Յուրաքանչյուրս կռվում է յուրովի

Յուրաքանչյուրս կռվում է յուրովի

660

Ռազմական դրություն հայտարարելուց հետո բոլորը փորձում են օգնություն ցուցաբերել զինվորներին։ Մեր այցելած կարի արտադրամասը շատ շուտ գտավ օգնության իր տարբերակը. արդեն քանի օր է անկողին են կարում:

Ըստ արտադրամասի տնօրեն Աննա Դարբինյանի՝ աշխատում են  հոսպիտալներին ու Արցախից ժամանած ընտանիքներին սպիտակեղեն ու անկողնային հնարավոր բոլոր պարագաները ապահովել:

«Հիմա անկողնային պարագաների, քնապարկերի մեծ կարիք կա, իսկ մենք, լինելով հենց նման պարագաների արտադրամաս, փորձում ենք օգնել հնարավորինով»:

Տնօրենը հավելեց, որ աշխատողները հիմա աշխատում են մինչև ուշ երեկո։

«Մենք աշխատում ենք արտաժամ, արտահերթ և ոչ մի դրամ ավելի վճարվող գումարի դիմաց։ Մեզ ապահովում են միայն հումքով, իսկ մնացած բոլոր ծախսերը հոգում ենք ինքներս։ Այդ թվում նաև վարձատրում ենք մեր աշխատողներին, որոնք աաշխատում են առանց հանգստի, իրենց աշխատանքային ժամից էլ երկար։ Ընդհուպ մինչև երեկոյան 21:00-22:00»։

Դերձակներից Գայանե Ասատրյանը` լսելով, որ արտադրամասը նման օգնություն է ցուցաբերում, միացել է աշխատողներին։
«Յուրաքանչյուրս կռվում է յուրովի։ Մենք էլ այսպես՝ կարում ենք ու կարում, որքան շատ, այդքան հանգիստ է մեր հոգին ու սիրտը։ Գիտենք, որ մի մարդու ավելի կօգնենք»:

Մարիամ Բարսեղյան

3-րդ կուրս

Կիսվել