«Առաջին ֆակտորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ»․օրեր առաջ ԼՂՀ նախագահի հենց այս խոսքերով ողողվեց ամբողջ համացանցը։ Սկսած անհիշելի ժամանակներից ռազմիկներն ու հրամանատարները վստահորեն պնդել են, որ գիտելիքի շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքի ու շնորհակալություն են հայտնել ուսուցիչներին՝ ամուր թիկունքի համար։ Այսօր էլ, Հայաստանը զարգացնում է կարգապահությունն ու կրթվածության մակարդակը, բայց ռումբերի պայթյունի ուղեկցությամբ այդքան էլ հեշտ չէ սերտել մաթեմատիկական թեորեմներն ու անկանոն բայերը։
Այս օրերին, դպրոցներում դասի մեկնարկը տրվում է, ոչ թե զանգի ղողանջներով, այլ Տերունական աղոթքով։ «Ամեն դասից առաջ մենք աղոթում ենք սահմանին կանգնած տղանեիր ու Հայաստանի խաղաղության համար։ Ճիշտ է, պատերազմը չի խանգարում դասապրոցեսին, բայց բոլորս էլ տխուր ենք ու չենք կարողանում կենտրոնանալ։ Դասերն այս օրերին տարբերվում են․շատ ենք խոսում քաջության մասին, սկսել ենք գրել հայրենիքի, հայրենասիրության ու խաղաղության մասին։ Այն ինչ կարդում էինք գրքրում, այսօր կարող ենք տեսել։ Պարզվում է՝ հերոսներ իրոք կան»,-մեզ հետ զրույցում պատմեց 6-րդ դասարանի աշակերտուհի Հրաչուհի Կարախանյանը։
Իսկ ուսուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի դասը անցնի առավել հանգիստ ու խաղաղ մթնորոլրտում, բայց ցանկալի արդյունքի լիակատար հասնել չի ստացվում։ Արմինե Հովսեփյանը, ով դասավանդում է տարրական դասարաններում, պատմում է , որ դասապրոցեսը հաճախ է ընդհատվում հայրենիքի, կռվի, պատերազմի ու մահվան մասին հարցերով։ «Երեխաները գտնվում են անվերջանալի վախի մթնոլորտում, ամեն պահ, մտածում են, որ իրենց հայրիկներին տանելու են կռիվ ու նրանց այլևս չեն տեսնելու։ Սակայն հայրենասիրությունն ու մարտական ոգին մեր մանույկների մեջ ծվնված օրից էլ կա։ Մենք էլ ամեն անգամ փորձում ենք հիշեցնել մեր հերոսների՝ Սասունցի Դավթի, Մհերի սխրանքների մասին ու հավատացնում ենք, որ տղաները հաղթանակած են ետ գալու»:
Իսկ Ամերիկյան համալսարանում կարելի է բախվել իրավիճակի ընկալման տարբեր բևեռների, որովհետև այստեղ բախվում են մտածելակերպն ու գենետիկ հիշողությունը։ Նույն համալսարանի ուսանողուհի Աիդա Պողոսյանը նշեց, որ հակամարտության մասին պատկերացումները շատ տարբեր են։ «Եթե հայ դասախոսների համար այս իրադարձությունները ողբերգական են ու ցավալի, ապա ամերիկացի դասախոսների համար միևնույն է, թե ինչի միջով ենք անցնում այս մի քանի օրվա ընթացում։ Շատ այլազգի դասախոսներ ունենք, որոնց չի հետաքրքրում ստեղծված իրավիճակը։ Իսկ ոմանք էլ հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, տրամադրում են կոնտակտներ խոսելու ու թեթևանալու համար։ Համալսարանի ռեկտորը, ով հայ չէ, մերժել է ուսանողների խնդրանքն ու արգելել է աջակցություն ցուցաբերել հայերին։ Դասախոսների վերաբերմունքը տարբեր է, բայց, միևնույն է , ուսանողները հաճախ դասի ժամին օգնություն էին հասցնում Արցախից եկած մարդկանց»։
Իսկ ԵՊՀ-ի ուսանողությունը փորձում է դասերը համատեղել օգնություն ցուցաբերելու հետ։ «Պատերազական շրջանում բավականին բարդ է կենտրոնանալ դասերի վրա, այն էլ հեռավար: Երբ գիտակցում ես, որ սահմանին կյանքի ու մահվան կռիվ են տալիս քո ընկերները, հարզատները, դու սկսում միայն այդ ամենի մասին մտածել և մոռանալ դասերը։ Պատերազմի օրերին լսել դասախոսություն ինչ-որ ստեղծագործության մասին հնարավոր չէ, որովհետև ամեն վայրկյան սպասում ես լավ լուրի։ Ես գիտակցում եմ, որ սովորել պետք է, ու, որ մեր օրերում գիտելիքը ևս հաղթանակի մի մասն է, և այսօր թշնամուն հենց այդպես էլ կհաղթենք,»-խոսքը եզրափակեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնան։
Աննա Ասմանգուլյան
3-րդ կուրս