ԵԶԱԿԻՆ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

ԵԶԱԿԻՆ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

1789

Մենք՝ հայերս, փնտրում ենք տարբեր առիթներ հպարտանալու համար, որ աշխարհում միակն ենք այդպիսին: Գուցե ոչ աշխարհում, բայց գոնե Եվրոպայի մասշտաբով Փայտարվեստի պետական թանգարանը միակն է իր տեսակի մեջ և գտնվում է Երևանում:

Թանգարանը հիմնադրվել է 1977թ. փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, նկարիչներ Գրիգոր Խանջյանի և Հովհաննես Շարամբերյանի աջակցությամբ: Ստեղծագործությունների հավաքագրումից, պահպանումից,ցուցադրելուց բացի թանգարանի խնդիրներից է` նպաստել ազգային փայտարվեստի ավանդույթների վերականգնմանը և շարունակմանը: Թանգարանը միևնույն ժամանակ յուրօրինակ դպրոց է, որտեղ մասնագիտական կրթություն են ստացել ցուցադրվող հեղինակներից շատերը: Այն զգալի ներդրում ունի ազգային մշակույթի տարածման խնդրի լուծման մեջ ՀՀ մարզերում և Արցախում, որոնք իրականացվել են տարբեր միջոցառումների, դասախոսությունների, ցուցահանդեսների, կրթական ծրագրերի միջոցով:

Այստեղ ներկայացված ամենահին իրը մ.թ.ա. 2-րդ հազարամյակից է հասել մեզ: Ժամանակակից վարպետները, հենվելով հայկական արվեստի հազարամյա ավանդույթների վրա, կյանքի են կոչում պատմության գիրկն անցած առարկաները: Այդ է պատճառը, որ մնացած իրերը մեծ մասամբ պատկանում են 18-19-րդ դարերին: Եղել են հին ու բարի ժամանակներ, երբ թանգարանը գործել է անվճար: Թեպետ աշխատակիցները չեն դժգոհում այցելուների քանակից, այնուամենայնիվ հասկանում են, որ տոմսի թեկուզ սիմվոլիկ արժեքը կարող է խոչընդոտ հանդիսանալ այցելել ցանկացողների համար:

Փայտարվեստի պետական թանգարանն այժմ ունի վերանորոգման խնդիր: Այն չի ջեռուցվում, ինչը պակաս վտանգավոր չէ փայտանյութի համար: Գուցե սա է խնդիրը, որ ներկայացված քանդակներից Թերեզա Միրզոյանի <«Հայաստանի» ոտքին ճաք է հայտնվել, թեև այդ ճաքն ավելի է մոտեցնում արվեստն իրականությանը՝ ներկայացնելով Հայաստանի ներկայիս վիճակը:

Ինչպես հավաստիացրին թանգարանի աշխատակիցները, թանգարնը չի սկսվում մի իրով, այն ամբողջություն է: Սակայն ամեն մի իր ունի իր ուրույն տեղն ու պատմությունը: Աշխատակիցներն այնուամենայնիվ կարողացան առանձնացնել մի իր: Մի գաթանախշիչ՝ մի ճակատագիր: Այն ստեղծվել է 19-րդ դարում Կեսարիայում: 1915 թ. կոտորածի ժամանակ այն որպես մասունք տեղ գտավ գաղթող հայի կապոցում և տարագրվեց, որպեսզի տարիներ անց, կրկին կտրելով օվկիանոսը, հեռավորր Կանադայից վերադառնա հայրենի երկիր: Իսպենչյան գերդաստանի ժառանգորդուհուց նվիրատվություն ստացած գաթանախշիչը թանգարանում դասվեց եզակի ցուցանմուշների շարքում, բայց առանձնացավ իր կենսագրությամբ: Հենց ակունքի,արմատի,սկզբի որոնումն է, որ կամուրջ է դառնում այսօրվա և անցյալի միջև:

 

Մարիամ Բաբայան

4-րդ կուրս

Կիսվել