ՎԱԽ ՉԻ ԵՂԵԼ

ՎԱԽ ՉԻ ԵՂԵԼ

2705

2016 թ. ապրիլյան դեպքերը անհնար է մոռանալ:  Ժամանակը չի սպիացրել վերքերը: Կռվող զինվորին այդ օրերի հիշողությունները կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

Իմ զրուցակիցը պատերազմի մասնակից Մկրտիչ Նազարյանն է, ով եղել է շտաբի պետի ջոկի հրամանատար  և ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

-Կպատմե՞ք պրիլյան պատերազմից. ինչպիսի՞ն էր այն ձեր աչքերով:

-Դեպքեր ու հուշեր շատ կան, ամեն վայրկյանը դրոշմված է մտքումս: Չգիտեմ` որի մասին խոսել:

Այդ օրերին զգացմունքները տեղի տալի՞ս էին:

-Իմ կարծիքով, այդ օրերին բոլորս կորցրել էինք զգալու ունակությունը և մտածում էինք միայն մի բանի մասին` չպարտվել:

-Իսկ ի՞նչ կասեք թշնամու մարտական ոգու,նրա տրամադրվածության մասին:

-Թշնամին վախկոտ էր: Երբ տեսնում էր մեր կողմից չնչին գործողություններ, փախչում էր կամ թաքնվում:

-Ինչպե՞ս հաղթահարեցիք Ձեր ներքին վախը:

-Վախ չի էլ եղել: Ինձ ուժ էր տալիս իմ մարտական տրամադրվածությունը, և հետո այն միտքը, որ հարազատներս ապահով պետք է լինեն:

Ասում են բանակային ընկերներն ուրիշ են, իսկ կռվի ժամանակ նրանք դառնում են մի մարմին

-Կռվի ժամանակ բոլորը համախմբված են ու մտածում են մեկը մյուսին պաշտպանելու և հաղթանակի մասին:

Վերջում Մկրտիչը մեր զինվորներին հորդորեց լինել զգոն ու ոչնչից չվախենալ` հավելելով, որ հարկ եղած դեպքում ինքն էլ պատրաստ է աջակցել:

Խոսեցինք նաև Մկրտիչի հոր հետ, ով մի քանի դրվագ պատմեց այդ օրերից:

-Կռվի մասին լուրը ապրիլի 2-ին հայտնել են զանգով: Անհանգստացա, զանգեցի  որդուս, բայց նա չպատասխանեց: Որոշ ժամանակ անց ինքը զանգեց և հանգիստ ձայնով ասաց. «Պապ ջան, ամեն ինչ կարգին է, տղերքի հետ նստած եմ»: Երեկոյան նորից փորձեցի կապ հաստատել, բայց զանգերին ոչ ոք չպատասխանեց: Չգիտեի ինչ անել, բայց մոտավորապես 10 րոպե անց զանգ եկավ, վերցրեցի, տղաս էր: Ասաց, որ սահմանին չեն, ամեն ինչ նորմալ է, ու լսվեց հրետանու պայթյունի ձայնը: Մկրտիչը հեռախոսը անջատեց: Աննկարագրելի լարված ժամեր ենք անցկացրել, մինչև կարողացել ենք նորից խոսել նրա հետ: Ես որդուս միշտ հորդորել եմ չվախենալ,  ինքը մենակ չէ: Մեր սահմանին կանգնած զինվորներին մաղթում եմ քաջ առողջություն և անփորձանք վերադարձ. տանը նրանց անհամբեր սպասողներ կան:

 

Տաթև Սարգսյան

1-ին կուրս

Կիսվել