2016 -ին հայրենիքին իր կյանքը տված Գևորգի հայրն էլ այժմ կամավորագրվել է...

2016 -ին հայրենիքին իր կյանքը տված Գևորգի հայրն էլ այժմ կամավորագրվել է հանուն հայրենիքի

1566

Ապրիլյան պատերազմով անցած Գևորգ Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 2-ին Արցախի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել մարտական դիրքերում վիրավոր ընկերոջն օգնելիս:

Գևորգը՝ հայրիկի հետ

Նա ընտանիքի միակ երեխան էր, ու իր զոհվելուց 1 տարի անց Հարությունյանների ընտանիքում փոքրիկ Գևորգ էր ծնվել։

Փոքրիկ Գևորգը՝ հայրիկի հետ

«Երբ այս պատերազմը սկսվեց, հոկտեմբերի 1-ին որոշեցի գնալ Եռաբլուր, զրուցել որդուս հետ։ Ասելու, որ տղերքը իր գործը այս անգամ ավարտին են հասցնելու։ Բայց հասնելով Եռաբլուր՝ քարացա։ Այդ ինչքա՜ն տղաներ էին բերում Գևիս մոտ։ Դժվարությամբ մոտեցանք տղայիս ու խնկարկելիս հիշեցինք իր խոսքերը. «Կիսատ գործեր ունեմ, պետք է վերջացնեմ, որ նորակոչիկները ապահով ու խաղաղ գան ծառայության»»,-Գևորգի հայրը քթի տակ կրկնել է այդ խոսքերը, նայել այն տղաներին, որոնց նոր էին բերել Եռաբլուր, ու ասել . «Տղե՛րք գնում ենք ձեր գործը շարունակելու»:

Գևորգի հայրն ու եղբայրը՝ Եռաբլուրում

Տուն վերադառնալով՝ նա ասել է կնոջը. «Պատրաստի՛ր իրերս, առաջնագիծ եմ գնում»։
Գևորգի հորը՝ Արթուր Հարությունյանին, միացան նաև որդու ընկերները, հավաքեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ է զինվորին՝ սնունդ, դեղեր և անվադողեր։

Երբ հասան զինվորների հավաքակայան, այնտեղ հանդիպեցին որդու ծառայակից ընկերներին, նրանք նույնպես եկել էին կամավորագրվելու։ Եվ Ավտոբուսը շարժվեց Արցախ։

Գևորգի մայրն ու եղբայրը՝ Եռաբլուրում

«Եթե իմ փոքրիկը հիմա մենակ չլիներ, հավատացեք, ես էլ կգնայի։ Կգնայի տղաների կողքին լինելու, իրենց ծնողի ուշադրություն էլ է պետք այնտեղ՝առաջնագծում»,- ասում է հերոսի մայրը՝ Անահիտ Վանյանը:

Գևորգը՝ մայրիկի հետ

Նա նաև նշում է. «Մենք չենք կոտրվել, մենք ուժեղ ենք։ Ու հերոսներն այն գինն են վճարել, որ տղերքն այսօր հաղթում են։ Միայն թե հաղթանակի հետ այլևս զոհեր չլինեն։ Երբ Եռաբլուրում զինվորականները նվագեցին, փոքրիկ Գևորգս սկսեց ուժեղ ծափահարել՝ պատգամելով. «Տղե՛րք դուք չեք զոհվել, դուք հաղթել եք»:

Փոքրիկ Գևորգը՝ Եռաբլուրում

Հեղինակ՝ Անի Ավետիսյան

Կիսվել