ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ՝ «ARMENIAN BRANDS»-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ՝ «ARMENIAN BRANDS»-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

3834

«Տաշիր» առևտրի կենտրոնում մեկ տարի առաջ բացված «Armenian Brands» խանութ-սրահին հաջողվել է համախմբել տեղական արտադրողներին՝ ընձեռելով ինքնարտահայտման բացառիկ հնարավորություն: Հայ դիզայներներին հատկացված հատվածում 20 տեղական արտադրող ներկայացրել է իր արտադրանքը՝ աքսեսուարներից մինչև օրգանական կոսմետիկա:

Կանանց տոնի միամսյակի առթիվ «Armenian Brands» տաղավարում մինչև ապրիլի 7-ը կգործի ցուցահանդես-վաճառք: Մեկնարկը տրվեց մարտի 19-ին նկարչուհիներ Աննա Հարությունյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքների ցուցադրությամբ: «Armenian Brands» հարթակում ներկայացված 62 բրենդների նպատակն ընդհանուր է՝ ակներև դարձնել կնոջ առանցքային դերը: Դրանց շարքում են՝ «Biayni By Vahan Khachatryan», «Անահիտ Սիմոնյան», «Mavita», «Amore», «Sali» բրենդները: Հայկական տարազի մոտիվներով ստեղծված հագուստն ու ձեռագործ իրերը ներկայացրել էր «Տերյան» մշակութային կենտրոնի «Տարազ Բրենդ»-ը: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի խոսքով՝ իրենք հայաստանյան շուկայում մրցակիցներ չունեն, քանի որ կիրառում են ոչ թե տարազի ոճավորում, այլ հենց տարազը՝ որպես ազգային հագուստ. «Armenian Brands հարթակում այսօր՝ կանանց միամսյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում բացել ենք «Տերյան» մշակութային կենտրոնի «PhotoLab» ատելյեն, որտեղ կարող են մարդիկ գալ և՛ տարազով լուսանկարվել, և՛ տեսնել մեր վերջին հավաքածուն՝ կազմված թագավորական հագուստից: Մենք ներկայացնում ենք ոչ թե ֆոտոարվեստ, այլ հագուստ՝ վերականգնելով բազմաթիվ հայկական տարազախմբեր»: Խնամքի օրգանիկ միջոցներ արտադրող «Բնատուր» ընկերությունն էլ իր արտադրանքն է ներկայացրել: Արդեն երկամյա պատմություն ունի: Իրենց արտադրանքը դեռ չի արտահանվել: «Մենք հիմնականում համագործակցում ենք յուղեր արտադրողների հետ՝ մեր տաղավարում ցուցադրելով նաև նրանց արտադրանքը»,-նշեց «Բնատուր»-ի տնօրեն Հռիփսիմե Բարսեղյանը:

Ավանդականի և արդիականի բախումը նույնպես առկա էր ներկայացված արտադրանքներում: Վինտաժային ոճի հետաքրքիր լուծումներով առանձնանում էր ժողովրդական վարպետ Կարինե Սահակյանի հավաքածուն: Ավանդական թաղիքից պատրաստված պայուսակները, բաճկոնները և աքսեսուարները նախկինում հիմնականում ներկայացվել են Վրաստանում:

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել