակութային կառույցների գործունեության համար. «Ուսանողական գիտաժողովը հաջողված էր, քանի որ մեր ուսանողներն իրենց հետազոտությունները կատարել էին՝ օգտագործելով ձեռք բերված մասնագիտական հմտությունները: Ներկայացվել էին բավականին լուրջ ուսումնասիրություններ, որոնցից շատերը հետագայում կարող են դառնալ առավել խորքային գիտական ուսումնասիրության նյութ: Ողջունելի էր մագիստրոսների մասնակցությունն այս նախաձեռնությանը, որը հետագայում կդարձնենք շարունակական»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն ու հայ մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը կարևորեցին մագիստրոսների կատարած ուսումնասիրությունները ընտրված ոլորտներում, ինչպես նաև այսօրինակ նախաձեռնությունների շարունակականությունը ֆակուլտետում: Որոշվեց գարնանը կազմակերպել կլոր սեղան-քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում կներկայացվեն գիտաժողովում բարձրացված հարցերը:
Մասնակիցները հանդես էին եկել նաև առաջարկներով, որոնք հիմնականում միտված էին մշակութային կառույցների PR գործունեության արդյունավետության բարձրացմանը: Հանրային կապերի ապագա մասնագետները դրանք սիրով կտրամադրեն կառույցներին: Այդ առաջարկները ոչ միայն իրականանալի են, այլև կօգնեն մի շարք միջոցառումներ իրականացնելու դեպքում հաջողություններ արձանագրել:
Տեղեկացնենք նաև, որ լավագույն զեկուցումները տեղադրվելու են www.journalist.am կայքում:
Հովհաննես Վարդանյան