Սլավա Սարգսյան
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր «ֆուտբոլային կարիերան», որ հետո պետք է տաներ դեպի հեռուստատեսություն:
-Բոլոր երեխաների պես շատ եմ սիրել ֆուտբոլը: Ապրում էի Թիֆլիսում, իսկ այնտեղ Երևանի «Արարատը» շատ երկրպագուներ ուներ, և մենք ընկերներով որոշեցինք գնալ «Արարատի» խաղը դիտելու: Խաղի ժամանակ մեկնաբանների մրցույթ էր անցկացվում, և ընկերներս հրելով ինձ մոտեցրին այդ խցիկին: Վարեցի ամբողջ երկրորդ խաղակեսը: Երբ վերջացավ խաղը, դուռը բացեցին ասելով` մրցույթն ավարտված է, մենք մեր մեկնաբանին գտել ենք: Ինձ փորձեցին ֆուտբոլային ռեպորտաժի ասպարեզում, հետո մեկնաբանի աշխատանքին զուգահեռ սկսեցի նաև ֆուտբոլի դպրոցում աշխատել որպես մարզիչ:
-Դժվար չէ՞ր Թիֆլիսում ծնված պատանու համար խոսել, վարել հայերեն, ինչպե՞ս հաղթահարեցիք խոչընդոտները:
-Հաճախել եմ հայկական դպրոց` չնայած ամենասկզբում ինձ մոտ նկատվում էր Վրաստանի հայի ակցենտը: Կարճ ժամանակ անց այդ ակցենտը մաքրվեց:
-Հիշու՞մ եք Ձեր առաջին եթերը: Ի՞նչ ապրումեր ունեիք:
-Շատ տպավորված էի: Մոտ երկու տարի ռադիոռեպորտաժներ էի վարում, հետո էլ հեռուստատեսության համար էի ձայնագրվում, և այդ վերջին փորձի ժամանակ, երբ «Արարատը» խաղում էր Բաքվի թիմի դեմ, մալուխային գծերը խառնվել էին այն խցիկում, որտեղ որ պետք է ձայնագրություն գնար: Տասը րոպե վարելուց հետո ինձ մոտեցավ խմբագիրը և զգուշացրեց`ուղիղ եթերում եմ:
-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալից մինչև «Սպորտ» ստուդիայի գլխավոր խմբագիր. Այս աշխատանքների և զբաղեցրած պաշտոնների մեջ ո՞րն է եղել ամենասիրելին, հոգեհարազատը:
-Քանի որ զուգահեռ աշխատել եմ և՛ հեռուստատեսությունում, և՛ ֆուտբոլում, բոլորն էլ ինձ համար հոգեհարազատ են եղել: Անկախությունից հետո, երբ դարձա Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, շատ ծանր աշխատանք էր, քանզի պահանջում էր նվիրվածություն և աշխատասիրություն: Եվ դրա շնորհիվ էր, որ ձեռնամուխ եղանք ստեղծելու կանոնադրություն և մտնելու «UEFA-ի» և «FIFA-ի» կազմի մեջ, և մեզ դա հաջողվեց:
-Այս տարիների գործունեությունից որևէ հետաքրքիր դեպք կառանձնացնե՞ք:
-Մի անգամ, երբ Իսպանիայի առաջնություն էինք հեռարձակում, խաղի ժամանակ Կարեն Գիլոյանի հետ միասին մեկնաբանելիս լամպերից մեկը հանկարծ այրվեց ստուդիայում: Սարսափելի ձայն լսվեց, իսկ պայթյունից հետո լամպի մի կտորն ընկավ ձեռքիս և սկսեց այրվել: Երկուսս էլ վախեցել էինք, բայց ես արագ դուրս վազեցի կրակը մարելու: Զարմանալին այն էր, որ հետո մեր տեխնիկներն ու ռեժիսորն ասացին, որ հեռուստադիտողներն այդ ամենը չեն նկատել, իսկ կոստյումը մինչև հիմա պահում եմ:
-Ձեր խորհուրդն այն երիտասարդներին, ովքեր որոշել են ընտրել այս ոլորտը:
-Երիտասարդներին խորհուրդ կտայի առաջին հաջողությունից հետո չմեծամտանալ, որովհետև դա կլինի կործանման սկիզբը: Եթերը կարող է քեզ բարձրացնել և հետո վերևից ներքև նետել ու տապալել: Եվ եթե ուզում ես հաջողության հասնել, պետք է ունենաս մեծ աշ խատասիրություն և նվիրված լինես այն աշխատանքին, որն անում ես:
Ջեմմա Հովսեփյան
5-րդ կուրս