ԵՐԵՎԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ…

ԵՐԵՎԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ…

1676

Հայկական հեռուստատեսությամբ առաջինը հեռուստադիտողին ողջունել է Նարա Շլեպչյանը: Կինոյով, թատրոնով ու երաժշտությամբ տարված Շլեպչյանն ընտրել է հեռուստատեսությունը, կամ հեռուստատեսությունն է ընտրել հաղորդավարուհուն: Մոսկվայից ժամանած պատվիրակությունը հարյուրավորներից նկատեց և նախապատվությունը տվեց հենց նրան:

«Ռուսերեն բարևեցի և կարդացի Չուկովսկու գործերից»,- հիշում է:  Մոսկովյան խմբի գլխավոր օպերատորը մոտենում է աղջկան ու իր ասելիքի կարևոր մասը ձևակերպում հայերեն. «Ցավդ տանեմ, поздравляю»: Ընտրությունը կատարված էր, մնում էր համոզել Շլեպչյանի հորը: Խստապահանջ Սուրեն Շլեպչյանը համաձայնում է պայմանով, որ դուստրը կլինի եթերում այնքան ժամանակ, մինչև փոխարինող կգտնեն. անցավ 60 տարի,այդպես էլ չգտնվեց փոխարինողը…

-Ժողովուրդը հավանաբար սիրեց, իսկ ես էլ փորձեցի ինձ այնպես պահել եթերում, որ չկորցնեմ այդ սերը… (Ժպտում է):

Որոշ ժամանակ անց Շլեպչյանի հմայքն ու տաղանդը հասնում է Չեխոսլովակիա: Պարի պետական անսամբլի հետ մեկնել էին հյուրախաղերի: Հաղորդավարուհին խնդիր ուներ չեխերեն ներկայացնելու պարի խմբերին, պատմելու դրանց մասին: «Ես ունեի երկու օր ժամանակ: Մի կին ինձ օգնեց թարգմանության հարցում և այդ օրը բեմում ես չեխերեն խոսեցի հայ և չեխ ժողովուրդների բարեկամության մասին»:

60 տարիների ամենագեղեցիկ ձեռքբերումներից Ն. Շլեպչյանն առանձնացնում է իր հանդիպումները ճանաչված մարդկանց հետ` Վիկտոր Համբարձումյան, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան… Հավատարիմ հաղորդավարուհին մայր հեռուստատեսությանը մաղթում է հետաքրքիր և երկար ստեղծագործական ընթացք:

 

Լիլիթ Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել