Հեծանվորդի համար, հեծանվորդի կողքին

Հեծանվորդի համար, հեծանվորդի կողքին

2047

«Դաբլթրի բայ Հիլթըն» հյուրանոցում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի (ՍՀՀԶՖ) 2-րդ համաժողովը՝ նվիրված ֆեդերացիայի հիմնադրման 4-ամյակին:

Համաժողովին հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության ու այլ պետական մարմինների համապատասխան աշխատակիցներ, ինչպես նաև հեծանվորդ-ակտիվիստներ։

Օրակարգում ընդգրկված էին հեծանվային մշակույթի զարգացմանն ուղղված մի շարք հիմնահարցեր, որոնցից մեկը ավտոբուսների վրա հեծանվային կախիչների  ավելացման անհրաժեշտության հարցն էր։

«Հաշվի առնելով Երևանի ռելիեֆի բազմազանությունը՝ մայրաքաղաքի ավտոբուսների վրա հեծանվային կախիչների տեղադրման անհրաժեշտություն է նկատվում։ Դրա միջոցով կհեշտացվի հեծանվորդի տեղաշարժը դեպի բարձրադիր բնակավայրեր։ Կախիչներից օգտվելը դժվարություն չի առաջացնի. ուղևորն ինքնուրույն կարող է տեղավորել կամ իջեցնել իր հեծանիվը»,- նշեց ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը՝ ավելացնելով, որ հեծանվային կախիչների արժեքն այնքան էլ թանկ չէ. այն տատանվում է 100-150 հազ. դրամի սահմաններում։

Ֆեդերացիան նախաձեռնել է ստեղծել համագործակցության դաշտ ապահովագրական ընկերությունների հետ։ «Հեծանվային մշակույթի տարածման ու զարգացման համար կարևոր է ապահովվածության գիտակցություն ձևավորել հեծանվորդների մոտ։ Համագործակցելով ապահովագրական ընկերությունների հետ՝ կարելի է ստեղծել մատչելի փաթեթներ՝ հեծանվավարման ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած հեծանվորդների համապատասխան բուժօգնության ծախսերը հոգալու համար»,- ասաց Արման Անտոնյանը։

Ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ նախատեսվող ապահովագրությունը կգործի միայն այն դեպքում, երբ վթարի ենթարկվածը սաղավարտ է կրել հեծանիվը վարելիս։ Այս մոդելը գործում է նաև եվրոպական մի շարք ապահովագրական ընկերություններում։

Համաժողովի ընթացքում ֆեդերացիան հանդես եկավ դպրոցներում և բուհերում հեծանվավարության այլընտրանքային դասաժամերի կազմակերպման նախաձեռնությամբ։ Արման Անտոնյանն իր խոսքում նշեց, որ հեծանվավարության վարժանքները նպատակահարմար է իրականացնել ֆակուլտատիվ դասաժամերի ձևաչափով։ Ծրագիրը նախապես կհամաձայնեցվի ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ։

«Երևանում ծրագրի հաջող մեկնարկը հիմք կհանդիսանա, որ այս գործընթացը տարածում գտնի նաև Հայաստանի մարզերի կրթօջախներում»,- հավելեց ֆեդերացիայի նախագահը։

ՍՀՀԶՖ-ն նախաձեռնել է Հայաստանում ստեղծել «Հեծանվի հանրային թանգարան», որի հավաքածուն բաղկացած է լինելու անհատական նմուշներից։ Թանգարանում առանձնահատուկ տեղ են գրավելու հայտնի մարդկանց հեծանիվները։ «Որոշ ժամանակ անց թանգարանը կդառնա զբոսաշրջիկների այցի հետաքրքիր և յուրահատուկ մի վայր, որտեղ ամփոփված կլինի նաև հեծանվի ամբողջական պատմությունը»,-իր խոսքը եզրափակեց ֆեդերացիայի նախագահը։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Մեթոդական ձեռնարկ հեծանվորդի համար» տեղեկագրքի շնորհանդեսը, որը կազմել է ՍՀՀԶՖ-ն՝ հիմք ընդունելով 2005 թվականի հուլիսի 8-ին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։

Համաժողովի ավարտին ֆեդերացիայի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին հեծանվային մշակույթի զարգացման գործում ավանդ ունեցողներին:

 

Տաթև Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել