Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահը, խոսելով ստեղծված իրավիճակից, ասաց.
«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին եւ աշխարհի բոլոր երկրներին»։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ են աշխատում, այլ միասին իրականացնում են կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։ «Կարևորում եմ վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ ենք։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։ Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը»,-ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ երբ դիմենք միջազգային կառույցներին՝ Արցախի ճանաչման հարցով, կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին։
«Այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։ Նրանց պետք է ցուցակագրել, եւ այդ երկրների ժողովուրդներն էլ պետք է գիտակցնեն իրենց իշխանությունների վարքագիծը, եւ այդ բոլոր իշխանությունները պիտի պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,-նշեց Արայիկ Հարությունյանը։
Նա նաև ասաց, որ խոնարհվում է առաջնագծում գտնվող հայրենակիցների առաջ։
«Ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ»,-եզրափակեց նա։
տուն Հոդված Առաջին հերթին դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին...