Ռ. ԿԼԱՅԴԵՐՄԱՆ. «ԳՆԱՑԻ ԴԵՊԻ ԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԻՆՁ ԴՈՒՐ ԷՐ ԳԱԼԻՍ»

Ռ. ԿԼԱՅԴԵՐՄԱՆ. «ԳՆԱՑԻ ԴԵՊԻ ԱՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՆ ԻՆՁ ԴՈՒՐ ԷՐ ԳԱԼԻՍ»

1664

Արդեն երկրորդ անգամ Երևանում է ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը: Մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կլայդերմանը խոսեց կայանալիք համերգի մասին` հույս հայտնելով, որ այն բոլորին դուր կգա: Նա նշեց, որ հանդես է գալու նոր ստեղծագործություններով, և ծրագիրը լիովին տարբերվելու է նախորդից: Դաշնակահարը խոստացավ հաջորդ անգամ ծրագրում ներառել նաև հայկական ստեղծագործություններ:

Խոսելով իր կարիերայի մասին`Կլայդերմանը նշեց. «Ես սկսել եմ դասական երաժշտությամբ, բայց հետագայում սկսեցի նվագել տարբեր պարային խմբերի համար: Անցումս դեպի պոպուլյար երաժշտություն շատ բնական կերպով է արվել: Գուցե չէի տեսնում, որ կարող եմ դասական դաշնակահարի կարիերա ունենալ ու գնացի դեպի այն երաժշտությունը, որն ինձ դուր էր գալիս: Կարծում եմ՝ ճիշտ քայլ եմ արել, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ կարողացել եմ աշխարհով պտտվել և գալ, հանդիպել նաև Ձեզ»:

Փոլյուդ Սենեվիլի գրած «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը Կլայդերմանին հանրահայտ դարձրեց ողջ աշխարհում, այն վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով: Լրագրողի հարցին, թե ո՞վ է Ադելինը, նա պատասխանեց, որ այս ստեղծագործությունը կոմպոզիտորը գրել է իր աղջկա՝ Ադելինի մասին, որը հիմա արդեն ունի իր երեխաները:

«Իմ երջանկությունն այն սերն է, որ ես տածում եմ երաժշտության, դաշնամուրի նկատմամբ: Դա է ինձ արդեն 38 տարի պահում այս գործում»,- ասաց նա:

Երաժիշտը նշեց, որ շրջագայությունների ժամանակ հաճախ է հանդիպում երաժշտական հետաքրքրություն ունեցող տաղանդավոր երեխաների:  Լավ երաժիշտներ կան Ասիայում, ովքեր կարող են վաղվա անունները դառնալ:

Իսկ, առհասարակ, ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել կա՛մ դաշնամուրի մոտ, կա՛մ սպորտային դահլիճում: Այլ երկրներում գտնվելիս էլ հնարավորության դեպքում փորձում է հետաքրքիր վայրեր այցելել:

Ասուլիսի ավարտին դաշնակահարը նվագեց լրագրողների համար: Հարցին, թե հաճա՞խ է այդպես վարվում, Կլայդերմանը պատասխանեց. «Ոչ, երբեք, երբեք դա չեմ անում»:

Ռ.  Կլայդերմանը միավորել է դասական և փոփ երաժշտությունը, ձայնագրել ավելի քան 1300 մեղեդի: Նրա անունը գրանցվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում՝ որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»: Կլայդերմանի համերգը տեղի ունենացավ մարտի 18-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Նանե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել