«ՀԱՅԿԱՇԽԱՐՀ» ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«ՀԱՅԿԱՇԽԱՐՀ» ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2601

Փետրվարի 21-ին Մայրենիի օրվա առթիվ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի (armlands.com) շնորհանդեսը և «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփումը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Իմ քաղցր լեզու» շարադրությունների մրցույթը կազմակերպվել էր Սփյուռքի մոտ 100 հայկական դպրոցներում եւ արդյունքում շուրջ 1000-ի հասնող շարադրություններ են ստացել:

«Մայրենի լեզուն մեր գոյության, հայապահպանության գլխավոր կռվանն է. իր բոլոր դրսևորումներում հայերենը մշակույթի մեծագույն արժեք է: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ տոնվում է մայրենիի տոնը, իսկ մեր երկիրը, առավել գնահատելով լեզվի դերն ու նշանակությունը, պետական տոնացույցում լավագույն ձևով տեղ է հատկացրել այդ տոնին», միջոցառմանը նշեց տիկին նախարարը:

Նույն միջոցառման շրջանակներում մայրենիի պահպանման և զարգացման գործում մեծ ներդրման համար ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրվեց ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Սեդա Թորոսյանը, Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը, Միջազգային կրթական խորհրդի նախագահ Հայկուհի Գևորգյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ղեկավար Արտակ Հերիքյանը, բ.գ.դ. պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյան, բ.գ.դ. պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բ.գ.թ. դոցենտ Աշոտ Տեր-Մինասյան, Իրաքահայերի միության նախագահ Վարանդ Պետրոսյանը:

Միջոցառման ընթացքում նաեւ ներկայացվեց «Հայկաշխարհ» անունով առաջին արևմտահայերեն մանկապատանեկան կայքը, որն առայժմ առցանց հասանելի չէ, սակայն հեղինակները խոստացան, որ առաջիկա 7 ամիսների ընթացքում աշխատելու են դրա բովանդակությունն ապահովելու ուղղությամբ, իսկ սեպտեմբերի 21-ից այն հասանելի կլինի Armlands.com հասցեյով։

Կայքը բաղկացած կլինի փոքրիկների անկյուն, մանկապատանեկան, ժամանցային, նորություններ, շտեմարան, ինչպես նաև «խօսակցիլ» (chat) և հայերենի ուսուցման բաժիններից: Նախաձեռնությունն իրականացվել է «Եռագույն» կայքի համահիմնադիր Նայրի Մկրտիչյանի կողմից՝ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ: Կայքը 9-ամյա հայրենադարձ Արեգիի մտաղհացումն է. «Ես մայրիկիս անընդհատ հարցնում էի, թե ինչու չկա մի կայք, որտեղ կարող են այցելել մանուկներն ու պատանիները, զբաղվեն, գտնեն այն ամենն ինչ իրենց հետաքրքրում է, շփվեն միմյանց հետ: Եվ հենց այդ հարցերից էլ ծնվեց կայք ստեղծելու ցանկությունը»:

Արեգին կրում է Հայկ նահապետի դստեր անունը, այդ իսկ պատճառով էլ կայքը կոչել է Հայկաշխարհ:

Սփյուռքի նախարարն ասաց, որ այս միջոցառումից զատ շաբաթվա ընթացքում եղել են նաեւ այլ միջոցառումներ նվիրված Մայրենի լեզվին։ Մասնավորապես կատարվել է այցելություն դեպի Մեսրոպ Մաշտոցի գերեզման, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարարության կողմից բացվել է ցուցահանդես, որտեղ հայ տպագրիչները, հրատարակիչները, գրողները ներկայացրել են այն գրքերը, որոնք նախատեսված են երիտասարդների համար։ Բացի այդ կազմակերպվել են նաեւ հայկական դասագրքերի լեզվական խնդիրների վերաբերյալ քննարկումներ՝ դասախոսների, գիտնականների, լեզվաբանների մասնակցությամբ:

Միջոցառման ավարտին մայրենիին նվիրված երգով հանդես եկան Եվրոպական դպրոցի 4-րդ դասարանի հայրենադարձ մանուկները:

 

Լիանա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել