Հայաստանի Ազգային պատկերասրահը հայտնում է, որ հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Ցուցահանդեսը կարելի է այցելել օգոստոսի 25-ից 30-ը՝ ժամը 11.00-ից 20.30:
Ցուցահանդեսի տոմսերը կարելի է ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից: Մեծահասակների համար տոմսի արժեքն է 3 000 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող դպրոցականների համար՝ 500 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների և թոշակառուների համար՝ 1000 դրամ:
Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են: Հավաքածուում մեծամասնություն են կազմում Դալիի աշխատանքները, իսկ Պիկասոն ներկայանում է 30 կերամիկական աշխատանքներով ու «Երևակայական դիմանկարներ» ամբողջական շարքով (29 աշխատանք):
Ցուցահանդեսում ներկայացված են Սալվադոր Դալիի մի քանի ամբողջական շարքեր, որոնցից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «Մարդկային ջունգլի», «Դիցաբանություն», «Ապոլիների մերկերը», «Մարդկային արատներ» շարքերը: