ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

2740

Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության կողմից 2011 թվականին իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59.6%ը իրենց կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ բռնության է ենթարկվել: Ընտանեկան բռնության մասին զրուցել ենք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ:

Ի՞նչ է բռնությունը, ո՞ր հարաբերություններում այն կարող է դրսևորվել:

-Բռնությունը բացասական գորողություն է, որը մի անձը կատարում է մեկ այլ անձի կամ մի խումբ մարդիկ մի խումբ մարդկանց նկատմամբ: Մենք կարող ենք խոսել տարբեր տեսակի բռնությունների մասին, օրինակ՝ միայն  կին-ամուսին հարաբերություններում բռնության մասին կամ ընտանիքում բռնության մասին, որը ընդգրկում է երեխաներին, ծնողներին և այլն: Այն, ի տարբերություն կոնֆլիկտի, չի կարող հանդես գալ իբրև դրական իրողություն: Այն միշտ բացասական է, քանի որ այստեղ ոտնահարվում է մարդը և իր իրավունքները: Մենք առանձնացնում ենք բռնության չորս տեսակ ՝ սեռական, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական:

Տիկի՛ն Ծատուրյան, ընտանեկան բռնությունների թիվն ավելացե՞լ է, թե՞ սկսել են ավելի շատ բարձրաձայնել դրա մասին:

-Ժամանակներն այնպիսն են, որ զանգվածային լրատվամիջոցները, հասարակական խմբերը շատ բաների մասին շատ ավելի ազատ կարող են  խոսել: Եվ այս ազատությունը կարծես թե ավելի տեսանելի է դարձնում այն, ինչը տեսանելի չէր: Դրա հետ մեկտեղ՝ սոցիալական հարցերը գլուխ բարձրացրին: Եթե մենք ասում ենք ՝ ընտանեկան բնության պատճառներից մեկը սոցիալական վատ վիճակն է, ապա այս համատեքստում կարող ենք  նշել, որ բռնությունների թիվը աճել է: Չկա կոնկրետ վիճակագրություն, ուստի այս հարցին կարող ենք պատասխանել միայն ենթադրաբար:

Ո՞րն է հոգեբանական բռնությունը: Շատերը կարծես սա որպես բռնություն չեն ընկալում:

-Մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր տեսակի բռնությունների հիմքը հոգեբանականն է: Վերցնենք դասական օրինակ հայկական ընտանիքներից: Եթե ամուսինը բավարար գումար չի վաստակում, ապա կինը նախատում է ասելով, թե ինչու են իրենք այդքան վատ ֆինանսական դրության մեջ, ինչքան կարող է դա շարունակվել և այլն: Սրա պատճառով արդեն տղամարդը ֆիզիկական ուժ է գործադրում կնոջ նկատմամբ: Եվ ստացվում է բռնությունների փոխադարձ շղթա:

Վերջին շրջանում շատ է խոսվում  կանանց կողմից տղամարդկանց հանդեպ բռնությունների մասին: Սա առհասարակ նո՞ր իրողություն է:

-Այո, դա ընդհանրապես նոր թեմա է: Կար ժամանակ, երբ կնոջ դերը սահմանափակ էր, նրա տեղը կարծես անկյունում էր: Հիմա, երբ կանայք ստացել են հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ, սկսել են պատասխանել, արտահայտվել: Կանանց կողմից տղամարդկանց նկատմամբ բռնություն ավելի շատ հոգեբանական է: Ինչ վերաբերում է ֆիզիկական բռնությանը, ապա այն շատ քիչ տոկոս է կազմում: Իհարկե, բանտերում կան կանայք, որոնք սպանել են իրենց ամուսիններին: Սա շատ հետաքրքիր թեմա է, բոլորը ցանկանում են խոսել սրա մասին, բայց դա լուրջ չէ  /հեղ. տոկոսային առումով/ :

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծնողների միջև բռնության պարագայում երեխաների 50-70%-ի նկատմամբ նույնպես բռնություն է կիրառվում: Տանը բռնությանը ականտես լինելու պատճառով երեխաները ունենում են վարքային ու զարգացման խանգարումներ: Բացի այդ, որոշ երեխաներ (մանավանդ տղաները) մեծանալով կրկնօրինակում են իրենց տեսած բռնարար վարքը:

-Երեխաների հանդեպ դաստիարակության կոշտ մեթոդները մի՞շտ է, որ հետք են թողնում նրա հետագա վարքի վրա:

Սա շատ  բարդ հարց է: Խնդիրն այստեղ ընկալման մեջ է: Շատ հաճախ երեխայի համար կարևոր չէ ՝ նրան ծեծեցին , թե՝ ոչ: Երեխան պետք է գիտակցի, որ ինքը սիրված է: Ճիշտ հակառակ պատկերն էլ կարող է լինել: Երբ երեխան մեծանա, նա կարող է նույնը անել իր ընտանիքում ավելի վատ ձևով:

Տիկի՛ն Ծատուրյան, արդարացնո՞ւմ եք այն ձևակերպումը, թե «եթե սիրում է, ուրեմն ծեծում է»:

-Ինչպե՞ս կարող ես ծեծել մեկին, ում սիրում ես: Կամ, երբ ասում են ՝ եթե խանդում է, ուրեմն սիրում է: Դա նույնպես սեր չէ: Խանդն էլ է բռնություն տեսակ: Հոգեբանները համարում են, որ եթե կա բռնություն, սիրո մասին խոսք լինել չի կարող: Այստեղ կարող ենք խոսել իշխանատենչության, ինքնահաստատվելու, կիրթ չլինելու մասին, բայց ոչ սիրո:

2010 թ. Արաբական Էմիրությունների  Գերագույն Դատարանը որոշեց, որ ամուսինը իրավունք ունի իր կնոջը և երեխաներին ֆիզիկական ուժով պատժելու, եթե պատժի հետևանքում տեսանելի վնասվածքներ չեն մնում:

Հայաստանում  ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն քրեականացված չէ, սակայն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մերժվել էր Կառավարության կողմից 2013-ի հունվարին:

 

Սլավա Բադալյան

2-րդ կուրս

Կիսվել