ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ. ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ. ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

1573

Մովսես գյուղի լքված բնակավայրերը, Իջևանի մոռացված հատվածները, Գյումրու ըմբշամարտի մարզադպրոցն ու երկրաշարժից հետո անփոփոխ քաղաքը… Այս ամենը և Հայաստանի մարզերի մի շարք այլ խնդիրների մասին պատմող լուսանկարներ են ցուցադրված «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում՝ «spotlight.am քաղաքացիական ֆոտոլրագրության անկախ հարթակ»-ի ֆոտոցուցահանդեսի շրջանակներում:

«Երևանի մասին մենք գիտենք շատ և շատ բան, իսկ մարզերի մասին հիմնականում ոչինչ հայտնի չէ, բացի արտակարգ իրավիճակներից կամ դեպքերից»,- մեզ հետ զրույցում նշեց Pan Media ընկերության մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Գայանե Իգիթյանը:

Մարզային իրադարձությունների լուսաբանման խնդրի լուծման համար Pan-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստեղծեց «spotlight.am» հարթակը, որը հնարավորություն է տալիս բոլոր մարզերի բնակիչներին գրանցվել և իրենց մարզերում, համայնքներում կատարվող միջոցառումների, խնդիրների մասին տեղեկատվությունը հրապարակել կայքում՝ նկարների և փոքրիկ պատմությունների տեսքով:

Նախագիծը մեկնարկել էր Տավուշի ու Շիրակի մարզերից՝ դեռ փետրվարին:
«Հավաքեցինք բոլոր ցանկացողներին, ակտիվ մարդկանց, ովքեր հետաքրքրված էին և, գուցե, անտարբեր չէին իրենց համայնքների նկատմամբ, և անցկացրինք դասընթացների շարք, թե ինչ է ֆոտոքաղաքացիական լրագրությունը, ինչպես են կազմում ֆոտոպատմությունները, ինչպես փոքր սմարթֆոններով նկարել»,- նշեց Գայանե Իգիթյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են գործարկումից ի վեր լավագույն 10 ֆոտոպատմությունները` պատրաստված Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում: Հիմնական մասնակիցները 18-ից բարձր տարիքի են:
«Մենք պետք է ավելի լավ ճանաչենք մարզերը և իրենք էլ հավատան, որ ինչ-որ բան կփոխվի, եթե բարձրաձայնեն իրենց խնդիրները»,- նշեց Գայանե Իգիթյանը:
Հավելենք նաև, որ ցուցահանդեսը բացվել է մարտի 25-ին և կտևի երեք օր:

Իզաբել Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել