Երեկ Բեյրութ է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով օդանավակայանից անմիջապես ուղևորվել է արաբական երգի աստղ Ֆեյրուզի բնակարան: Այդ մասին հայտնում են Ելիսեյան պալատի աղբյուրները:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և երգչուհի Ֆեյրուզի հանդիպումը խորհրդանշանական է, այն իմաստով, որ երգչուհին համարվում է Լիբանանում ապրող բոլոր համայնքների միասնության խորհրդանիշը: Նրանք քննարկելու են Լիբանանում ստեղծված ծանր կացությունը:
84-ամյա երգչուհին բնակվում է Լիբանանի Ռաբիա շրջանում: Ավելի վաղ «Արեւելքի» հետ հարցազրույցում հայ խմբավար Կարեն Դուրգարյանը, որ համագործակցել է Ֆեյրուզի հետ, գնահատելով Ֆեյրուզի արվեստը, ասել էր. «Ֆեյրուզը սիրո, աղոթքի երգիչ է: Նա իր ողջ արվեստով եղել է խաղաղության առաջամարտիկ»:
Ֆեյրուզը համարվում է լիբանանյան ժողովրդական երգի ամենանշանավոր անունը: Երգչուհին ծնվել է Լիբանանում, ուղղափառ ասորի ընտանիքում, ունեցել է աղքատ մանկություն, փոքր տարիքից երազել է երգչուհի դառնալու մասին: Երիտասարդ տարիքում Ֆեյրուզին նկատել են արաբական արվեստում մեծ անուն ունեցող Ռահբանի եղբայրները: Ֆեյրուզը սկսել է համագործակցել նրանց հետ, այնուհետև ամուսնացել է եղբայրներից մեկի` նշանավոր երգահան Ասի Ռահբանիի հետ: Ֆեյրուզը և Ռահբանի ընտանիքը կապեր են ունեցել հայ արվեստագետների հետ` նրանց տան մշտական հյուրերն են եղել Արամ Խաչատրյանը, Ալեքս Մնակյանը, սփյուռքահայ բազմաթիվ արվեստագետներ:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը օգոստոսի 4-ի պայթումից հետո երկրորդ անգամ է ժամանում Լիբանան: Ըստ դիտարկումների, Ֆրանսիան կարևոր դեր է ստանձնում Լիբանանը ճգնաժամից դուրս բերելու գործում: