Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է Կառավարության նիստում ընդունված՝ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ կառավարությունը համավարակի կառավարման պլան է մշակել և պատրաստվում է մի շարք փոփոխություններ կատարել:
Մոտակա օրերին կլինեն հետևյալ մեղմացումները.
•Թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային միջոցառումների կազմակերպումը պարետի կողմից սահմանված կանոների պահպանմամբ։
•Ժամանցային բնույթի միջոցառումների մասով հստակեցվել և այս դրույթի կարգավորման շրջանակից դուրս են բերվել տնտեսական գործունեություն համարվող թատերահամերգային և այլ մշակութային միջոցառումները , որոնց մասով կարգավորումներն ու կանոնները սահմանվելու են պարետի որոշումներով, որոնք որ տեղի կունենան գալիք օրերին։
•Բացօթյա վայրերում, հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, կթույլատրվի երգիչների և երաժիշտների գործունեությունը:
•Հանվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը, բայց ցամաքային սահմանով սահմանափակումը շարունակում է գործել։
•Օտարերկրյա քաղաքացիների համար ժամանակավորապես հանվել է սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, և նրանք Հայաստան կարող են ժամանել միայն արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկենրում տրված վիզայի կամ էլեկտրոնային մուտքի վիզայի հիման վրա։
•Անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվելու է, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակների կրման կանոնը:
•Վերանայվելու է բացօթյա որոշ տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում կամ անտառում:
Տիգրան Ավինյանը ասաց, որ առաջիկա օրերին մանրամասն ուղեցույցներ կհրապարակվեն դրանց վերաբացման դեպքում գործող կանոնների մասով: Իսկ թատերահամերգային ու մշակութային մյուս միջոցառումներն այս փուլում կթույլատրվեն միայն բացօթյա: